Ի՞նչ արժեն այսօր 30 արծաթը

Ի՞նչ արժեն այսօր 30 արծաթը
Գագիկ Բաղունց

Երկու սկզբունք (առաջին հայացքից, թվում է, թե անհամատեղելի և անհամաչափ) - «մի դատիր, որ չդատվես»  և «կեղտը մի քչփորի գարշահոտություն չի արձակի», ստիպում են ինձ լինել առավելագույնս զուսպ  վարմունքներում և արտահայտումներում: Սակայն լռել, համոզված եմ, իրավունք չունեմ: Խոսքս  «Հրապարակ.am» կայքում երեկ հրապարակված Վահրամ Աթանեսյանի  «Հայաստանի վարչապետին չեն աջակցում, իսկ իրենց նախագահի°ն» հոդվածի մասին է, որտեղ հեղինակը ընդգծված մենտորական տոնով պարսավում է ամենքին և ամեն ինչ:
    

Մեր ծնողների մտերմությունը, մեր ընտանիքների գրեթե կեսդարյա բարեկամությունը կասկած չի հարուցում առ այն, որ դու քաջատեղյակ ես, թե ինչպիսի ընտանիքում և ինչպես եմ ես դաստիրակվել, ինչպիսի կյանքի ճանապարհ  անցել՝ լինի դա կրթական և գիտական, մարզական կամ ռազմական: Եվ ամենուր այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են պատիվ, բարոյական և քաղաքացիական պարտք, ինձ համար եղել են  ամենից  վեր: Ու հենց այդ ամենն էլ թույլ չի տալիս ինձ իջնել քո իսկ ոճով քեզ պատասխանելու մակարդակին: Սակայն մի սպանիր իմ մեջ «վերջին մոհիկանին», որը երևի միակն է Արցախում, այսպես թե այնպես ներքաշված քաղաքականության մեջ, որ լսելով քո անունը չի աղտոտում իր լեզուն: Եվ եթե դու կարծում ես, թե քաղաքականությունը անբարոյականություն է և այստեղ բոլոր մեթոդները թույլատրելի են, ապա դա նշանակում է, որ չնայած քո անբասիր գրագիտության և անալիտիկ մտածողության, այդպես էլ ոչինչ չես հասկացել ոչ կյանքում, ոչ էլ քաղաքականությունում: Քաղաքականությունը այն է, ինչ պատմական մեծ անձերը կատարում են իրենց երկրի բարօրության համար, հանուն քաղաքակրթության զարգացման: Իսկ մնացածը – միայն քաղաքական գործընթացի «կղկղանքներն ու զկրտոցներն են»:
 

Իսկ հիմա անդրադառնամ պարոն Աթանեսյանի մեղադրանքների քաղաքական բաղադրիչներին:  Չեմ ասի «за  всЮ Одессу »: Փաստեր ու միայն փաստեր  «Շարժում-88»-ի կոնտեքստում:
1. 2012 թվականին կուսակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը ղեկավարում էր Բակո Սահակյանի հետ նախագահական ընտրություններին մասնացկող Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը:
2. 2015 թվականին մեր կուսակցությունը ԼՂՀ Ազգային Ժողով մտավ՝ իրեն դրսևորելով որպես բացառապես ընդդիմադիր քաղաքական ուժ, «այսպես շարունակել չի կարելի» կարգախոսով:
3. 2017թվականին ԼՂՀ նախագահի ընտրությունների «Շարժում-88» խմբակցությունը միաձայն քվեարկեց թեկածությունը առաջադրած իր առաջնորդ Էդուարդ Աղաբեկյանի օգտին:

Պարոն Աթանեսյան, ինչպե°ս է այս ամենը համատեղվում  քո  ասած  «վերջին 12 տարի» «Շարժում-88»-ը նախագահին հենարան հանդիսացող» պնդման հետ:

Ոչ մեկը  չի նսեմացնում այն դրականը, որը ստեղծվել է Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի կառավարման օրոք: Ե՛վ իմ և՛ մեր խմբակցության մյուս անդամների մոտ միշտ էլ հերիքում էր ազնվությունը և պետականաշինության գործում պոզիտիվը տեսնելու ցանկությունը: Սակայն չտեսնել և չքննադատել, օրինակ, հետպատերազմյան երկրում  հանրության  ավելի և ավելի անընդունելի բևեռացումը, կրթական համակարգի կատաստրոֆիկ գլորումը անթույլատրելի ցածր մակարդակի  դա  արդեն անբարո է: Եվ պետք չէ գիտակցաբար կամ չգիտակցված խառնել Բակո Սահակյանի քաղաքական կուրսի նկատմամբ վերաբերմունքը նրա անձի նկատմամբ վերաբերմունքի հետ: Իսկ մեղադրել անգործության և լռության մեջ «Շարժում-88» կուսակցությանը (հետևաբար և ինձ), ում անդամները ծանրակշիռ  վաստակ ունեն Ղարաբաղյան ազատամարտում  (ինչ-ինչ, մեր մարտական պարգևները հստակ կգերակշռեն ձեր 30 արծաթը) ու պետության կայացման գործում,  իսկապես անբարո է:

Ինչ վերաբերում է 2018 թվականի թավշյա հեղափոխությանը,  մասնավորապես Նիկոլ Փաշինյանի անձի ընկալմանը, ապա պարոն Աթանեսյանը քաջատեղյակ է «Շարժում-88»-ի դիրքորոշման: Ավելին, բառացիորեն ծանոթ է ինչպես իմ ելույթներին 2018 թվականի գարնանը ԱԺ ամբիոնից, այնպես էլ իմ բազմաթիվ հոդվածներին արցախյան և հայաստանյան մամուլում, որտեղ թավշյա հեղափոխության գաղափարները ողջունվել են մեծ խանդավառությամբ շատ ավելի շուտ, քան «Ազատ Հայրենիք» կուսակցությունը իր համախոհությունն է արտահայտել Նիկոլ Փաշինյանի գաղափարներին:

Եվ վերջում խորհուրդ կտայի պարոն Աթանեսյանին, օգտվելով  «բարենպաստ․ պայմաններից, հանուն կուսակցական և նեղ անձնական շահերի չփորձել ամայացնել քաղաքական դաշտը: Դա արդեն կլինի ոչ թե ժողովրդավարության կայացմանը նպաստող հեղափոխություն, այլ՝ հեղափոխական տեռոր:

P.S.  Պարոն Աթանեսյանին  «դու»-ով դիմելը խնդրում  եմ ընդունել ոչ թե իմ համապատասխան դաստիարակության պակաս, այլ նրա նկատմամբ «հարգանքի ճգնաժամի»:
P.P.S. Թող ներեն իմ ավելորդ հուզականության Աստված և պարոն Աթանեսյանի ընտանիքի անդամները, որոնց ես առաջվա պես հարգում և սիրում եմ:
P.P.P.S. Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ակամայից դարձա, մեծ հաշվով, բացառապես անտեղի դիսկուրսի մասնակից մեր ազգի առջև ծառացած գլոբալ  մարտահրավերների  ֆոնի  վրա:


ԱՀ ԱԺ «Շարժում-88» 
խմբակցության քարտուղար Գագիկ Բաղունց