Ի՞նչ է կատարվել Մանկավարժականում

Ի՞նչ է կատարվել Մանկավարժականում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ Հունիսի 24-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի հետնամասում գազի հոտ է զգացվում. ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 60 ուսանող և աշխատակից տեղի ուժերով տարհանվել է:

Փրկարարները տարհանել են 25 ուսանողի և հերթապահել՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների դեպքի վայր հասնելը: Կուլտուրառեժիսուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Ս.Ք.-ի (ծնված 2000 թ.) և Ա.Մ.-ի (ծնված 2000 թ.) ինքնազգացողությունը վատացել է: Շտապօգնության աշխատակիցները Ս.Ք.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ Ա.Մ.-ն հոսպիտալացվել է:

Հավելյալ տեղեկություններ ստանուլու տպատակով՝  կապվեցինք ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանի հետ։ 

«Հրապարակի» հետ զրույցում էդմոն Զարգարյանը նշեց, որ գազի արտահոսք չի հայտնաբերվել․ «Գնացել են, նայել են, ինչ-որ լուրջ բան չի եղել։ Չգիտեմ՝ ինչից ա էդ ամենը առաջացել։ Ջահել են, էլի, կարող ա ինչ-որ բան են  վառել։» 

ՀՊՄՀ-ից զարմանքով էին լսում մեր հարցերը։Մանրամասն տեղեկությունների համար մեզ փոխանցեցին պրոռեկտորներից մեկի հեռախոսահամարը։ Սակայն նա գտնվում էր գործուղման մեջ։