Իր աշխատասենյակը խուզարկելու վերաբերյալ Դավիթ Գրիգորյանն այսօր կանչվել է ԲԴԽ

Իր աշխատասենյակը խուզարկելու վերաբերյալ Դավիթ Գրիգորյանն այսօր կանչվել է ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այսօր հանդիպելու են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ գիտնական-անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

Հիշեցնենք՝ օրերս Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել դատավորի աշխատասենյակում, առգրավել համակարգիչ, ապա կնիքել աշխատասենյակի դուռը։

«Իր հետ այսօր անպայման հանդիպելու ենք։ Բացատրություն Դավիթ Գրիգորյանից չենք պահանջելու, հակառակը՝ կխոսենք, հասկանանք, տեսնենք՝ այս գործողությունները, որպես դատավոր, որքանով են ազդել նրա անկախությանը, անաչառությանը։ Մենք ենք այսօր զանգել նրան՝ հանդիպելու։ Մինչեւ իր հետ չխոսենք, ինչպե՞ս կարող ենք կարծիք ասել»։

Հարցին, թե նախապես չպե՞տք է Գրիգորյանին խուզարկության մասին տեղյակ պահեին, Բեքմեզյանը պատասխանեց․ «Եթե իր մասնակցությամբ է տեղի ունենում, այդ դեպքում մի օր առաջ պետք է տեղյակ պահեն։ Մեզ որ տեղյակ են պահել, դատավորի մասնակցության մասին ոչինչ չի ասվել»։

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը քննել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը։ Նրա որոշմամբ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ։ Այնուհետեւ Գրիգորյանի որոշման դեմ քաղաքացիական անհնազանդություն տեղի ունեցավ, այդ որոշումից հետո էլ շրջափակվեցին դատարանների ելքերն ու մուտքերը։

ԲԴԽ-ն եւ ՀՔԾ-ն բացառում են, որ այս խուզարկությունը կապ ունի Քոչարյանի գործի հետ։