Փաշինյանի վարչապետության մեկ տարին` Պուտինի հետ չգժտվեց, Ալիեւի հետ` չբարեկամացավ. Tsargrad.tv

Փաշինյանի վարչապետության մեկ տարին` Պուտինի հետ չգժտվեց, Ալիեւի հետ` չբարեկամացավ. Tsargrad.tv

Մաս առաջին

Մայիսի ութին լրացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին: Այս տարի նաեւ լրացավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի ռեժիմի հաստատման համաձայնագրի քսանհինգամյակը: Մոսկովյան Tsargrad TV-ն ներկայացնում է Փաշինյանի վարչապետական գործունեության մեկամյա շրջանի ամփոփումը, ըստ մի շարք ուղղությունների:

Կոռուպցիայի դեմ պայքար

Ինչպես նկատում է ռուսական լրատվամիջոցի մեկնաբան Կամրան Հասանովը, ընդունված է ասել, որ 2018-ի մայիսի ութին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելով հաղթեցին ազատականները, սակայն վերջնական հաղթանակը նրանք տոնել են միայն կես տարի անց, քանի որ մինչեւ պառլամենտի արտահերթ ընտրությունները հանրապետականները վերահսկում էին պառլամենտը, ու հետեւաբար` Փաշինյանի «Իմ քայլը» չէր կարող որեւէ օրենսդրական փոփոխություններ կատարել: Անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում Փաշինյանը 132 պատգամավորական մանդատից ստացավ 88-ը: Փաշինյանին դեռ չի կարելի դատել իհարկե, քաղաքական հաջողությունների կամ ձախողումների համար, սակայն մեկ տարին բավարար է, որպեսզի ընդհանուր միտումների մասին գաղափար կազմենք: Նիկոլ Փաշինյանի ներքին քաղաքականության հիմնական ուղղությունը կոռուպցիայի դեմ պայքարն էր: Հենց այս լոզունգով էր, որ Փաշինյանը կարողացավ հասնել իշխանափոխության: Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքերի համաձայն, բյուջե է վերականգնվել տասը միլիոն դոլար, եւ այդ գումարը հիմնականում նախկին պաշտոնյաների ու նախարարների կուլակաթափության արդյունքում է եղել: Կոռուպցիայի մեջ մեղադրվեց նույնիսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Գնահատականները տարբեր են: Մի շարք մասնագետներ կարծում են, որ իշխանության վերնախավում կոռուպցիան էականորեն վերացել է ու էականորեն նվազել` միջին օղակում, իսկ քննադատներն էլ կարծում են, որ կոռուպցիայի անվան տակ նոր իշխանությունը փորձում է հաշվեհարդար տեսնել նախկինների հետ:

Տնտեսական ձախողում

Եթե կոռուպցիայի դեմ պայքարը շատ ակտվիորեն է ընթանում, ապա սոցիալ-տնտեսական ոլորտում գլուխ գովելու բան չկա: Այս տարվա առաջին եռամսյակում արտահանումը նվազել է 9%-ը: Անկում են ապրում տնտեսական զարգացման ցուցանիշները: Եթե 2017-ին ՀՆԱ աճը կազմել է 7,5% ապա 2019-2020-ին, ըստ կանխատեսման կլինի 4,5%: Անկումը պայմանավորվա է երկու գործոնով. Փաշինյանի կաբինետը նախ դեմ գնաց լեռնաարդյունահանող արդյունաբերությանը: Մասնավորապես, բնապահպանների ճնշումների տակ դադարեցվեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը: Եվ ապա, նոր կառավարությունը կոնֆլիկտ ունեցավ արտասահմանյան խոշոր կապիտալը ներկայացնողների հետ: «Գազպրոմ Արմենիայում», «Հարավկովկասյան երկաթուղիներում» ու «Վեոլիա ջուր» ընկերությունում իրականացվեցին ստուգումներ ու կիրառվեցին տույժ տուգանքներ: Դադարեցվել ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր կապիտալ»ի հետ ունեցած համաձայնագիրը կապված «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» կառավարման հետ: Չլուծված է մնում աղքատության հարցը: Երկրի բնակչության քսան տոկոսը գործազուրկ է, իսկ մեկ երրորդը համարվում է աղքատ: Միջին աշխատավարձը կազմում է 380 դոլար, որը համարժեք է Ղրղզստանի ու Սիրիայի ցուցանիշին: