Generation Z-ը չի ցանկանում ապրել հին սերնդի կանոններով

Generation Z-ը չի ցանկանում ապրել հին սերնդի կանոններով

Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունները դեռ շարունակվելու են բազմակողմանի քննարկման նյութ լինել։ Սթափ, առանց ավելորդ հույզերի դատող վերլուծաբանները փորձում են «մի քայլ առաջ» նայել ու կանխատեսել, թե ինչպիսի ընտրություններ կլինեն մի քանի տարի անց, արդյոք իշխանությունը բավարար քաղաքական կամք կդրսեւորի՞, որպեսզի հետագայում էլ զերծ մնա ընտրակեղծիքներից, կաշառքից եւ այլ արատավոր երեւույթներից։

Չէ՞ որ, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մի քանի ամիս են պաշտոնավարել, նրանք վայելում էին հանրային լուրջ աջակցություն, եւ ընտրակեղծիքների դիմելու կարիքը չունեին։ Մշակութաբան Վարդան Ջալոյանը մեզ հետ զրույցում հիշեցնում է, որ գոյություն ունի ժողովրդավարության երկու չափանիշ․ առաջինն այն է, որ կառավարությունները պետք է ժամանակ առ ժամանակ փոխվեն, եւ եթե չեն փոխվում, ապա դա ավտորիտարիզմի նշան է։ Իսկ երկրորդն այն է, որ ընդդիմությունն այնքան շատ ձայներ պետք է ունենա, որ կարողանա ազդել կառավարության որոշումների վրա, քանի որ այդ դեպքում կառավարությունը հաշվի կառնի այդ գաղափարները։

«Քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանության է եկել հեղափոխության դրոշի ներքո, այս առումով ես չեմ զարմանում նրա ստացած քվեների բարձր տոկոսից։ Ինձ թվում է՝ հեղափոխությունը շատ անորոշ երեւույթ է, որովհետեւ հեղափոխությունից հետո են սկսում բանավեճերը, թե որ ուղղությամբ պետք է գնա հեղափոխական իշխանությունը։ Այս առումով ԱԺ ընտրությունների արդյունքները հաստատեցին հեղափոխությունը, բայց ցույց չտվեցին հեղափոխության շարժման ուղղությունը։ Հեղափոխությունն այնքանով է դրական, որ նոր ճանապարհներ է բացում»,- նշեց Վարդան Ջալոյանը։ Նա զուգահեռներ է անցկացնում այլ երկրներում տարբեր ժամանակներում տեղի ունեցած հեղափոխությունների միջեւ։ Օրինակ, ըստ Ջալոյանի, ռուսական հեղափոխությունը կարող էր գնալ երկու ճանապարհով՝ դեմոկրատական սոցիալիզմի կամ տոտալիտար սոցիալիզմի։ Նույնը, նրա կարծիքով, վերաբերում է ֆրանսիական հեղափոխությանը, որը կարող էր գնալ Բոնապարտի կամ Յակոբինյան ճանապարհով։ Ինչ վերաբերում է դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններին, ապա Վարդան Ջալոյանի կարծիքով՝ դրանք հանրաքվե էին՝ հօգուտ հեղափոխության։ «Կյանքը ցույց տվեց, որ վեց ամիս հետո էլ ժողովրդի մեծամասնությունը պաշտպանում է հեղափոխությունը։ Այդպիսի հանրաքվեի նման մի բան էին նաեւ 1991թ․ ՀՀ նախագահի ընտրությունները։ Շատ կարեւոր է, որ հանրաքվեի ոգին շարունակի պահպանվել, որովհետեւ այդ ոգին ցույց է տալիս ժողովրդի մասնակցությունը քաղաքականությանը։ Սա ոչ թե պայքար էր ծրագրերի միջեւ, այլ հեղափոխության հաղթանակի, որովհետեւ բոլոր կուսակցությունները միարժեքորեն ողջունում են հեղափոխությունը»,- նկատեց մշակութաբանը։

1991թ․ տեղի ունեցան ՀՀ նախագահի ազատ, արդար ընտրություններ, սակայն հետագայում ընտրական համակարգն այլասերվեց, ընտրություններն անցան կեղծիքներով եւ դրանց ուղեկցվող զանգվածային բողոքի ցույցերով։ Ո՞րն է երաշխիքը, որ իշխանությունն ու հասարակությունն իրենց մեջ կգտնեն բավարար իմունիտետ՝ ապագայում եւս ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար։ «Եթե վերցնենք Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակը, ապա հեղափոխության միջոցով իշխանության եկած լիդերները երկար ժամանակ չեն կարող պահել իշխանությունը։ Ժողովուրդը, դժգոհ լինելով, կարողանում է փոխել նրանց։

Կա այսպիսի երեւույթ՝ Generation Z․ դա այն սերունդն է, որը ծնվել է 90-ականներից հետո, դաստիարակվել է համակարգիչների միջոցով։ Եվ այսօր հեղափոխության ժամանակ այդ սերունդն էր, որ հայտարարեց՝ մենք չենք ուզում ապրել հին սերնդի կանոններով, մեր սերունդն ուզում է ապրել իր կանոններով։ Դա առանձնահատուկ սերունդ է՝ իր բնավորությամբ, իր տեսակով եւ հմտություններով։ Նրանք սովետական մարդիկ չեն, որոնք չեն կարող ինքնուրույն լինել։ Այդ սերունդը լավ իրազեկված է գուգլի եւ «Վիքիպեդիա»-ի միջոցով, իսկ դա փոխում է նաեւ քաղաքական մշակույթը»,- ասաց Վարդան Ջալոյանը։