Դատարանն առաջինը քննեց Քոչարյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը. նիստը հետաձգվեց

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության քննությունը հետաձգվեց. այն կշարունակվի վաղը, ժամը 11:00-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրողներից Վահագն Մուրադյանը:
Նրա խոսքով՝ առաջինը քննարկվել է ՀՔԾ-ի միջնորդությունը՝ Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ. «Առաջինը քննարկվեց ժամկետի միջնորդությունը, քննիչը ներկայացրեց, պաշտպանները իրենց առարկություններ են հայտնում, դեռ չեն վերջացրել: Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց 11:00-ին»:
Դատախազը նշեց, որ իրենք միակարծիք են քննիչի միջնորդության հետ, սակայն հիմքերի մասին ոչինչ չի կարող ասել:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ մինչ այդ նաև գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին:
Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը կրկին կալանավորվել է:
Քոչարյանը մեղադրվում է «Մարտ 1֊»ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Կարծիքներ