Հաջողելու շանս չկար

Հաջողելու շանս չկար

Պետք չէ զարմանալ մեր իշխանությունների ձախողումների վրա: Իսկ ինչո՞ւ պետք է հաջողեին. 2018-ին իշխանության եկած անփորձ ու սակավ գիտելիքներով տղաներն ու աղջիկները այդ իշխանությանը վերաբերվեցին որպես պատերազմում հաղթած կողմի ավար, որը պետք է մի 100 հոգու մեջ բաժանվի, մաքսիմում` իրենց ընկեր-բարեկամների, ու կուրորեն ծառայողներին հասնի:

«Ոչ մի սայի թշնամուն» սկզբունքով, նրանք սկսեցին արմատախիլ անել նախկին պրոֆեսիոնալ կադրերին, քանի որ, մի կողմից, ուզում էին ամեն ինչ տնօրինել, մյուս կողմից` պատրաստ էին պահել միայն ճամբարափոխ եղած ստրուկներին: Եվ քանի որ կուրորեն ծառայելու ունակ մարդիկ, որպես կանոն, վատ մարդիկ են, եւ նրանց մեջ քիչ են պրոֆեսիոնալները, ստացվեց, որ հներից պետական կառավարման համակարգերում, իշխանության մեջ մնացին ամենավատերը: Ճիշտ է` 2018 թվականին ՔՊ-ականները դեռ կարծում էին, որ մեծ թվով լավ, պրոֆեսիոնալ կադրեր չեն կարողացել առաջ գնալ ՀՀԿ-ական իշխանության դիկտատի պատճառով, ուստի սկսեցին քաստինգներ անել, որ ստվերում մնացած մարդկանց առաջ քաշեն, բայց այդ քաստինգներն անողներն այնքան անգետ ու կողմնակալ էին, որ նորմալ մարդիկ չընտրվեցին, ընտրվածների մեծ մասն էլ հետագայում նորից դուրս մղվեց: Եվ մնացին իրենք իրենցով:

Պարզվեց` ոչ մեկի խորհուրդը չեն ուզում լսել, քանի որ իրենք ամեն ինչ գիտեն: Իրենց թույլ տված սխալները չեն գիտակցում, որովհետեւ «ինչ ուզում, բանակցում են»` իրենց «զրոյական կետից»: Իսկ երբ սկսեցին սխալներ թույլ տալ, այն էլ` ինչպիսի՜ սխալներ, պարզվեց` բոլորը մեղավոր են, բացի իրենցից: Իրենք անմեղ զոհեր են, միամիտ ծուղակն ընկած պատանյակներ, բարդ ժամանակաշրջանում իշխանության եկած դժբախտ ու խեղճ երեխեք, որոնք ուզում էին, որ լավ լիներ, բայց «ստացվեց՝ ինչպես միշտ»: