Վանեցյանի գլխավորությամբ Արմավիրում կայացել է ՀՖՖ գործկոմի նիստը

Վանեցյանի  գլխավորությամբ Արմավիրում կայացել է ՀՖՖ գործկոմի  նիստը

ՀՖՖ  պաշտոնական կայքից տեղեկանում ենք,որ մայիսի 25-ին՝ Արմավիրում, կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը: Օրակարգում եղել են  Վաղարշապատի և Արմավիրի ֆուտբոլի ակադեմիաների, ՀՖՖ հերթական ժողովի անցկացման օրվա և վայրի, ՀՖՖ նոր հաստիքացուցակի հարցերը, ինչպես նաև ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի առաջարկը:Գործկոմը որոշել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան՝ որպես առանձին ՓԲԸ ձևավորելու 2018 թվականի հունիսի 30-ի ՀՖՖ ժողովի որոշումն անվավեր ճանաչելու և ակադեմիան ՀՖՖ վարչական կառուցվածքի մեջ՝ որպես առանձին ստորաբաժանում ներառելու և դրա հիմքի վրա ԲԿՄԱ ստեղծելու հարցը ներկայացնել ՀՖՖ հաջորդ հերթական ժողովի քննարկմանը:ՀՖՖ Գործկոմի անդամները քննարկեցին Արմավիրի ֆուտբոլի ակադեմիան «Լանս» ֆուտբոլային ակումբի հետ համագործակցող ASK ֆրանսիական ընկերությանը 25 տարի ժամկետով օգտագործման հանձնելու առաջարկը: Ընդհանուր առմամբ առաջարկն արժանացել է Գործկոմի անդամների հավանությանը և որոշում ընդունվել՝ առաջարկել ASK ընկերությանը ներկայացնել առաջարկի մանրամասն նկարագրությունը Գործկոմի հաջորդ նիստին:ՀՖՖ Գործադիր մարմինը որոշել է նաև անցկացնել ՀՖՖ հերթական ժողովը ՀՖՖ շտաբ-բնակարանում 2019 թվականի հունիսի 26-ին:Գործկոմի անդամները հաստատել են  ՀՖՖ նոր հաստիքացուցակը և Ակումբների արտոնագրման գալիք մրցաշրջանի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունը՝ կանանց թիմի ապահովումը սահմանել որպես Ա կարգի պահանջ (այն է՝ պահանջի չկատարումը հանգեցնում է արտոնագրի մերժմանը), իսկ ֆուտզալի թիմի ապահովումը սահմանելով Բ կարգի պահանջ (այն է՝ պահանջի չկատարումը հանգեցնում է կարգապահական տույժի ակումբի նկատմամբ՝ ըստ ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի):