Կառավարության արտաքին քաղաքականության ծրագիրը, հուսանք, սևագիրն է

Կառավարության արտաքին քաղաքականության ծրագիրը, հուսանք, սևագիրն է

Արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը նման է վարորդի, որին տվել են մեքենա, ճանապարհային քարտեզ, բայց նա վարել չգիտի, ինչի արդյունքում արձանագրվում են արտաքին քաղաքական ՃՏՊ-ներ` ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը։

«Սովորաբար, արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածները Հայաստանի վերջին կառավարության ծրագրերում գրեթե նույնանման են, եւ խնդիրն այն է, ինչի մասին քանիցս ասել եմ, եւ ծրագիրը կարդալով՝ ուզում եմ կրկնել, որ արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը նման է վարորդի, որին տվել են մեքենա, ստացել է բոլոր անհրաժեշտ քարտեզները, բայց վարել չգիտի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ հրապարակված ծրագրում արտաքին բլոկում առաջին պարբերությունը սկսվում էր այսպես․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության եւ անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը»։

Հիշեցնենք․ կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում։ 

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը սա համարում է միակ նորմալ նախադասությունը, որը մինչ այս ասվել է, ի տարբերություն ՀՀ երեք նախագահների։ «Էդ մարդն ասել է՝ աշխարհում կա իրավունքի խնդիր․ այն խնդիրները, որոնք քննարկվում էին նախորդ իշխանությունների կողմից, ես չեմ քննարկելու։ Ոչ ոք Հայաստանին չի տվել քննարկելու տարածքների խնդիր, ինչ-որ հումանիտար խնդիր, դա իրենց՝ ղարաբաղցիների գործն է։ Բայց խնդիրն այն է՝ ոնց եք դուք գործում։ Ես առիթ ունեցել եմ հայտարարելու, որ Հայաստանի Հանրապետությունն իր պարտավորություններից ավել որեւէ բան չվերցնի, եւ դա պետք է անի Արցախի Հանրապետությունը, եթե իրեն է վերաբերում։

Սա է ձեւը․ եթե դուք չեք քննարկում Ադրբեջանի հետ խնդիրներ, որոնք ձեզ չեն վերաբերում, Ադրբեջանը երբեք չի խոսի։ Հրաժարվո՞ւմ եք որեւէ տարածքային խնդրից, դրանք ինչո՞ւ պետք է վերաբերեն Հայաստանին։ Ով տերն է խնդրի, նա էլ պետք է խոսի։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դրանով են հետաքրքիր, որ այս խնդիրները դրվել են, բայց դառնալո՞ւ են քաղաքականություն, թե ոչ, ցույց կտա ժամանակը»,- ասաց Մանվել Սարգսյանը։ Հարցին էլ, թե այդ դեպքում ինչու են տեղի ունենում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումները, նա ասաց՝ շատ վատ են անում, բռնե՛ք ականջներից, մի թողեք։ Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՌԴ հարաբերությունների վերաբերյալ ծրագրային դրույթներին, ապա դրանք Մանվել Սարգսյանը լուրջ չի համարում․ «Այն, ինչ կա, մնում է նույնը, ամբողջը՝ Ռուսաստանին չջղայնացնենք, Լեւոն Տեր-Պետրոսյանով-բանով, Քոչարյանով, որեւէ բան չի փոխվել, եւ ամեն ինչ շարունակվում է։ Սուվերեն քաղաքականություն վարելու գիտակցություն չկա, եթե չկա, թե Սերժ Սարգսյանն ինչ էր անում, Նիկոլ Փաշինյանը՝ ինչ»։

Այսինքն, ըստ նրա, կարեւոր չէ անգամ, թե ինչ կգրվի կառավարության ծրագրում։
Առհասարակ, ինչպես պնդեց արտաքին հարաբերությունների քաջ գիտակ մեկը, ով չցանկացավ ներկայանալ, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական բաժնում դետալացված մասեր չեն լինում, ավանդաբար, նշվում են միայն գերակայությունները։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը խորապես հիասթափված է կառավարության ծրագրի արտաքին քաղաքական բլոկից՝ պայմանավորված Հայաստանի համար ուղենշված արտաքին քաղաքական առաջնահերթությունների ձեւով, որով շարադրված է։

Մեզ հետ զրույցում Մեհրաբյանն  ասաց․ «Կարծում եմ՝ այն, ինչ կա կառավարության ծրագրում, գոնե արտաքին քաղաքական մասով, դա սեւագիր է եւ ոչ այնքան հաջող սեւագիր, որը լրջագույն սրբագրման կարիք ունի, վերաիմաստավորման կարիք ունի։ Պետք է հույս ունենամ, որ դա վերջնական տեքստը չէ»։

Նշենք, որ ծրագրում՝ արտաքին քաղաքական առաջնահերթություններում միայն «ՌԴ»-ի կողքին է գրված «ռազմավարական» բառը, եւ Ռուբեն Մեհրաբյանն ասում է․ «Հատկապես՝ Վրաստան եւ Իրան… գոնե Վրաստանի մասով վստահաբար կարող եմ ասել, որ հայ-վրացական հարաբերությունները չեն կարող ռազմավարական չլինել։ Եվ իմ համար անհասկանալի է, որ այդ բառը բացառապես կիրառված է ՌԴ-ի հետ հարաբերությունների այդ ենթակետում»։
Սա, ըստ Մեհրաբյանի, կոնցեպտուալ եւ ռազմավարական սխալ է։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին ձեւակերպումներում հանդիպող «երկխոսություն» բառին, ապա Մեհրաբյանը մեկնաբանեց, որ երկխոսության փուլը Հայաստանը վաղուց անցել է, ու եկել է պրակտիկ գործերի ժամանակը, եւ անհասկանալի է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների մակարդակն այդ բառով բնութագրելը։

Քաղաքագետը հույս ունի, որ ասվածի շուրջ կծավալվի բովանդակային քննարկում, եւ սրբագրումներ, այնուամենայնիվ, տեղի կունենան։