Մայրապետյանը գրավով ազատվելուց հետո հիվանդանոցից տուն չի գալիս

Մայրապետյանը գրավով ազատվելուց հետո հիվանդանոցից տուն չի գալիս

Դեկտեմբերի 27-ին 30 միլիոն դրամ գրավով կալանքից ազատ արձակվելուց հետո Սամվել Մայրապետյանը գնացել է ուղիղ հիվանդանոց, որտեղ էլ գտնվում առ այսօր և Նոր տարին էլ անցկացրել է այնտեղ։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։ Հարցին, թե նրա առողջական վիճակում կա՞ բացասական դինամիկա, Մայրապետյանի պաշտպանն ասաց․ «Բժիշկները խորհուրդ են տալիս, որ մեկնի իր արտասահմանյան բժշկի մոտ, որը որ իր կյանքը մեկ անգամ փրկել է»։ Թե որ հիվանդանոցում է գտնվում Սամվել Մայրապետյանը, նրա փաստաբանը, ինչ-ինչ նկատառումներով չի հայտնում։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նախաքննական մարմինը Մայրապետյանին վերադարձրել է անձնագիրը, սակայն, նրան չի թույլատրվում հեռանալ Հայաստանից, մինչդեռ, Մայրապետյանի հարազատները, փաստաբանները պնդում են, որ նրան անհրաժեշտ է մեկնել Գերմանիա՝ այնտեղ բուժումը շարունակելու։ Մայրապետյանի փաստաբանական խումբը դիմել էր ՄԻԵԴ, որտեղից էլ, հիշեցնենք, այս տարվա հունվարի 4-ին Սամվել Մայրապետյանի անձնագրի հարցով ՀՀ կառավարությանն առաջադրել են հետեւյալ հարցերը․ արդյոք ՀՀ իշխանությունները վերցրե՞լ են դիմումատուի անձնագիրը: Եթե այո, ապա որո՞նք են դրա իրավական եւ փաստական հիմքերը , հաշվի առնելով նրա առողջական վիճակը՝ արդյոք հնարավո՞ր է կազմակերպել վերջինիս բուժումը Հայաստանում:

ՀՀ կառավարությունից պահանջվել է մինչեւ սույն թվականի հունվարի 11-ը տեղեկություններ ներկայացնել առաջադրված հարցերի շուրջ: Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձեւավորելու եւ սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար: Եթե կառավարությունը թույլ չտա սրանից հետո էլ, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Մայրապետյանի փաստաբանական խումբը։ Կարեն Բատիկյանի խոսքով՝ «հլը թող տան կամ ոչ, հետո կորոշենք»։ Այնուամենայնիվ, չտալու պարագայում, փաստաբանը կարող է ՀՀ գլխավոր դատախազին բողոք ներկայացնելը, ապա՝ բոլոր ընթացակարգերգերով գնալ մինչև դատարան։