Բոլոր գերատեսչությունների ղեկավարների 90 տոկոսը ՊՎԾ պետի ընկերներն են

Բոլոր գերատեսչությունների ղեկավարների 90 տոկոսը ՊՎԾ պետի ընկերներն են

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, իմքայլական Տիգրան Ուլիխանյանին երեկ վերջապես կարողացանք կառավարության նիստից հետո մի քանի հարց ուղղել ՊՎԾ-ի սկսած տոտալ ստուգումների վերաբերյալ։ Մենք նրան մի քանի օր է՝ զանգում էինք, որպեսզի մեր հարցերին պատասխանի, սակայն նա հետեւողականորեն չէր պատասխանում հեռախոսազանգերին։ Եվ երեկ խոստովանեց դա՝ նշելով, որ իրենց կառույցի մասին մենք, միեւնույն է՝ հրապարակումներ ենք անում, գրում ենք, ուստի անիմաստ է համարում պատասխանելը։

Բայց տարօրինակ է, որ մենք նրան մոտենում կամ զանգահարում էինք հենց պարզաբանումներ ստանալու համար։ Եվ երբ չի պատասխանում մեր հարցերին, այդ ժամանակ ենք հրապարակում։ Ինչեւէ, հարցրինք՝ ինչո՞ւ են ստուգումներ սկսել ընդդիմադիր քաղաքապետերի ղեկավարած համայնքապետարաններում, քանզի իրենց մեղադրում են, որ ՊՎԾ-ն քաղաքական գործիք է դարձել իշխանությունների ձեռքին՝ ընդդիմադիրներին ճնշելու համար, եւ քաղաքական պատվեր է կատարում։ Օրինակ՝ ՊՎԾ-ի ստուգումների հիման վրա քրեական գործ է հարուցվել Սպիտակի քաղաքապետի դեմ, հիմա էլ Սյունիքի մարզի ընդդիմադիր քաղաքապետերի մոտ են ստուգումներ անցկացնում, ընդ որում՝ բոլոր համայնքապետարաններում։  «ՊՎԾ-ն ինչ էլ անի, միշտ էլ մեղադրում են»,- ասաց Ուլիխանյանը։

- Բայց Սյունիքի համայնքապետարաններ եք մտել․․․

- Եկեք մի առանձնացրեք, հա՞, ի՞նչ Սյունիք, ի՞նչ Լոռի, ի՞նչ Տավուշ, մենք մեր աշխատանքն ենք անում։

- Իսկ ինչո՞ւ հենց Սյունիքի համայնքապետարանները։

- Խնդիրը հենց Սյունիքի համայնքապետարանները չեն, շատ տեղեր ենք ստուգում։

- Բայց Սյունիքում ավելի մեծ թափով եք ստուգում, ասում են՝ անգամ պատերի գաջն եք քերում, որ հաստությունը ստուգեք, խնդիր հայտնաբերեք, մի քանի տարվա հնության գործեր եք փորփրում։

- Մենք մասնագիտական աշխատանք ենք կատարում, հանձնարարությունը եղել է, հանձնարարությանը համապատասխան՝ կատարում են։

- Էստեղ նախընտրական կամ քաղաքական ենթատեքստ չկա՞, Ձեր կարծիքով, որ չասեն, թե ՊՎԾ-ն քաղաքական պատվեր է կատարում։

- ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացնում պետական բոլոր գերատեսչություններում, բոլոր գերատեսչությունների ղեկավարների 90 տոկոսն իմ ընկերներն են, կարո՞ղ ա ես իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում եմ իրականացնում․․․ արի սենց անենք, դու այլ լրագրող ես, ինչ-որ կրթական ցենզ ունես եւ այլն, արի սենց ասեմ՝ ինքդ դատողություններ արա, ինքդ եզրակացություններ արա, ու կարծում եմ՝ պարզ կլինի։