Քաղաքական բազմադիմությունը՝ հայկական ֆենոմե՞ն

Քաղաքական բազմադիմությունը՝ հայկական ֆենոմե՞ն

Ռուսաստանում, ավտոկայարաններից մեկում մի հայ մարդու հանդիպեցի, որը «կորցրել» էր իր փողերը եւ տուն հասնելու համար մի քիչ փող էր խնդրում զեմլյակներից։ Ամոթ զգացի՝ չիմանալով, որ դա նրա մշտական աշխատանքն է։ Ռուսաստանում երբեք չէի տեսել, որ հայը փող մուրա։ Պատրաստակամություն հայտնեցի նրան տոմս առնել ու գրպանի փող տալ՝ տուն գնալու համար։ Տխրեց։ Չգիտես որտեղից, այդ պահին գտավ խղճի ու մարդկայնության նշույլ իր մեջ` հրաժարվեց իմ օգնությունն ընդունելուց եւ ի պատասխան զարմանքիս՝ Կրեմլի եւ Սպիտակ տան աշտարակներում աշխատող պահակների մասին չլսված մի անեկդոտ պատմեց.  Սպիտակ տան պահակը պետք է իմաց տար Կոնգրեսին, երբ սատանան գար, որի համար ստանում էր 5 հազար դոլար աշխատավարձ։

Իսկ Կրեմլի պահակը, ստանալով 90 ռուբլի աշխատավարձ, պետք է ազդարարեր կոմունիզմի գալուստը, եթե, իհարկե, այն գար։ Այդ պահակները, հանդիպելով հանգստյան տանը, պատմում են իրենց չարքաշ աշխատանքի մասին։ Ամերիկացին, խղճալով Կրեմլում 90 ռուբլու համար տանջվող իր գործընկերոջը, առաջարկում է իր մոտ  «սմենչիկ»  աշխատել՝ 5 հազար դոլար աշխատավարձի դիմաց։ Վերջինս հրաժարվում է՝ ասելով, որ իր աշխատանքն ավելի եկամտաբեր է, քանզի այն մշտական է։

Այո, քաղաքական բազմադիմությունը մշտական եկամտաբեր աշխատանք է, որի համար ոչ միայն սկբունքայնություն, խիղճ ու ինքնասիրություն, նույնիսկ բանականություն չի պահանջվում։ Քաղաքականությունը նախ գիտություն է, որով զբաղվողները պետք է հիշեն մաշտոցյան այն թեզը, որ Աստված է գիտության լույսը։ Ժողովուրդ, մեզ բռնությամբ էին պարտադրված վերջին 20 տարիներին ՀՀ-ում իշխանավարող կուսակցությունները, որոնց մենք իշխանությունից վտարեցինք։ Բա մեր երկրում հիմա ի՞նչ են անում մշտական եկամուտ հետապնդող բազմադեմ քաղաքական գործիչները, ինչո՞ւ ենք նրանց մշտական լսարանը դարձել։ Հայաստանին քիչ էր միջազգային համբավ ունեցող մարմնավաճառական ինդուստրիան, հիմա էլ հոգեվաճառությա՞մբ պետք է զբաղվենք։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ մեր երկրում կազմակերպել անարյուն իշխանափոխություն ու ՀՀ-ն ազատել կործանումից։ Այսպիսի բան չէր կարող երազել աշխարհում ոչ մի քաղաքական գործիչ։

Նրան ու նրա թիմին մենք երեկ մեզ իշխանություն ընտրեցինք։ Պարույր Հայրիկյանը,  վիրավորանքներ հնչեցնելով Փաշինյանի հասցեին, «պայթեցրել» է սոցցանցերն ու մեդիահարթակները։ Ահա քաղաքական բազմադիմության վառ օրինակ, որը հայհոյելով Փաշինյանին՝ օրը ցերեկով մեր ժողովրդին է հայհոյում, իսկ մենք հանգիստ լսում ենք։ 
Ո՞վ է Պարույր Հայրիկյան քաղաքական գործիչը, ի՞նչ է նա արել Հայաստանի համար՝ որպես քաղաքական գործիչ, որ հիմա էլ նրա մուննաթի տակից չենք կարողանում դուրս գալ։ Հայաստանում իշխանության եկած ու չեկած շատ կուսակցություններ իրենց «քաղաքական» կարիերան սկսել են Արցախյան ազատամարտի օրերից՝ պաշտպանական գործողություններում ջոկատներ գործի դնելով։ Բայց դա չի նշանակում, որ այսօր մեր հասարակությունն ու քաղաքական դաշտը պետք է ճռռան նրանց մուննաթ-զուննաթից։ Իսկ երբ նրանք ինչ-որ քաղաքական պաշտոններ են ստանձնել, բացի դավաճանությունից ու թալանից, ոչնչով չեն զբաղվել։ ՀՀ-ում մարդու իրավունքներն ամենաշատը ճնշված են եղել այն տարիներին, երբ  մարդու իրավունքների պաշտպանը Պարույր Հայրիկյանն էր։

Բա ինչքան քաղաքական բազմանիստ գոհարներ ունենք Ազգային կոնգրեսում։ Քամին  մարագին ասում է՝ դուռդ բացի, որ դարման բերեմ։ Գագիկ Ջհանգիրյանը, որ ժամանակին Ռոբերտի ու Սերժի ոտքերը լվանում, ջուրը խմում էր, որի  ջանքերով Հոկտեմբերի 27-ի հեղինակները չբացահայտվեցին, որն այսօր դիրքավորվել է այդ քաղաքական կառույցում, պետք է մեր նոր իշխանություններին օգնի Հայաստանի դեմ ծառացած խնդիրները «լուծելու», քանզի դրանցում հայտնված քաղաքական ջահելները կեղծելու եւ թալանելու փորձ չունեն։ 

Բազմադիմությունը մարդուն բնորոշ է։ Անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմը ռուս գրող Անտոն Չեխովին քննադատում էր «ուղղագիծ» կերպարներ ստեղծելու մեջ, քանզի վերջինիս մոտ բոլոր հերոսներն օժտված էին կա՛մ միայն բացասական, կա՛մ միայն դրական  գծերով։ Մոեմի հոգեանալիզը տվեց արվեստի մի չտեսնված գործ՝ «Թատրոն» պիեսը, որը դառնալով ֆիլմ՝ ցուցադրվել է աշխարհով մեկ։ Այնտեղ գլխավոր հերոսը մի կին դերասան է, որն իր ամուսնու համար կին էր, որդու համար՝ մայր, մեկի համար՝ սիրուհի, հասարակության համար՝ քաղաքացի, իսկ բեմի համար՝ դերասան։ Պիեսի այդ հերոսուհին ասում է՝ իսկական թատրոնը կյանքն է։ Անգլիան միշտ եղել ու մնում է աշխարհի հզորագույն պետություններից մեկը, քանզի այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, քաղաքականությունը թատրոն չի եղել, իսկ քաղաքական գործիչներն այնտեղ բազմադիմություն չեն ցուցաբերել, ինչպես Սոմերսեթ Մոեմը, որն Առաջին համաշխարհայինում լինելով Ռուսաստանի դեմ կռվող զորքերից մեկի զինվորներից՝ բանակում բազմադիմություն չի դրսեւորել։ 

Ժողովուրդ, կյանքը թատրոն է, ճիշտ է, բայց քաղաքականությունը կյանքի մի այնպիսի բնագավառ է, որտեղ քաղաքական գործիչներն իրենց դերը պետք է անշեղորեն խաղան ու բազմադիմություն չցուցաբերեն։ Եկեք չդառնանք այդպիսիների լսարանն ու հանդիսատեսը։ Դա կործանում է մեր երկիրն ու դիմափոխում մեր ազգին։ Դա մեր ազգի գաղափարական ինքնության դեմ ուղղված ներքին պատերազմ է։ Եկեք չպարտվենք մեր թշնամիներին։ Փաշինյանին էլ ասենք՝ թող Արա Պապյանին մի պաշտոն տա, այլապես նա բոլորիս իրար դեմ կհանի ու դավաճաններ կսարքի։