ԵՊՀ-ն, ի հեճուկս Սանասարյանի և պայմանագրի պահանջով՝ շարունակում է համագործակցել «Ալֆա դելտա»-ի հետ

ԵՊՀ-ն, ի հեճուկս Սանասարյանի և պայմանագրի պահանջով՝ շարունակում է համագործակցել «Ալֆա դելտա»-ի հետ

Այս տարի ևս ԵՊՀ գնումների պլանով նախատեսում է նաև օգտվել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն պատկանող «Ալֆա դելտա» ընկերության պահնորդական ծառայություններից։

Hraparak.am-ի հետ զրույցում Մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց․ «Այստեղ ոչ մի խախտում չկա, և հետո, այդ ընկերության հետ պայմանագիրը կնքված է 3 տարով։ Եթե ես հիմա չշարունակեմ պայմանագիրը, նա կգնա դատարան և մեզ դատի կտա։ Եվ հետո մարդիկ ողջ համալսարանի շենքերը հսկում են, պահպանման ծառայության մրցույթը իրենք են շահել և ես ինչի՞ հիման վրա պիտի բան չանեմ»։

Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցն իր հայտնի՝ մոտ 6-ամսյա ստուգումների ժամանակ 800 միլիոն դրամի վնաս էր հայտնաբերել։ Խախտումներ տեսել էին նաև պահնորդարական ծառայության մրցույթում․ մասնավորապես մասնակիցը գնային առաջարկ է ներկայացրել, որ այս ամբողջ ծառայությունը պատրաստ է մատուցել 6 մլն 125 հազար դրամով, 2 ամիս անց կնքվել է համաձայնագիր, որ այդ ծառայության արժեքը կարող է բարձրանալ:

«Սա հանդիսանում է խախտում: Գինը կարող է փոփոխվել որոշակի գործոնների ազդեցությամբ միայն երեք տարին գերազանցող ժամանակահատվածի համար»,- նշել էր վերահսկողության ծառայության աշխատակից Դավիթ Ադյանը։

Հարցին, թե ուր մնացին Սանասարյանի բացահայտումները, Արամ Սիմոնյանը պատասխանեց․ «Սանասարյանն այդպես է որոշել, ինքն իր կարծիքն ուղարկել է դատախազություն, մենք էլ դատախազություն ուղարկել ենք մեր կարծիքը, որով հերքում ենք իր ասածը»։

Արամ Սիմոնյանը հավելեց՝ եթե դատախազությունը կամ համապատասխան մարմինները կորոշեն, որ սխալ է եղել, այն ժամանակ կդադարեցնի։ Իսկ հիմա ԵՊՀ ռեկտորը չի կարող չշարունակել պայամանագիրը, որովհետև կնքվել է իրավական փաստաթուղթ։