Ռեժիսորը շարունակում է հացադուլը՝ վտանգելով առողջությունը

Ռեժիսորը շարունակում է հացադուլը՝ վտանգելով առողջությունը

Դեռ 2018 թ․ դեկտեմբերի 3-ին «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ընկերության տնօրեն, պրոդյուսեր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ էր սկսել՝ «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի ֆինանսավորման իր իրավունքները Հայաստանի ազգային կինոկենտրոնից պահանջելու համար։ Դեկտեմբերի 12-ին մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից ստանալով ֆիլմի պետական ֆինանսավորման վերսկսման երաշխիքներ՝ ռեժիսորը դադարեցրել էր հացադուլը, որը, սակայն, վերսկսել է փետրվարի 3-ին, քանի որ տրված երաշխիքները մնացել էին անկատար։ «Հանդիպման ընթացքում Լիլիթ Մակունցը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը վերսկսելու հստակ երաշխիքներ էր տվել ինձ եւ հանձնարարականներ՝ կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Միրզախանյանին։ Մակունցը նշել էր գումարի չափը, պայմանագրի մանրամասներ՝ կապված ժամանակացույցի հետ, ինձ մաղթել էր հաջողություններ նկարահանման հրապարակում, որից հետո ես դադարեցրել էի հացադուլը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Հովհաննես Գալստյանը, ով նաեւ նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հրավիրել վերջինիս ուշադրությունը ստեղծված անելանելի վիճակի, ՀՀ Ազգային կինոկենտրոնի ներկայիս ղեկավարության անկազմակերպ, անթույլատրելի, հակաօրինական գործունեության վրա։ 

Հացադուլի այս 10 օրերի ընթացքում բազմաթիվ արվեստագետներ եւ կինոգործիչներ են այցելել Գալստյանին, ինչպես նաեւ բաց նամակով դիմել կառավարությանն ու մշակույթի նախարարությանը, բայց՝ ապարդյուն։ Ավելին, 2 օր առաջ մշակույթի նախարարությունն էլ իր հերթին էր կոչ արել ռեժիսորին՝ դադարեցնել հացադուլը․ «Քանզի վերջնագիրն այս դեպքում արդյունավետ միջոց չէ որեւէ փոխհամաձայնության գալու եւ առաջացած խնդրին լուծում տալու համար: Ավելին, հացադուլի դիմում են այն մարդիկ, որոնք իրենց իրավունքները պաշտպանելու որեւէ այլ միջոց այլեւս չունեն, եւ որոնց ներկայացրած պահանջներն անվերապահորեն արդարացի են: Մինչդեռ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման գործընթացում վիճելի խնդիրներ կան ե՛ւ նախարարության, ե՛ւ կինոկենտրոնի համար: Այդ խնդիրները պարզաբանելու համար ու դրանց լուծման նպատակով հարուցվել է դատական գործ՝ «Պարալլելս պրոդաքշն» ընկերության եւ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի միջեւ, եւ դատարանը կպարզի որեւէ կողմի իրավացիությունը»։