Ինչպես է ՀՀ դատախազությունը կոծկում գողերին․ մի չբացահայտման պատմություն

Ինչպես է ՀՀ դատախազությունը կոծկում գողերին․ մի չբացահայտման պատմություն

2015 թվականի դեկտեմբերի 18-ին Հրանտ Տոնոյանը մտել է իր տուն եւ հայտնաբերել, որ տանը գող կա։ «Մեջքով ինձ կանգնած էր, քանդում էր շկաֆի դարակները, ինչպես իր հարազատ տանը կաներ»,- պատմում է ծերունին։ Նա պատմում է, որ ձեռքով հարվածել է անծանոթի ծոծրակին, իսկ գողը՝ մի մեծ բաց դանակ ձեռքին, հարձակվել է իր վրա։ «Ինձ հաջողվեց փոքր աթոռը վերցնել, եւ սկսեցի պաշտպանվել եւ բարձր բղավել՝ օգնություն, ինձ սպանում են։ Անընդհատ բղավում էի»։ Երբ գողը գոռացել է՝ փախեք, տղերք, Հրանտ Տոնոյանը կռահել է, որ տանն էլի գողեր կան, որոնք նրան թալանել են՝ տնից տանելով ոսկյա եւ արծաթյա զարդեր, մոտ 15 հազար ռուսական ռուբլի եւ մոտ 150 հազար հայկական դրամ, ընդհանուր առմամբ՝ մոտ 1,5 մլն դրամ։ Բայց փաստ է, որ գողին նա բռնել է, նրա դեմքը հիշում է, ավելին՝ տեսել է գողի եւ նրա գող ընկերների նկարները։

Իրավապահներին մնում էր չնչին աշխատանք կատարել։ Բայց 4 տարի է՝ գործը չի բացահայտվում։ Այն կասեցվել է, քանի որ չեն կարողացել պարզել գողություն արած անձանց, այն դեպքում, երբ գողերի լուսանկարները ցույց են տվել Հրանտ Տոնոյանին, եւ նա ճանաչել է գողերին։ «Հիմնական գողը Պետրոս Մ․-ն է։ Նա քրեական հեղինակություն է, դատախազ Չիտչյանն է նրան հովանավորում։ Նրան չեն ուզում բռնել։ Ես Պետրոսին տեսել եմ իմ տանը, տեսել եմ դալանում, 100 անգամ աչքովս է ընկել, ու ասում են՝ չեն կարողանում գողերին պարզել»,- գանգատվում է ծերունին։ Քննիչ Ժ․ Հակոբյանի գրության մեջ ասվում է, որ 19.01.2017 թվականին Պետրոս Մ․-ն ապօրինի զենք պահելու եւ Տոնոյանի վրա ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել էր, սակայն չի առերեսվել տուժողի հետ, քանի որ, «օգտվելով իր դատավարական իրավունքից, պաշտպանի մասնակցությամբ հրաժարվել է ցուցմունք տալ եւ մասնակցել որեւէ քննչական գործողության, որպիսի պարագայում քննիչն իրավասու չէ իրականացնել նշված հարցաքննությունը»։ Տպավորություն է ստեղծվում, որ քննիչ Ժ․ Հակոբյանը եւս Պետրոս Մ․-ի պաշտպանն է եւ որպես պաշտպան՝ վճարվել է նրա կողմից։ 

Հրանտ Տոնոյանը դատախազության շենքի մոտ ցույց է արել՝ պահանջելով բռնել գողին, թեեւ դժվարությամբ է տեղաշարժվում։ Մի խուրձ պաշտոնական նամակ ձեռքին՝ հասել էր «Հրապարակ», որովհետեւ մյուս մարմիններից հույսը վաղուց կտրել է։

Նա վստահ է, որ իրավապահները գողերի հետ գործարքի մեջ են եւ չեն ցանկանում նրանց բացահայտել։ Նա բազմաթիվ բողոքներ է գրել։ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Բասենցյանը նրան անցյալ տարվա հունիսին շաբլոն պատասխան է ուղարկել՝ որ 2015 թվականին քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ կողոպուտ, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով, իսկ 2 տարի անց՝ 2017 թվականի հոկտեմբերին, որոշում է կայացվել գործը կասեցնել, քանի որ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։ Իհարկե, դատախազ Բասենցյանը քաղաքացու բողոքը քննարկելու մասին որոշման մեջ վստահեցնում է, որ «նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ հնարավոր բոլոր քննչական ու դատավարական գործողությունները, սակայն հնարավոր չի եղել պարզել հանցանք կատարած անձանց»։

Իսկ քաղաքացին վստահ է, որ քննիչները գործարքի են գնացել գողերի հետ։ Բանն այն է, որ գործին կցված են բոլոր հինգ անձանց պատկերները, որոնք հայտնաբերվել են դեպքի վայրում՝ Արշակունյաց 1/8 շենքի մոտ տեղակայված տեսախցիկների տեսաձայնագրություններում։ Սակայն հետաքննության մարմինը չի կարողացել հայտնաբերել գողերից եւ ոչ մեկին, թեեւ, ըստ դատախազ Բասենցյանի, լայնածավալ գործողություններ են կատարվել։ Ի՞նչ լայնածավալ գործողություններ են կատարել իրավապահները։ Լայնածավալ գործողություններն այդ նկարագրել է մեկ այլ իրավապահ՝ ավագ քննիչ Ժ․ Հակոբյանը։

Նա, օրինակ, ծերունուն ուղղված պատասխան գրության մեջ «պատմում» է, որ դեպքի վայրից կաշվե պայուսակ են գտել, որի մեջ եղել են հեռախոսահամարներ։ Ծերունին, սակայն, ասում է, որ այդ պայուսակն ինքն է խլել գողերից։ Քննիչների ջանքերի առանցքը դարձել է այդ պայուսակը։ Քննիչ Ժ․ Հակոբյանը հանձնարարել է ոստիկաններին զանգել այդ հեռախոսահամարներով, բայց նրանք համարների վերծանումներ են արել, հարցաքննել են այդ հեռախոսահամարների տերերին, սակայն «էական նշանակություն ունեցող տեղեկություններ» չեն հայտնաբերել։ Փորձաքննական վարչության ավագ փորձագետ Ա․ Գարամյանն էլ դեպքի վայրի զննության ժամանակ ոչ մի հետք չի հայտնաբերել, չնայած ծերունու ողջ ունեցվածքը տարել են։ Հակոբյանը հատուկ նշում է, որ փորձագետը զննության ժամանակ օգտագործել է քրեագիտական փոշի, այնինչ նա պետք է ուղղակի դեն նետեր այդ փոշին, Գարամյանին էլ պարզապես դուրս վռնդեր «մարմիններից» եւ ընդմիշտ մոռանար ե՛ւ փոշու, ե՛ւ Գարամյանի մասին։