Ծանր զրույցի թանձր ստվերը

Ծանր զրույցի թանձր ստվերը

Բրիտանական BBC լրատվական ծառայության Hard Talk՝ «Ծանր զրույց» հաղորդաշարի լրագրող Սթիվըն Սակուրի՝ հոկտեմբերի 25-ի հարցազրույցի ծանր արձագանքները ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը բավականին թեթեւ է տարել: Արդեն հոկտեմբերի 28-ին Երեւանում, Բուլղարիայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան՝ ՀՀ արտգործնախարարն անթաքույց ուրախությամբ նկատել է. «Իրականում շատ ուրախ էի գրանցելու, որ Հայաստանը բացառություն չէ. նման հաղորդումը ժողովրդավարական երկրում, իր յուրահատկությունը հաշվի առնելով, ներքաղաքական դեբատի առիթ է դառնում: Ես շատ ուրախ եմ, որ եւս մեկ անգամ գրանցում ենք, որ Հայաստանում առկա է բազմակարծություն, կարծիքների բազմազանություն, գոյություն ունի քննադատություն։ Ես էլ նկատեցի, որ բավական դինամիկ քննարկում է եղել Հայաստանում, ինչը միայն ու միայն ողջունելի է»: 

Փաստորեն, մեր արտգործնախարարը «Ծանր զրույցի» է համաձայնել մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, ուրախություն պարգեւելու համար: Անչափ զգացված ենք: Մնացականյանը այդ հարցազրույցի հրավերն ընդունել է նաեւ ստուգողական պատճառով՝ ստուգելու Հայաստանում բազմակարծության, քննադատության առկայությունը: Վերջին անգամ ե՞րբ էինք այսպիսի ինքնազոհողության ականատես եղել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Մինչ մեր երջանիկ պատգամավորներն աշխարհը ոտնատակ են տալիս՝ առանց ծանր զրույցներ ունենալու, մինչ մեր վարչապետը շրջում է թանկարժեք զրահապատ նոր ծառայողական ավտոմեքենայով, արտգործնախարարը նրանց բոլորի փոխարեն ինքնախարազանման է գնում Մեծ Բրիտանիա՝ Լոնդոն՝ BBC՝ Hard Talk:

Ընդ որում, ՀՀ արտգործնախարարը մառախլապատ Ալբիոն էր գնացել մերկ, վերեւ բարձրացրած ձեռքերով, ինչպես մեր թավշյա հեղափոխությունն էր: Անզեն եւ անպատրաստ: Հեղափոխության ոգուն համահունչ:
Հասարակական-քաղաքական շրջանում ոմանք, իհարկե, գնահատեցին նախարարի այդ քայլը, Սակուրի հարցադրումները զայրացած որակեալով «հակահայկական, դավադիր»: Ոչ թե մառախլապատ Ալբիոն, այլ, ինչպես Նապոլեոնն էր որակում՝ «նենգ Ալբիոն»: Ահա այդ «նենգ Ալբիոնից» լրագրողի հարցադրումներն ու գնահատականները նախարարի գլխին էին իջնում ծանր մուրճի պես: «Քաղաքական եւ տնտեսական առումով ո՞ւր է գնում Հայաստանը. Արեւե՞լք, թե՞ Արեւմուտք»՝ Սակուրի բացման խոսքն արդեն քաղաքական մարտահրավեր էր ԵՏՄ-ի եւ Ռուսաստանի ճամփան բռնած մոլորյալ Հայաստանի համար: Սակայն Զոհրաբ Մնացականյանը չհասկացավ, որ հետագա հարվածներն ավելի են ուժգնանալու: «Թավշյա հեղափոխությունից հետո դուք եւ ձեր կառավարությունը պնդեցիք, որ աշխատում եք նոր Հայաստանի համար։ Թերահավատները կասեն, որ այն շատ նման է հին Հայաստանին»։

