Ստորգետնյա հոսանքների կրողներն երազում էին, որ ես հրաժարական տամ

Ստորգետնյա հոսանքների կրողներն երազում էին, որ ես հրաժարական տամ

Երբեմնի համախոհներ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի նամակագրություն-բանավեճը շարունակվում է վիրտուալ տարածքում։ 

Պատասխանելով Պասկեւիչյանի նամակին՝ Արա Շիրինյանն արձագանքել է․ «Գրոհելու տրամաբանությանը ես գերադասել եմ պատասխանատվությունը՝ կատարածս բոլոր քայլերի համար։ Համոզված եմ, որ ընտրել եմ երկար, բայց ճիշտ ճանապարհ։ Հանրայինն ինքն էլ եղել է քոչարյանական-սարգսյանական ռեժիմի զոհը, եւ պարզունակ վրեժխնդրությամբ փոփոխություններ չեն իրականացվում։ Ավելին՝ դա փոփոխություն չէր լինի, այլ միայն իմիտացիա։ Հին եւ հայտնի գործելաոճ, որ հիմք է դնում պետության չգոյության»։ 
Անցյալ տարի, Ամանորից հաշված օրեր առաջ, Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցների պահանջով հրաժարական տվեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը։ Մամուլում մինչ այդ գրվել էր, որ նա ցանկացել է բարեփոխումներ կատարել ռադիոյում, ինչն էլ արժանացել է դիմադրության։ Մարկ Գրիգորյանը հրաժեշտի իր ասուլիսում չներկայացրեց հրաժարականի պատճառները, նախընտրեց լուռ հեռանալ։Ի՞նչ փոփոխություններ պետք է լինեն Հանրային ռադիոյում եւ հեռուստաընկերությունում։ 

Այս մասին մի քանի հարց ուղղեցինք Մարկ Գրիգորյանին։ 

-Ես կարող եմ ասել, որ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի համակարգը շատ մեծ դիմադրողականություն ունի նոր գաղափարների եւ նորամուծությունների հանդեպ։ Ես դժվարանում եմ ասել, թե ինչու է այդ դիմադրողականությունն այդքան բարձր։ Դա նշանակում է, որ փոփոխությունները միեւնույնն է, անհրաժեշտ են։ Եվ դրանք  անհրաժեշտ են՝  ռադիոյի, հեռուստատեսության ոլորտում պրոֆեսիոնալիզմի բարձրացման, հանրային գործառույթներն ավելի ընդլայնելու շնորհիվ։ Փոփոխությունների անհրաժեշտությունը զգում են ոչ միայն պրոֆեսիոնալները, այլեւ՝ հանրությունը։ Իսկ դա նշանակում է, որ փոփոխություններն անխուսափելի են, եւ դրանք պետք է տեղի ունենան։ Ինչպե՞ս պետք է տեղի ունենան այդ փոփոխությունները, ե՞րբ, ո՞ւմ միջոցով։ Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանն այսօր չի տրվում։ Եվ այսօր անհնարին է ասել, թե ով է ճիշտ իր մոտեցումներում՝ Տիգրան Պասկեւիչյա՞նը, որն ասում է, որ հարցերը պետք է լուծվեն հիմա, հակառակ դեպքում մենք կկորցնենք թանկարժեք ժամանակ, թե՞ Արա Շիրինյանը, որն ասում է, որ փոփոխությունների համար պետք է համբերություն եւ ամենօրյա ծանր աշխատանք։ Իմ պարագայում իրավիճակը բոլորովին այլ էր։ Իմ պարագայում կային նաեւ ստորգետնյա հոսանքներ, եւ այդ ստորգետնյա հոսանքների կրողներն երազում էին, թե երբ է գալու այն օրը, որ ես հրաժարական տամ։ Նրանք ոչ միայն երազում էին, այլեւ աշխատում էին այդ ուղղությամբ։ Այս պարագայում  Արա Շիրինյանն ու Տիգրան Պասկեւիչյանն ազատ են  ստորգետնյա հոսանքներից, եւ դա, անցյալ ժամանակում Պասկեւիչյանին, ապագայում՝ Արա Շիրինյանին տալիս է այն ազատությունը եւ հնարավորությունները, որոնք ես չունեի։ 

-Տիգրան Պասկեւիչյանը բացահայտել է այն արատները, որոնք տարիներ շարունակ եղել են Հանրային հեռուստաընկերությունում՝ սկսած վարչական աշխատանքից, ավարտած՝ ստեղծագործական խնդիրներով։ Ի՞նչ արմատական քայլերի պետք է դիմել այս դեպքում փոփոխությունների հասնելու համար։

-Պարզ է, որ ես չեմ կարող դեղատոմս առաջարկել, թե ինչ քայլերի պետք է գնալ փոփոխությունների համար եւ հասնելու նրան, որ Հանրային հեռուստաընկերությունը բարձրանա BBC-ի մակարդակի։ Կարող եմ ասել, որ պետք է աշխատել պրոֆեսիոնալիզմի վրա, որի դեպքում էլ կմեծանան  որակյալ ռադիո եւ հեռուստատեսություն ունենալու շանսերը։ Իսկ մենք գիտե՞նք, թե ինչպես պետք է աշխատել այդ ուղղությամբ, ի՞նչ պետք է անել, որ բարձրանա պորֆեսիոնալիզմը։ 

-Եթե տարիներ շարունակ ինչպես Հանրային, այնպես էլ մյուս հեռուստաընկերություններից գերակշիռ մասում  աշխատող լրագրողները ծառայել են տվյալ պահին իշխող վարչակարգին, ինչպե՞ս կարող են նրանք լինել պրոֆեսիոնալ։
Կարո՞ղ են նրանք լինել  թավշյա հեղափոխության, ազատական արժեքների կրող եւ այդ փոփոխությունները ներմուծել հեռուստաընկերություն։

-Լրագրողական պրոֆեսիոնալիզմը, հատկապես երբ խոսում ենք Հանրային ռադիոյի եւ հեռուստաընկերության մասին, չպետք է կապ ունենա իշխանությունների հետ։ Դա այն որակն է, որը լրագրողն ունի՝ անկախ գործող իշխանություններից, իր քաղաքական հայացքներից։ Լրագրությունը չպետք է լինի գործադիր իշխանության պոչը, եւ նրա մասին՝ չպետք է դատել այն բանով, թե ինչ քաղաքական դիրքորոշում ունի։ Անցյալ տարվա ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանը մուտք գործեց Հանրային ռադիո, ես Թբիլիսիում էի։ Հաջորդ օրը ես եկա Երեւան եւ ասացի՝ ի՞նչ կապ ունի, թե ով է Նիկոլը, ինչպես է ջարդել Հանրային ռադիոյի դուռը, եթե դա իրադարձություն է, ապա մենք պարտավոր ենք այն անաչառ լուսաբանել։ Դա՛ է մեր պարտականությունը։  Մեզ մոտ չկան պրոֆեսիոնալիզմի չափանիշները, հաճախ դատում ենք քաղաքական տեսանկյունից։ Եթե նախկին իշխանությունների օրոք է աշխատել, ուրեմն չի կարող հիմա աշխատել։

-Ես նկատի ունեմ այն լրագրողներին,  մեկնաբաններին, որոնք նախկին իշխանությունների օրոք զբաղվել են պրոպագանդայով։

-Մենք փորձում ենք պրոպագանդիստներին գնահատել լրագրողական չափանիշներով, իսկ լրագրողներին՝ պրոպագանդիստական չափանիշներով։ Դա այդպես չէ։ Եթե ես աշխատում եմ կուսակցական ԶԼՄ-ում, իմ մասին կարելի է դատել պրոպագանդիստական չափանիշներով։ Բայց երբ ես աշխատում եմ Հանրային լրագրության ոլորտում, դա պետք է մոռացվի։ Հանրայինն ունի այլ գործառույթներ, եւ այն իշխանական, կուսակցական պրոպագանդայի տեղ չէ։  Եվ հենց Հանրային հեռարձակողներից շատերը դա չեն հասկացել։