ԱԱԾ եզրակացությունը էներգետիկ վթարի մասին կարող է  վտանգել հայ-իրանական հարաբերությունները

ԱԱԾ եզրակացությունը էներգետիկ վթարի մասին կարող է  վտանգել հայ-իրանական հարաբերությունները

Հուլիսի 10-ին Երեւանում արտակարգ իրավիճակ էր։ Մի քանի վարչական շրջան հոսանքազրկվել էր։ Հոսանքի տատանումներից տներում սառնարաններ ու համակարգիչներ էին փչանում, հոսանքազրկվել էին պետական հիմնարկներ, կանգնել էին մետրոյի գնացքները, եւ մարդկանց էվակուացնում էին մետրոյի կայարաններից։ Առավել վատատեսներն էլ կանխատեսում էին, որ 92 թվականը կրկնվում է։ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, սակայն, այսպես մտածողներին հակադարձում է․ «Հանրապետությունում հոսանք չկար։ Նման բան առաջին անգամ եմ հիշում»։ Ֆեյսբուքյան իր էջում նա թվարկել էր վտանգները։ «Բա որ ատոմակայանն աշխատելուց լիներ։ Բա որ Ադրբեջանն ավելի կազմակերպված լիներ»։  

Փոխվարչապետ Ավինյանը հայտարարեց․ «Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ»։
Վթարից երկու օր անց վարկածներ շարադրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Հոսանքազրկման պատճառը կայաններից մեկում տեխնոլոգիական խնդիրներն է կամ էլ իրանական կողմում հոսանքի հնարավոր տատանումները։

Նա ասաց, որ 7 օրվա ընթացքում կուսումնասիրվեն Երեւանի ՋԷԿ-ի, Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի եւ մյուս բոլոր խոշոր ենթակայանների ֆազային լարումները։

ԱԱԾ-ն էլ իր ուսումնասիրությունները սկսեց։ Այս մեկի եզրակացությունը պետք է տրվեր 10 օրում։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հուլիսի 12-ին լրագրողներին հայտնեց․ «Եղել է էներգահամակարգի խոշոր խափանում, եւ պետք է իրականացնել ստուգողական աշխատանքներ, որպեսզի պարզել՝ դա եղել է միտումնավոր միջամտությա՞ն արդյունքում, թե՞ տեխնիկական պատճառներով։ Այս բոլոր վարկածները կստուգվեն, կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։ Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է, 10 օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն»։

Երեկ լրացավ ԱԱԾ տնօրենի խոստացած ժամկետը, սակայն եզրակացությունը դեռ հրապարակված չէ։ «Հրապարակի» հարցին, թե կա՞ արդյոք խոստացված եզրակացությունը, ԱԱԾ մամուլի կենտրոնի տնօրեն Սամսոն Գալստյանն ասաց․ «Վթարի հետ կապված՝ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Արդյունքներն ունենալուց հետո նոր տեղեկատվություն կտրամադրենք»։

Մեր տեղեկություններով, բացահայտվել են որոշ հանգամանքներ, որոնք կարող են հարվածի տակ դնել հայ-իրանական խաղաղ հարաբերությունները։ Ահա ինչու ԱԱԾ-ն հապաղում է իր ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ գոնե կարճ տեղեկություն հաղորդել։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ հայ-իրանական հարաբերություններին չվնասելու պատճառով է հետաձգում եզրակացության հրապարակումը, պատասխանեց, որ այս պահին լրացուցիչ տեղեկատվություն չունի։ Սամսոն Գալստյանը չկարողացավ նաեւ նշել, թե երբ պատրաստ կլինի եզրակացությունը։