Ոչ մեկին պետք չէ կտոր-կտոր Հայաստան. «Սասնա Ծռերը» Արցախում են

Ոչ մեկին պետք չէ կտոր-կտոր Հայաստան. «Սասնա Ծռերը» Արցախում են

«Սասնա Ծռեր» կուսակցության անդամներն Արցախում են. կուսակցության նախաձեռնությամբ դեպի Արցախի մարզ կազմակերպված Միասնության ավտոերթի երկրորդ օրն է այսօր։

Ավտոերթի մասնակիցները Արցախի մարզում այսօր շրջայց-հանդիպումները սկսեցին Ասկերան քաղաքից։ Կազմակերպվել էր բացօթյա հանդիպում Ասկերանի բնակիչների հետ, որի մեկնարկը տրվեց «միացում» վանկարկումներով։

Ելույթներով հանդես եկան Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը և կուսակցության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոդուս Վիվենդի կենտրոնի հիմնադիր, դիվանագետ Արա Պապյանը։

Վարուժան Ավետիսյանը իր խոսքում նշեց, որ ոչ մեկին պետք չէ կտոր-կտոր Հայաստան և որ բոլորիս պետք է մեկ Հայաստան, իսկ դրան հասնելու համար մենք պետք է փորձենք ամեն ինչ անել հզորոնալու և շատանալու համար։ Առաջին հերթին պետք է վերացնենք մաքսակետ և ռոումնինգ կոչվածները։

Արա Պապյանը իր ելույթի խոսքում նշեց․ «մենք բոլորս բացականչում ենք միացում, քանի որ այդ մեկ բառի մեջ է ամփոփված մեր և համաշխարհային պատմության փորձը։ Բոլոր այն հիմնավորումները, որ աշխարհը կճանաչի Արցախի անկախությունը, սին են։ Անկախության համար աշխարհը պետք է գործողություններ կատարի, իսկ միասնության պարագայում, մենք աշխարից որևէ գործողություն չենք ակնկալում»։

Նշենք որ ելույթներով հանդես եկան նաև հասարակական գործիչ Սոնա Աղեկյանը, ինչպես նաև Սասնա Ծռեր համահայակական կուսակցության քարտուղարության անդամ Արեգ Կյուրեղյանը, իսկ հանդիպումը ամփոփվեց հավաքի մասնակիցների կողմից <<Սարդարապատ>> երգի կատարմամբ։

Ավտոերթի մասնակիցները այնուհետ ուղևորվեցին Հադրութի շրջան։