Մակունցը չի կողմնորոշվում՝ Փաշինյանը ճի՞շտ էր Ծառուկյանի հարցում, թե՞ սխալ

Մակունցը չի կողմնորոշվում՝ Փաշինյանը ճի՞շտ էր Ծառուկյանի հարցում, թե՞ սխալ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը վստահեցնում է, որ իրենք իրենց խոսքում ուղիղ ու անկեղծ են, այսօր ամեն գնով խուսափեց պատասխանել մի պարզ հարցի՝ Նիկոլ Փաշինյանը ճի՞շտ էր, երբ ասում էր՝ Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, թե՞ սխալ։ Այսօր լրագորղների հետ զրույցում երբ Hraparak.am-ը հարցրեց, թե ի՞նչն են հիմա իրենք վիճարկում, եթե Փաշինյանը տվել է Գագիկ Ծառուկյանի սահմանումը, որ նա խոշոր սեփականատ է, այլ ոչ թե օլիգարխ, բայց Մակունցը որոշեց հարցին պատասխանելու փոխարեն իր սեփական սահմանումը տալ, թե ինչ ասել է օլիգարխ։

«Դուք ի՞նչ եք հասկանում օլիգարխ ասելով, օլիգարխ բառի սահմանումը Դուք ունե՞ք»,-ասաց նա։

-Իսկ Դուք կամ ձեր խմբակցությունն ունի՞։

-Անկախ խմբակցությունից՝ դա առանձին ուժերի կողմից մեկնաբանվող եզրույթ չէ։ Այդ եզրույթն ունի հստակ սահմանում, որը նշանակում է իշխանության և բիզինեսի սերտաճում։ Եվ կառավարող ուժը, խորհրդարանական մեծամասնությունն, այո, չի ասոցացվում որևէ օլիգարխիայի հետ, և օլիգարխները կարող են լինել միայն այս տիրույթում։ Սա է ամբողջը։

-Հիմա Նիկոլ Փաշինյանի ասածն ի՞նչ է նշանակում, Ծառուկյանը խոշոր սեփականատե՞ր է, թե՞ օլիգարխ։

-Ես այդ հարցին արդեն պատասխանեցի։

-Չպատասխանեցիք, տիկին Մակունց, խնդրում եմ ուղիղ և անկեղծ պատասխանել՝ Փաշինյանը ճի՞շտ էր Ծառուկյանի հարցում, թե՞ սխալ։ 

-Ես Ձեզ պատասխանեցի շատ սպառիչ կերպով, Դուք ուզում եք այո կամ ոչ պատասխան, ես Ձեզ տվեցի օլիգարխիայի սահմանումը, վերջնական եզրակացությունը թողնում եմ Ձեզ։