Փորձառու դիվանագետի համարում ունեցող Զոհրաբ Մնացականյանի միամիտ հարցին, թե «ինչո՞ւ պիտի նման բան ասեն», անգլիացի լրագրողը հակադարձում է. «Քանի որ, օրինակ, դուք նախորդ իշխանությունների օրոք տարիներ շարունակ պաշտոնավարել եք»: «Ես կայացրել եմ իմ որոշումը՝ դիվանագիտական կարիերայից անցում կատարել քաղաքականի, ինչը զգալի փոփոխություն է»,- արդարանում էր արտգործնախարարը։

Մինչդեռ իրականում Զոհրաբ Մնացականյանը, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր հին ու նոր կադրերը, այդպես էլ չկարողացան քաղաքականություն մուտք գործել: Փաշինյանի տարփողած «կադրային դիվանագետի» փառքը Հայաստանում անցողիկ է, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ նախորդ երկու տասնամյակում հայկական դիվանագիտության առջեւ հիմնականում հետեւյալ խնդիրներն էին դրված. 

1. բացատրել, համոզել հյուրընկալ երկրի իշխանություններին, որ Հայաստանը հավերժ Ռուսաստանի հետ է, քանի որ Ղարաբաղի խնդիր ունի, 

2. պաշտպանել Մոսկվայի շահերը միջազգային եւ եվրոպական կառույցներում, 

3. յուրաքանչյուր կեղծված ընտրությունից հետո ՀՀ իշխանությունների համար արտաքին լեգիտիմություն մուրալ: 

Այսեւնման խնդիրներ լուծելու համար արտերկիր գործուղված հայ դիվանագետները քաղաքական առումով զարգանալու հնարավորություն անգամ չունեին, ոմանք էլ՝ նաեւ ունակություն: Եվրոպական եւ միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը, ցավոք, իր միջազգային շփումներից անգամ քաղաքական մտածողություն, քաղաքական աշխարհայացք ձեռք չի բերել: Եվ ահա «կադրային դիվանագետը» հայտնվել է անգլիացի լրագրողի քաղաքական կարծր զրույցի կիզակետում: Հայաստանում, ուր արտաքին քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը, անգամ քաղաքական լրագրողների շրջանում, սկսում եւ ավարտվում է Ղարաբաղի խնդրի վատ իմացությամբ, Հայաստանում, ուր արտաքին քաղաքական խնդիրների, մարտահրավերների լրջության գիտակցումը չկա անգամ քաղաքական շրջանակներում, Հայաստանում, ուր անսկզբունքայնությունը մատուցվում է որպես «քաղաքական ճկունություն», ուր ապաքաղաքականությունը թրատում է բոլոր բարձր քաղաքական գաղափարները, Հայաստանում, ուր քաղաքական օրակարգի բացակայությունը դարձել է փորձանք պետականության համար, ահա՝ այդ երկրի արտգործնախարարից բրիտանացի լրագրողը համառորեն քաղաքական մեկնաբանություններ է պահանջում: Քաղաքական խնդիրների, հարցադրումների հանդեպ այսպիսի անպատրաստվածությունը, քաղաքական գիտելիքների բացակայությունը, պատմության անտեղյակությունը դարձան ծանր փորձություն ոչ միայն ՀՀ արտգործնախարարի, այլեւ ՀՀ միջազգային համբավի համար: Եվ երբ նա սկսեց մոլորվել իրական քաղաքականության կեռմաններում, փորձեց փնտրել հայկական քաղաքական հեքիաթների ուղին, անտեսելով, որ, ի տարբերություն հայ հանրության, պրագմատիկ աշխարհը հեքիաթներին չի հավատում: 

Հայ հանրության մեծ մասը սիրում է հավատալ քաղաքական հեքիաթներին, օրինակ, որ աշխարհը ցնցված է մեր թավշյա հեղափոխությամբ: Աշխարհը, իհարկե, հետեւում էր մեր հեղափոխության զարգացումներին ժամ առ ժամ, միջազգային ԶԼՄ-ները լուսաբանում էին հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր քայլն ու խոսքը, սակայն բազում հեղափոխություններ տեսած աշխարհի համար հեղափոխությունը համոզիչ է դառնում փոփոխություններով եւ արդյունքներով, որոնք հայկական հեղափոխությունից հետո չկան: Փոխարենը՝ արտաքին քաղաքականության հին հայկական կարասներում նույն նախկին վտանգավոր դատարկությունն է: 

Քաղաքական հաջորդ հեքիաթը, որ հյուսվել էր դեռ Սերժ Սարգսյանի ժամանակներից նրա եւ նրա քաղաքական թիմի միջոցով, հետեւյալն էր՝ «Հայաստանը կամուրջ է ԵՏՄ-ի եւ Եվրոպայի միջեւ»: Ահա այդ պարզունակ, կրկնվող վերջաբանով հեքիաթը շարունակում է աշխարհին պատմել նաեւ Նոր Հայաստանի երիտասարդ իշխանությունը: Բայց ամենատես միջազգային հանրությունն ապավինում է ոչ թե ականջներին, այլ սեփական աչքերին: BBC-ի հարցազրույցի ընթացքում ՀՀ արտգործնախարարը սկսեց պատմել Հայաստանի բազմակողմ արտաքին քաղաքականության հեքիաթը՝ ԵՏՄ, ՀԱՊԿ, ԵՄ, ԱՄՆ, թեպետ Ամերիկա չհասանք, քանի որ Սակուրը ուղղակի թրատեց այդ «բազմաբեւեռ» քաղաքականությունը, ընդգծելով՝ «Պարոն նախարար, բայց, անկեղծ ասած, այլաբանությունն օգտագործելով, եթե փորձեք երկու ձի հեծնել, ավելի մեծ վնասվածք ստանալու վտանգի առջեւ կարող եք կանգնել», «Եթե գերադասեք հավատարիմ մնալ Պուտինի Ռուսաստանին, ԵՏՄ-ին, անկեղծ, դուք, հավանաբար, կշարունակեք հին ռեժիմների գործելակերպը Հայաստանում»:

Մնացականյանի պատասխանը հեղափոխական ձանձրալի կաղապարով էր՝ «Մեր հեղափոխության մեջ չկա աշխարհաքաղաքականություն»:

«Ծանր զրույցի» առանցքային մասը՝ Ղարաբաղի խնդրի կարգավորումը, հարցազրույցի ամենաբարդ մասն էր Մնացականյանի եւ Հայաստանի համար: «Ղարաբաղը տարածք է, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները»,- կրկնում էր Մնացականյանը: ՀՀ արտգործնախարարները Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման տարածքներում հաճախ են մոլորվել: Հայաստանում ժամանակին պարզապես գանահարվեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ Ղարաբաղի «գրավյալ տարածքներ» ձեւակերպման համար: Այնպես որ, Մնացականյանը միայնակ չէ իր շփոթությա՞ն, չիմացությա՞ն, թե՞ համոզմունքների մեջ: Ի վերջո, Ռուսաստանում էլ, Ֆրանսիայում էլ, Միացյալ Նահանգներում էլ կան տարածքներ, որտեղ ապրում են հայերը, բայց դրանք պատմական հայկական տարածքներ չեն: Մնացականյանը, ի վերջո, վերջնականապես շփոթահար եղավ Ղարաբաղի անվտանգության եւ տարածքի քաղաքական եզրաբանության սեփական հարահոսում: 

Քաղաքական այդ ծանր զրույցի թանձր ստվերը դեռ երկար կհետապնդի Հայաստանին:

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցից հետո նրա հրաժարականի պահանջներն ավելի ու ավելի ուժգին են լսվում: Այդ պահանջները կրկնվում են հայկական հայտնի ֆիլմի հանգույն՝ «նա խայտառակել ռեսպուբլիկա»: «Ռեսպուբլիկան»՝ Նոր Հայաստանը, Զ. Մնացականյանով, թե առանց նրա, անզեն, անլույս, անպատրաստ խարխափում է քաղաքականության չիմացության, դիվանագիտության պարզունականացման եւ աշխարհաքաղաքականության անտեսման քարայրներում: