Ծառուկյանի փեսան հեռացավ դահլիճից.ԱԺ-ում կրքեր բորբոքվեցին

Ծառուկյանի փեսան հեռացավ դահլիճից.ԱԺ-ում կրքեր բորբոքվեցին

Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների հարցի քննարկման ժամանակ այսօր Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Նա սկսեց Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից եւ հատկապես նշանառության տակ պահեց Հայաստանի դեսպանների աշխատանքը, մասնավորապես, անդրադառնալով Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի պաշտոնավարմանը:

Բաբաջանյանը նշեց, որ Մանուկյանը սպասարկել է ռուսական շահը, համագործակցել քրեածին տարրերի հետ, նրա օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները: Մանուկյանին պաշտպանելու համար ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, որը 3 տարի եղել է Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը: Աբովյանը կոպիտ ասած հաշիվ էր պահանջում Բաբաջանյանից կիսառուսերեն-կիսահայերեն բառապաշարով՝ պնդելով նաեւ, որ Բաբաջանյանի մեղադրանքներն ադրբեջանական քարոզչության թեզեր են:

Նա թվարկեց Մանուկյանի աշխատանքները, հասցրեց նրան նահատակել, ասելով, որ մարդը իր կյանքը զոհաբերել է հանուն հայրենիքի, նշեց, որ Մանուկյանի աշխատանքի արդյունքն է այն, որ ուկրաինական հեղափոխության ժամանակ հայ համայնքը միակն էր, որ զանգվածային զոհեր չի տվել: Մանուկյանը Բաբաջանյանին հարց ուղղեց, թե ինչու է զրպարտում Անդրանիկ Մանուկյանին, սակայն տեղից ռեպլիկներ հնչեցին նախ ԲՀԿ, ապա ԼՀԿ օթյակներից: Բանավեճը թեժացավ, դրան միացան ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և ԲՀԿ պատգամավորներ Հրանտ Մադաթյանը: Կրքերը հանգստացնելու համար ստիպված էին միջամտել գործընկերները, ավելի վաղ Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Ծառուկյանի փեսան ռեպլիկ թողնելով հեռացավ դահլիճից: