Երկիրը շուռ կգա՞, եթե արտակարգի պայմաններում հորատման, պայթեցման, գայլիկոնման աշխատանքներ չկատարվեն

Երկիրը շուռ կգա՞, եթե արտակարգի պայմաններում հորատման, պայթեցման, գայլիկոնման աշխատանքներ չկատարվեն

Պարետ Տիգրան Ավինյանը խիստ կարանտին հայտարարելուց հետո ՀՀ-ում տնտեսական գործունեության որոշ տեսակներ ժամանակավոր արգելելու որոշում ընդունեց։ Ըստ այդմ՝ մինչև մարտի 31-ը Հայաստանի ամբողջ տարածքում արգելվում է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը` որոշակի բացառություններով։ Բնականաբար, դրանք վերաբերում են բժիշկներին, բուժանձնակազմին, բժշկական ծառայությունների մատուցմանը, պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտներին, դեղատներին, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներին, գյուղատնտեսական աշխատանքներին (գարնանացան և գյուղատնտեսական այլ աշխատանքներ), սննդամթերքի, խմիչքների, սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների, օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների, հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների, զենքի ու զինամթերքի արտադրություններին։ Հետագայում, լրացվող նոր որոշումներով, թույլատրվում են նաև թաղանթանյութի, թղթի և ստվարաթղթի, ալիքավոր թղթի և ստվարաթղթի, թղթից և ստվարաթղթից տարայի, գրասենյակային թղթե պիտույքների, թղթե և ստվարաթղթե այլ արտադրատեսակների արտադրությունը, այլ պոլիգրաֆիական արտադրանքի փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների արտադրությունը, սնամեջ ապակե արտադրատեսակների արտադրությունը, թերթերի տպագրությունը։ Բացառությունների ցանկում ներառվել է նաև էլեկտրականության, գազի, գոլորշու, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և հատվածներին դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը՝պայմանով, որ դա  իրականացնում է անհրաժեշտ նվազագույն անձնակազմով՝ անհետաձգելի և վթարային աշխատանքների դեպքում: Եվ ընդհանուր առմամբ, գործունեության այն տեսակները իրականացվում են բացառապես հեռավար՝ առցանց եղանակով։ Հանրային սննդի հետ կապված տնտեսական գործունեության այն տեսակները, որոնք իրականացվում են առաքման միջոցով (նաև՝ խոհանոցների գործունեություն), ինչպես նաև՝ պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպությունների գործունեությունը։

Թույլատրվում է այլ ծառայությունների մատուցումը՝  սկսած մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, կշեռքների, ճնշման չափման սարքվածքների, պահախցերի և այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայություններից մինչև հեռահաղորդակցության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտների, որոնք քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով։ Բացառությունների շարքում են նաև  ֆինանսական և ապահովագրական գործունեության հատվածի տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը որոշակի սահմանափակումներով՝ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունն ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով, և, վերջապես՝ պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն հատվածի գործունեության հետ կապված  բացառություններ ու կարգավորումներ կան։

Վերը թվարկված բացառությունները հասկանալի են․ արտակարգ պայմաններում բանկային համակարգի ու սննդի արտադրության ու իրացման ինչ-որ հատվածներ պետք է աշխատեն երկրում ֆինանսական անկայունություն, ավելին՝ քաոս թույլ չտալու համար, բժիշկները պետք է աշխատեն, մարդիկ պետք է հնարավորություն ունենան դեղեր ու սնունդ գնելու, նաև առաքմամբ հնարավորություն ունենան, ինժեներական ենթակառուցվածքների բլոկը՝ ջրամատակարարում, կոյուղի և այլն, պետք է չափավոր ծանրաբեռնվածությամբ աշխատեն՝ երկրորդային հակահիգիենիկ սանիտարական վիճակ թույլ չտալու համար։ Հասկանալի է, որ կազմակերպություններին կից սննդի օբյեկտները, ճաշարանները զորանոցային ճաշարաններն են, որոնք պետք է աշխատեն բանակին սննդով ապահովելու համար։ Բնական է՝ պետական կառավարման մարմինները՝ կառավարությունը, պետք է աշխատի որոշումներ ընդունելու համար։ Ի դեպ, ԱԺ-ն այլ խնդիր է, և դրա հետ կապված այս օրերին վեճեր կան, թե արդյոք ԱԺ-ի կողմից ընդունվող օրենքներն այդքան հրատապ ու անհրաժե՞շտ են՝ ինչ-որ մեկի կյանքը վտանգելուց։ Բայց սրանք միանգամայն հասկանալի բացառություններ են։ Կան նաև աշխատող ձեռնակությունների համար սահմանված բացառություններ, որոնք առաջին հայացքից խիստ անհասկանալի են։ Օրինակ՝ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում, հարստացած ուրանի արտադրություն։ 

Համեմատության համար նշենք, որ նույն ցանկում ներառված՝ բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրությանը, ռենտգենյան, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգման և տեխնիկական սպասարկման մասին ոչինչ չենք ասում։ Պարզ է, հասկանալի է։ Նույնը՝ թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ։

Փոխարենը անհասկանալի է, թե ինչու այս մեկ շաբաթվա ընթացքում պետք է կատարվեն պայթեցման աշխատանքներ, հետախուզական հորատում և գայլիկոնում, էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ, մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում։
Երկրագունդը շո՞ւռ կգա, եթե ՀՀ-ում մեկ շաբաթով հորատման, գայլիկոնման ու որոնողական աշխատանքներ չկատարվեն։ Չէ՞ որ թույլատրված գործունեության ամեն տեսակի հետևում  մարդիկ են, որոնք տեղաշարժվում, հետևաբար, նպաստում են վիրուսի տարածմանը։ Հնարավոր է՝ փակ, չօդափոխվող հանքերում։ Հետո այս վարակը տարածվում է միջին վիճակագրական 4 հոգանոց ընտանիքում։ Հարցն ուղղում ենք տնտեսագետ Թադևոս Ավետիսյանին։

Նա չբացառեց, որ հանքի առկայության ու ծավալների վերաբերյալ մոնիտորինգի բացօթյա աշխատանքները, այսինքն՝ հողային աշխատանքները, ինչպես գյուղատնտեսականի դեպքում, առանձնապես վտանգավոր չեն, որովհետև կարծում է, որ միգուցե հնարավոր է որոշակի սոցիալական հեռավորություն պահպանելով՝ կազմակերպել այդ աշխատանքները բացօթյա տարածքում։ «Եվ այստեղ երկու բան դիտարկենք։ Մեկը, որ նույնպես շատ կարևոր է, գոնե երկրորդային չէ, մարդկանց եկամտի  աղբյուրը։ Այսինքն՝ շատ ուշադիր պետք է լինենք, եթե հնարավորություն կա աշխատանքը կազմակերպել նորմատիվների կազմակերպմամբ, սահմանափակումը տեղին չէ։ Քանի որ մաքսիմում կանխարգելման  տարբերակով գնալու դեպքում, կարծում եմ, մթերային խանութն ավելի ռիսկային է»։ Ամեն դեպքում, տնտեսագետի ընդհանրական պատկերացումն այն է, որ  հարցը, թե այդ հորատումների, որոնողական աշխատանքների, նմուշառման աշխատանքըն արդյոք հնարավոր է կազմակերպել անվտանգ վիրուսի տարածման տեսանկյունից, դժվար է ասել։

«Եթե լինի աշխատանքի նկարագրությունը, մի հատ նայենք, տեսնենք՝ ինչ քայլերի ամբողջություն է ենթադրում, ինչ ֆունկցիոնալ կապեր, այս ամբողջը պետք է նկարագրված լինի։ Հուսամ, որ էդպես են արել, այսինքն՝ էդպես դիտարկել են, թե ինչ է այդ աշխատանքը, և համաճարակաբաններն էլ տվել են իրենց գնահատականը, որ հնարավո՞ր է այդ աշխատանքները կազմակերպել, թե՞ ոչ»,-ասաց տնտեսագետը։ Նա հույս ունի, որ թույլատրված աշխատանքներից յուրաքանչյուրի բնույթը՝ իր կազմակերպման սխեմայով ու աշխատանքի նկարագրությամբ, «նայվել է» վիրուսի տարածման տեսանկյունից։

Ինչ վերաբերում է հարստացած ուրանի արտադրությանը, ապա Թադևոս Ավետիսյանն ասաց. «Էդ չեմ կարող ասել, մի քիչ ճիշտ չի լինի այդ հարցին պատասխանել, որովհետև սա զուտ ոլորտի մասնագետի ու ինժեների խնդիր է, քանի որ անգամ մանրամասներով չեմ պատկերացնում տվյալ աշխատանքի բնույթը։ Սիրողական կլինի իմ գնահատականը»։