Ում կադրային ջարդն էր առավել տպավորիչ

Ում կադրային ջարդն էր առավել տպավորիչ

«Էսպես էլ բան կեղնի, հիմնահատակ փոփոխություններին չենք հասցրել ընտելանալ, նորից փոփոխություններ….: Էլի նստած կսպասենք:Կըսեն՝ փոխմարզպետը պըդի փոխվե, վարչության պետերը, հըմի էլ ըսոնց քթով տի էրթանք»,-մեզ հետ զրույցում նեղսրտեց Շիրակի մարզպետարանի հնաբնակներից մեկը: Մեր զրուցակիցը շարքային աշխատող է եւ իր խոսքերով կորցնելու ոչինչ չունի, ուստի անկեղծացավ. «Մե Ֆելիքս Ցոլակյանն էր, որ հեչ մեկի խաթրին չկպավ, կադրերին ձեռ չտվեց, մարդկանց թողեց, որ աշխատեն»,-ասում է նա՝ հիշելով, որ կադրային որոշակի փոփոխություններ արեց դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզպետ նշանակվելուց մեկ շաբաթ անց աշխատանքից ազատեց մարզպետի երկու օգնականներին եւ նրանց փոխարեն նշանակեց իր կուսակիցներին: Մարզպետը նույն գործելաոճն ընտրեց ՊՈԱԿ –ների նկատմամբ: Նրան հաջորդող կրկին դաշնակցական Արթուր Խաչատրյանը համեմատաբար մեղմ էր. «Սիմոնյանի կադրերին պահեց, համենայնդեպս, եղած-չեղածին մարզպետարան չբերեց»,-ասաց նա: Արթուր Խաչատրյանի օրոք միակ կադրային փոփոխությունը, թերևս Շիրակի մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի աշխատանքից ազատվելն էր, որը փոքր-ինչ սկանդալային եղավ:

Վարչության պետի պաշտոնից հրաժարվելու պատճառը նրա տված հարցազրույցն էր լրատվականներից մեկին: Մարզպետարանում աղմուկ բարձրացավ, ու թեև Հովհաննես Հովհաննիսյանի հաջորդ քայլը ներողություն խնդրելը եղավ, այնուամենայնիվ նրան չներեց երևանցի մարզպետը: Արթուր Խաչատրյանը մամուլում նույնպես հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ վարչության պետն իր պաշտոնին ոչ հարիր արտահայտություն է արել, նկատողություն է ստացել, սակայն աշխատանքից ազատվելու հրահանգ չի ստացել: Ինչևէ, մարզպետարանի աշխատակցի խոսքերով կադրային ջարդ ասվածը իրականում տեսան ու իրենց մաշկի վրա զգացին իշխանափոխությունից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, մարզպետ Կարեն Սարուխանյանը, կոռուպցիոն ռիսկերը վերացնելու անվան տակ, վարչության պետերից, օգնականներից, խորհրդականներից սկսած իր թիմակիցներով փոխարինեց: «Հետո էլ ըդոնց առավ ու խորհրդարան տարավ: Հասմիկ Կիրակոսյանին, որ հանեց…., իրոք հեղափոխություն էր, Հասմիկը մեզի համար հավերժ կթվար…, մե փոխմարզպետն է մնացել, էդ էլ կփոխվի, էս է բան չմնաց, սկսել է…..»,-նոր մարզպետին ակնարկելով՝ հուսահատորեն փնչացրեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը երեկ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ամբողջ աշխատակազմի հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզպետարաններում առաջիկայում սպասվելիք կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր: Մարզպետարանի պատերից դուրս շշուկներ են պտտվում, որ շուտով մարզպետի անմիջական միջամտությամբ կառավարությունը Շիրակի փոխմարզպետի պաշտոնը կհանձնի Տիգրան Պետրոսյանի ամենամտերիմին՝ Ղարիբ Հարությունյանին: Վերջինից hraparak.am-ը հետաքրքրվեց՝ որքանով են իրատեսական խոսակցությունները: «Դե, դրանք խոսակցություններ են, ինչպես միշտ»,-կարճ պատասխանեց Ղարիբ Հարությունյանը:

Ի դեպ, նորանշանակ մարզպետն արդեն հասցրել է հայեցողական երկու ՝ օգնականի եւ խորհրդականի պաշտոններում նշանակել իր թիմակիցներին՝ ազատվելով Սարուխանյանի կադրերից: Մարզպետարան մտնողներին այս օրերին զարմացնում են նաև Տիգրան Պետրոսյանի կտրուկ փոփոխությունները: Նա այս ընթացքում հասցրել է ազատվել նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանի գաղափարից: Նախկին մարզպետը մարզպետարանի միջանցքում փակցրել էր բոլոր տարիներին կառավարած մարզպետների լուսանկարները:

Մարզպետներից Կարեն Սարուխանյանին, երևում է, գաղափարն այնքան էր դուր եկել, որ հեռանալիս մյուսների անգույն նկարի կողքին իր գունավոր նկարն էր թողել: Եթե ոմանց նկարների այս պատը դուր էր գալիս, շատերին սովետական շրջանի պալիդբյուրոյի կազմն էր հիշեցնում: Տիգրան Պետրոսյանը պատից իջեցրել է բոլոր նկարները: Անկուսակցական մարզպետի նորամուծություններից է քաղաքացիներին ընդունելու եւ լսելու ձևը: Հանել տալով իր առանձնասենյակ տանող երկրորդ դուռը՝ մարզպետը քաղաքացիներին ընդունում եւ նստեցնում է իր աթոռին, իսկ ինքը նստում է քաղաքացիների համար հատկացված աթոռներին: «Գուցե ավելորդ պոպուլիզմ է, բայց նորանշանակ մարզպետն այսկերպ է փորձում վերացնել ստեղծված անջրպեդը պաշտոնյայի եւ քաղաքացու միջև»,-նշում են քաղաքացիները: