Այսօրվանից սկսած պետք է նախապատրաստենք այդ պայքարը․ հայտարարություն

Այսօրվանից սկսած պետք է նախապատրաստենք այդ պայքարը․ հայտարարություն

Մարտական Եղբայրություն միաբանության հայտարարությունը «Խաղաղության պայմանագրի» (ԽՊ) տեքստի շուրջ համաձայնության գալու վերաբերյալ

1
Այսպես կոչված «Խաղաղության պայմանագրի» տեքստի վերջնական համաձայնեցումը ոչ մի կապ չունի իրական, կայուն և տևական խաղաղության հաստատման հետ:

Նախ՝ ԽՊ-ի կետերի համաձայնեցումը նույնիսկ չի նշանակում դրա շուտափույթ ստորագրում: Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը հստակ է. անկախ կետերի համաձայնեցումից՝ իրենք չեն ստորագրելու ԽՊ-ն, քանի դեռ չի փոխվել Հայաստանի Սահմանադրությունը՝ դրանից չի հանվել հղումը 1990 թ.-ի Անկախության հռչակագրին, և քանի դեռ չի լուծարվել ԵԱՀԿ Մինսկի խումբը: 
Դա նշանակում է, որ ենթադրյալ ստորագրումը կարող է տեղի ունենալ միայն ամիսներ անց կամ մյուս տարի, երբ և եթե նոր Սահմանադրությունը հաստատվի հանրաքվեով: 

Սա նշանակում է, որ կազմակերպված ու համախմբված պայքարի դեպքում հայ ժողովուրդն ի զորու է, դեմ քվեարկելով նոր Սահմանադրությանը, մերժել նաև ԽՊ կոչված թուղթը (ոչ թե խաղաղությունը, այլ ԽՊ-ի փաստաթուղթը): 

Ի դեպ, Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է փաստացի հրաժարում Հայաստանի անկախության իրավական հիմնաքարից: Որևէ պետություն չի կարող հրաժարվել իր Անկախության հռչակագրից` չհրաժարվելով իր իսկ գոյությունից, և չի կարող նոր Անկախության հռչակագիր ընդունել` մնալով միևնույն պետությունը: 

Անկախության հռչակագրից հրաժարումը փաստացի նշանակում է վերադարձ 1990թ. Սովետական Հայաստան, ինչը մասն է ներկայիս այն պաշտոնական գաղափարախոսության, որի համաձայն միակ իրական Հայաստանը Սովետական Հայաստանի սահմաններով Հայաստանն է: 

2
Երկրորդ, շատ հստակ ու հետևողական են պաշտոնական մակարդակում և պետականորեն վերահսկելի քարոզչությամբ հնչեցվող ադրբեջանական պահանջները Հայաստանից, որոնք դուրս են ԽՊ-ի տեքստից: Դրանց թվում են՝
     - թուրքերի (այսպես կոչված «արևմտյան 
        ադրբեջանցիների»)  վերադարձը Հայաստան, 
     - Հայաստանի «ապառազմականացումը»
     - պատերազմի և «ռազմական հանցագործությունների» 
     համար պատասխանատվության ընդունումն ու 
     փոխհատուցումը. ի դեպ, հենց այս կետի սպասարկմանն են 
     ուղղված հայ գերի գործիչների նկատմամբ Բաքվում 
     ընթացող դատավարությունները,
     - 2020թ. նոյեմբերի 9-ի Հայտարարագրի 9-րդ կետի 
     կատարումն այն մեկնաբանությամբ, որը դրան տալիս է 
     Ադրբեջանը: 

Այսինքն` անկախ ԽՊ-ն ստորագրելու դեռևս անորոշ հեռանկարից, Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չեն հաստատվելու վերջնական և կայուն խաղաղ հարաբերություններ, քանի դեռ չեն կատարվել վերոնշյալ կետերը:
Այս պահանջները ո՛չ պատահական են, ո՛չ էլ զուտ քարոզչական. դրանք օրգանապես բխում են Ադրբեջանի քաղաքական ռազմավարությունից: Ըստ այդմ` Ադրբեջանը, որպես պատերազմում հաղթած պետություն, հավակնում է տարածաշրջանում գերիշխող դերին, իսկ Հայաստանը դիտարկում է ոչ թե որպես համահավասար, այլ ստորադաս պետություն: Չհասկանալ ու չտեսնել այս պարզ իրողությունը՝ նշանակում է ի զորու չլինել համարժեք գնահատել քաղաքական իրավիճակը՝ իրականության փոխարեն ընկնելով երևակայության գիրկը: 
Այս ռազմավարությունը ենթադրում է.
     ա) Հայաստանի դեմ թշնամանքի և փաստացի պատերազմի 
           շարունակում, քանի որ վերոնշյալ պահանջները 
           ներկայացվում են ուժային դիրքերից և չեն էլ կարող 
           իրականացվել այլ կերպ, քան ուժի սպառնալիքով կամ 
           կիրառմամբ,
     բ) Հայաստանի ինքնիշխանությունից փաստացի հրաժարում 
          կամ սահմանափակում, քանի որ պահանջների առնվազն 
          մի  մասը վերաբերում է ցանկացած պետության  
          ինքնիշխանության հիմնաքարերին` Սահմանադրությանը, 
          Անկախության հռչակագրին, պաշտպանության ոլորտին: 
          Սրան գումարվում է նաև պատերազմի 
          պատասխանատվության միակողմանի բարդումը 
          Հայաստանի վրա: 
3
Հայ ժողովուրդն այս իրավիճակից ունի միայն մեկ ելք` ընդունել հանուն անկախության պարտադրված պայքարի մարտահրավերը և նորից վերածվել ուժային գործոնի` վերականգնելով ուժի սպառնալիքին և ուժի կիրառմանն ուժով պատասխանելու իր կարողությունը: Մնացած բոլոր «ելքերը»՝ «դիվանագիտական լուծում», «միջազգային երաշխիքներ», «ցավալի զիջումներ» և այլն, անիրատեսական են և պատրանքային: 

Միշտ ասել ենք. այստեղ դրված է ոչ թե ինչ-որ մասնավոր հարց, այլ Հայաստանի անկախության և հանուն անկախության պայքարի խնդիրը:
Այսօր դա առավել բացահայտ է, քանի որ խոսքը ոչ միայն Անկախության հռչակագրից հրաժարվելու, այլև այնպիսի պահանջների մասին է, որոնք փաստացի նշանակում են հրաժարում ինքնիշխանությունից: Որքան էլ «առաջ գնանք» զիջումների ճանապարհով, միևնույն է, գալու է մի կետ, երբ գիտակցելու ենք, որ կա՛մ պետք է պայքարենք անկախ ապրելու մեր իրավունքի համար, կա՛մ հրաժարվենք անկախ ազգ լինելու գաղափարից: Լավ է դա հասկանալ հե՛նց այսօր` չսպասելով նորանոր ապացույցների:

4
Սահմանադրության հանրաքվեն քաղաքական զանգվածային պայքարի լայն հեռանկար է բացում։ 
Գաղափարական իմաստով մենք դա ձևակերպում ենք որպես ոչ թե զուտ Սահմանադրության կամ ԽՊ-ի, այլ Անկախության պայքարի հարց:
Քաղաքական իմաստով նպատակը ոչ թե պարզապես նոր Սահմանադրության նախագծի տապալումն է, այլ հանրաքվեի գործընթացի վերածումը Ազգային հեղափոխության, որի դրվագներից մեկը պետք է լինի իշխանափոխությունն ու նոր կառավարության ձևավորումը: 
Վերոնշյալ համատեքստում մենք շեշտադրում ենք ուժային գործոնի վերածվելու անհրաժեշտությունը, Նոյեմբերի 9-ի փաստաթղթից հրաժարվելու պահանջը, քանի որ այս բոլոր հարցերը կենսական կապի մեջ են ԽՊ-ի, Անկախության հռչակագրից հրաժարվելու օրակարգերի հետ. արդյունավետ պայքարել վերջինների դեմ, առանց առաջինների, գործնականում անհնար է: 
Կազմակերպչական առումով պայքարի առանցքում պետք է լինի լավ կազմակերպված քաղաքական թիմ՝ հստակ ու հիմնավոր ծրագրով և ազգի առաջնորդման պատասխանատվությունը ստանձնելու հստակ պատրաստակամությամբ: 

Այսօրվանից սկսած պետք է նախապատրաստենք այդ պայքարը` մեր բոլոր ջանքերն ուղղելով այդ հեռանկարին: