Երևի միայն մտերիմները գիտեին

Երևի միայն մտերիմները գիտեին

Ռուդոլֆ Ղևոնդյանը, ինչքան հիշում եմ,  քննադատում էր  նախորդ իշխանավորներին, երբեմն այն աստիճան, որ լրագրողները նրան հարց էին տալիս՝ չե՞ք վախենում, որ ձեզ վնաս կտան։ Նա պատասխանում էր՝ մի սպասեք, որ ինձ պիտի խփեն։

Բնական է, հետաքրքրվեցի դերասանի կյանքով։ Իմացա, որ նա 15 տարի Բելգիայում է ապրում։ Երևի միայն իր մտերիմները գիտեին այդ մասին, հանրությունը տեղյակ չէր, ասես դերասանը միշտ եղել է մեր կողքին, մեզ հետ։

Լրատվամիջոցներից մեկին տված զրույցում Ռուդոլֆ Ղևոնդյանն  ասում է․

Արդեն 15 տարի է՝ Բելգիայում եմ ապրում: Պետության հպատակ ենք: 7 տարի է տղաս օրինական պայմանագրով աշխատում է այնտեղ: Այո, Գոռս է՝ 36 տարեկան: Երեք թոռնիկ ունեմ. Բաժանված հարս ունեմ, երկու թոռնուհիներս նրա հետ Ֆրանսիայում են ապրում, 8 և 7 տարեկան են, երկրորդին չեմ տեսել… Ինձ թվում է՝ այդպիսի անեծք կա, ինձ անիծել են՝ «թոռ ունենաս, երեսը չտենաս»…Բայց մի փոքր, սիրուն 4 տարեկան տղա թոռ ունեմ՝ Ռուդոս է, «ադաշս»: Մենակ իմ հետ է լեզու գտնում, տերունական աղոթք ու այբուբեն եմ սովորեցնում: Շա՜տ արտիստիկ է, հզոր ձայն ունի, իմ ձայնին կանցնի: Նաև, չքնաղ հարս ունեմ՝ Օֆելյաս: Իմ լոտոն այս անգամ հարսի հարցում շահել է, հրաշալի աղջիկ է: Շատ լավ ընկերներ ենք, իրար հետ «թաքուն» սոխով-սոխարածով ճաշեր ենք եփում, միասին ուտում, դուռ ու լուսամուտ բացում, որ Գոռը չգա բռնի: Թե չէ լուրջ պատերազմ է անում, սոխ չի սիրում:

Դա 2015 թվականի հոկտեմբեր ամիսն էր։

Շատ ափսոսացի, որ մեր դերասանները երկրից դուրս են ապրում։ Մի օր էլ լսում եմ, որ Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, անհատույց սեփականության իրավունքով բնակարան է տրամադրվել կինոյի և թատրոնի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանին: Դա 2017 թվականի հոկտեմբեր ամիսն էր։

Անչափ ուրախացա։  Երբ լրագրողներն այդ մասին հետաքրքրվեցին, դերասանն ասաց․

«Խնդրել եմ, անպայման, իհարկե, դիմել եմ, եւ նրանք հարգել են դա։ Բայց դիմելուն էլ կարգ կա, ձեւ կա։ Մենք ցիվիլ մարդիկ ենք, ամեն ինչ ձեւ ունի։ Գալիս է մի պահ, երբ արվեստագետը ցանկություն է ունենում ազատ մթնոլորտում ստեղծագործելու, աշխատելու»,-ասաց նա։ Իմացանք, որ դերասանը բնակվում էր կնքահոր բնակարանում. «Բայց սպասողական վիճակի մեջ էի, ակնկալում էի, որ մի օր ինձ կգնահատեն»։