Տարօրինակ է․ Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին

Տարօրինակ է․ Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին

Այսօր կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է արգենտինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե «Ռուսաստանը և Հայաստանը խոսում են տարբեր լեզուներով»։

«Կուզենայի ծաղրել, բայց, ինձ թվում է, չարժե դա անել: Ոչ թե այն պատճառով, որ ես չկարողացա բառախաղ անել լեզուների մասին արտահայտության հետ կապված, կարո՛ղ էի, այլ որովհետև նման մարդիկ Հայաստանը տանում են փակուղի»,-նշել է դիվանագետը:

Զախարովան նշել է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու հնարավորության մասին հարցին պատասխանել է, որ չի կարող կանխատեսել ապագան․
«Դա տարօրինակ է: Սովորաբար իշխանության ղեկին գտնվող քաղաքական գործիչները ոչ թե պարզապես կանխատեսում են ապագան, այլ նրանք են այն ստեղծում։ Նրանք կարող են կանխատեսել միտումները և ասել, որ ամեն ինչ կանեն, որպեսզի, օրինակ, բացասական սցենարը իրականություն չդառնա: Ցավալի է լսել, թե ինչ է նա ասել՝ հատկապես հաշվի առնելով այսօր նշվող մեր երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման տարեդարձը»։