Հուշարձանների պահպանության կոմիտեի ստեղծումն անհրաժեշտություն է

Հուշարձանների պահպանության կոմիտեի ստեղծումն անհրաժեշտություն է

Մշակույթի նախկին փոխնախարարներից եւ ոչ մեկը չվերանշանակվեց նոր կառավարության կազմում, սա արդյո՞ք նշանակում է, որ նրանց աշխատանքից դժգոհ էին․ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը դժվարանում է պատասխանել հարցին։ Ամեն դեպքում, անակնկալի չի եկել, որովհետեւ «քաղաքականության մեջ միշտ պետք է պատրաստ լինես, որ կարող է ամեն օր լինել վերջին օրը»,- ասում է ու ձեռնպահ մնում նոր փոխնախարարների նշանակումների շուրջ որեւէ գնահատական տալուց․ «Թող աշխատեն՝ կտեսնենք»։  

Նախկին փոխնախարարն այս ընթացքում ստացել է տարբեր առաջարկներ, բայց ինչպես ինքն է նկատում՝ հուշարձանների պահպանության կոմիտե բացելու պարագայում նպատակահարմար կգտնի իրեն այնտեղ տեսնել․ «Մեկ տարի նախարարության կազմում աշխատելով հասկացա, որ մենք ունենք հուշարձանների պահպանության քաղաքականությամբ զբաղվող մշակույթի նախարարություն, որը չունի տեսչական մարմին, ինչից էլ առաջանում են հիմնական խնդիրները։ Քաղշինն ունի, քաղաքապետարանն ունի իր քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունը, բայց մշակույթի նախարարությունը չունի։ Եթե որեւէ խախտում էր լինում, մենք դիմում էինք ոստիկանություն, բայց շատ դեպքերում ոստիկանը հուշարձանի մասնագետ չէ։ Օրինակ՝ եթե 13-րդ դարի որեւէ եկեղեցու ներսում սալահատակում է կատարվում նոր քարով, որը համաձայնեցված չէ մշակույթի նախարարության հետ, մենք դիմում ենք ոստիկանություն, ոստիկանը գնում տեսնում է իր աչքերով, որ որեւէ վատ բան տեղի չի ունենում, հատակը սալիկապատում են, խաչքար է տեղադրվում։ Ոստիկանն այստեղ հանցակազմի նշաններ չի տեսնում, բայց մենք հետագայում դա ուղարկում ենք դատարան․ այդ պրոցեսը կարող է տեւել մի քանի տարի։ Այսինքն՝ արդյունքը շատ է հեռանում»։ 

Նա ընդգծում է՝ տեսչական մարմին չունենալը լրջագույն խնդիր է նախարարության համար։ «Տեսչական մարմին չունենալն այն պատճառներից մեկն է, որ երբ քաղաքում որեւէ մի հուշարձան խնդիր է ունենում, միանգամից, որպես պատասխանատու, մատնանշում են մշակույթի նախարարությանը, բայց նախարարությունը չունի տեսչություն, դա ունեն քաղաքապետարանն ու համայնքապետարանները, դրա համար կոլապս է առաջանում դաշտում»,- ասում է ու նկատում, որ եթե տեսչական մարմին ստեղծված լիներ, Արամի 23-ի նման հուշարձանների խնդիրն ավելի շուտ լուծում կստանար։ 

Հուշարձանների վերականգնման բյուջեն շատ փոքր թիվ է կազմում, ըստ այդմ՝ անհնար է այդ գումարով վերականգնել Հայաստանի հուշարձանները, որոնց թիվը մոտ 25 հազար է, իսկ բյուջեն՝ 250 մլն դրամ, որը բավականին փոքր գումար է․ «Այդ 250 մլն-ն էլ հատկացվում է մշակույթի նախարարության՝ կառավարության բալանսում գտնվող հուշարձանները վերականգնելու համար։ Այն հուշարձանները, որոնք ունեն սեփականատեր կամ օգտագործող, ըստ օրենքի, նրանց պարտականությունն է կատարել հուշարձանի պահպանությունը»։ 

Տիգրան Գալստյանը Վրաստանի օրինակն է բերում, որտեղ տարիներ առաջ նույն օպտիմալացման արդյունքում մշակույթի, սպորտի, կրթության, գիտության նախարարությունները միացվեցին իրար, բայց մեկ տարի անց հասկացան, որ այդ մեծ կառույցը հուշարձաններով չի կարողանում զբաղվել, եւ հուշարձաններին առանձին կոմիտեի կարգավիճակ տվեցին, որը նախարարությանը հավասար է։ «Ավելի տրամաբանական կլինի միանգամից օգտագործենք Վրաստանի փորձը եւ չերկարացնենք»,- ասում է Գալստյանն ու նկատում, որ առիթ ունեցել է կոմիտեի հարցը բարձրաձայնելու մասնագիտական դաշտում, նախարարության ներսում որոշակի քննարկում եղել է, նախնական հավանություն կա, բայց կոմիտեներն օրենքով են ստեղծվում եւ փակվում, միայն նախարարի որոշումն այս դեպքում քիչ է։  

«Ուժեղ կոմիտե ունենալու անհրաժեշտությունը գալիս է նաեւ նրանից, որ հասկանանք, թե ինչ ձեւափոխություններ կարելի է անել այդ հուշարձանի հետ, որպեսզի իր հուշարձանային արժեքը պահպանելով՝ ծառայի այսօրվա աշխարհի ժամանակակից պահանջներին։ Հուշարձանը պահպանելու համար շատ կարեւոր է գտնել պահպանելու ձեւը՝ հատկապես քաղաքային միջավայրում գտնվող հուշարձանների դեպքում։ Օրինակ՝ Իտալիայում ոստիկանության մեջ ունեն հուշարձանների մասնագետներ եւ նրանց միջոցով են կատարում թե՛ հուշարձանների պահպանությունը, թե՛ վերահսկողությունը։ Պարսկաստանում զինված ուժերն են վերահսկողություն կատարում հուշարձանների նկատմամբ։ Շատ կարեւոր է, որ կոմիտեն լինի ուժեղ մարմին, ներդրողներին ներկայացնի պահանջներ, թե որն է մեր տեսլականը, ինչպես ենք մենք պատկերացնում մեր հուշարձանների պահպանությունը»,- ընդգծում է Գալստյանը։

Այն, որ մշակույթի նախարարությունն իր ենթակայության տակ ունի արդեն Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն, եւ կոմիտեն ինչով է տարբերվելու այդ կառույցից իր գործառույթներով, Գալստյանն ասաց․ «Գործակալությունը չունի այն լիազորությունները, որ կարող է ունենալ կոմիտեն։ Գործակալությունը նախարարության ներսում գտնվող կառույց է, իսկ կոմիտեն ավելի ինքնուրույն կառույց է լինելու՝ նեղ մասնագիտացված գործառույթ իրականացնող կառույց։ Ավելի շատ լիազորությունների հարց է։ Հայաստանում մարդիկ խուսափում են հուշարձան-շենք առնել, որովհետեւ մտածում են՝ քաշքշոցի մեջ կընկնեն, բայց կոմիտեն պետք է կառավարության հետ մշակի կոնկրետ տեսլական, թե որն ենք մենք համարում հուշարձանի պահպանությունը»։ Թե կոմիտեի ստեղծումը որքանով է իրատեսական, Գալստյանն ասաց, որ քաղաքական կամք լինելու դեպքում այն բավականին արագ կլինի։