Ադրբեջանում՝ ինչպես Ստալինի օրոք

Ադրբեջանում՝ ինչպես Ստալինի օրոք

Ադրբեջանի ՊՆ մամուլի նախկին խոսնակ, իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության հիմնադիր անդամներից Էլդար Սաբիրօղլուն հրապարակավ հրաժարվել է իր որդուց՝ Ռուվաթ Սաֆարովից: Այդ մասին ֆեյսբուքի միջոցով տեղեկացրել է վերջինս՝ հրապարակելով իրեն հասցեագրված՝ հոր նամակի լուսապատճենը:

«Մահից հետո հոգիս չի հաշտվի, որ դու մոտենաս իմ մարմնին: Այս պահից ես քո հայրը չեմ: Ես չեմ ուզում, որ դու գաս իմ գերեզմանին»,- գրել է Էլդար Սաբիրօղլուն: Ռուվաթ Սաֆարովը նախկինում զբաղեցրել է Զարդոբի շրջանի դատախազության քննիչի պաշտոնը: Մի քանի տարի առաջ նա սոցիալական ցանցերում քննադատել է Ադրբեջանի իշխանություններին, մատնանշել իրավապահ համակարգի աղաղակող թերությունները, որից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ բազմիցս կաշառք ստանալու մեղադրանքով: Սաբիրովը կալանավորվել է, դապարտվել երկարաժամկետ ազատազրկման: Այս տարվա մարտին Սաբիրովին ներում է շնորհվել:

Ըստ երեւույթին, հայտնվելով ազատության մեջ՝ նա շարունակում է ընդդիմադիր հայացքներ ունենալ, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ պաշտոնաթող հայրը հրապարակավ հրաժարվի նրանից: Միայն կարելի է պատկերացնել, թե ինչ բարքեր են տիրում Ադրբեջանում, եթե ՊՆ նախկին աշխատակիցն իր անձնական ապահովության նկատառումներով հրաժարվում է ընդդիմադիր գործչի հայրությունից: Այդպես ստալինյան ժամանակներում էին մարդիկ հրաժարվում «ժողովրդի թշնամի» իրենց հարազատներից, որպեսզի չկիսեն նրանց ճակատագիրը:

Լուսանկարում՝ Էլդար Սաբիրօղլուն եւ Ռուֆաթ Սաբիրովը