Սահակաշվիլին չի կարող վերադառնալ Ուկրաինա․ արձագանք Կիեւից

Սահակաշվիլին չի կարող վերադառնալ Ուկրաինա․ արձագանք Կիեւից

Միխեիլ Սահակաշվիլին չունի օրինական հիմքեր Ուկրաինա մուտք գործելու համար։ Նա չի կարող վերադառնալ Ուկրաինա։ Այս մասին ըստ ТСН-ի արձագանքել են Ուկրաինայի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունից` ի պատասխան Վրաստանի նախկին նախագահի այն հայտարարությանը, որ արդեն տոմսեր է գնել վերադարձի համար։

Կիեւում պաշտոնապես պարզաբանել են, որ Սահակաշվիլին 2017-ի սեպտեմբերին անօրինական կերպով է հատել լեհ-ուկրաինական սահմանը, ինչը եւ հաստատվում է օրինական կերպով ուժի մեջ մտած դատավճռով։ Կիեւում նաեւ ասել են, որ Ուկրաինայում իր կատարած օրինախախտ գործողությունների համար Սահակաշվիլու մուտքը այդ երկիր սահմանափակվել է մինչեւ 2021 թվականը։

Սահակաշվիլին էլ իր հերթին է արձագանքել այս հայտարարությանը եւ ասել է, որ դեռ պատրաստ է սպասելու մի փոքր էլ։ Օդեսսայի նախկին նահանգապետը նկատել է, որ քանի դեռ իշխանության ղեկին Պորոշենկոն է, ինքն այլ պատասխան չէր էլ ակնկալում Սահմանապահ ծառայությունից։