Շուրջ երկու տասնյակ ներդրումային ծրագրեր բացառապես իմ նշանակումից հետո են ձեռք բերվել մարզում

Շուրջ երկու տասնյակ ներդրումային ծրագրեր բացառապես իմ նշանակումից հետո են ձեռք բերվել մարզում

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր մեզ հետ զրույցում հպարտությամբ թվարկեց, թե ինչ ներդրումներ են կատարվել իր ղեկավարած մարզում իր իսկ պաշտոնավարման ամիսներին։

«Անշուշտ, կան ներդրումներ։ Պիտի սկսեմ հյուրանոցային և տուրիզմի ոլորտից։ Այս պահին երկու խոշոր հյուրընկալության ձեռնարկությունների ներդրումներ են մեկնարկել մարզում։ Մեկը Երևան-Սևան մայրուղու Արզնիի վարչական տարածքում է, եթե արդեն նկատել եք՝ հողային աշխատանքներ են ընթանում, իսկ մյուսը շատ շուտով կմեկնարկի Խոտորջուր կոչված հատվածում, Հանքավանում է դա գտնվում, 10-12 մլն դոլարի ներդրման պայմանավորվածություն ունենք, և հուշագիրն էլ շուտով կստորագրվի՝ 160-180 աշխատատեղի ակնկալիքով։ Արզնիում ակնկալվում է 50-60 աշխատատեղ»,- Hraparak.am-ի հետ զրույցում ներդրումային ծրագրերը թվարկեց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ 

Մյուս ներդրումը, ըստ նրա, ինտենսիվ այգեգործության և տեխնոլոգիական գյուղատնտեսության ոլորտում է։ «Կոնկրետ այս տարի սկսվել է չորս համայնքներում 17 հեկտար ջերմոցային տնտեսությունների հիմնադրումը, ինչպես նաև շուրջ 100 հեկտար տեխնոլոգիական ինտենսիվ այգու հիմնադրման հողային ձևակերպումների աշխատանքների մեջ ենք։ Սա, մասնավորապես, արաբական կապիտալ է։ Սրանք Աբովյանի և Չարենցավանի տարածաշրջանում են լինելու՝ Արամուսում, Ալափարս և Կամարիս համայնքներում»,- ասաց նա՝ նշելով, որ այս ներդրողները հիմնականում Հայաստանից սերված, դրսում խոշոր կապիտալ ձեռք բերած անձինք են։

- Պարոն մարզպետ, արդյոք մարզում ներդրում կատարելու ցանկություն ունեցող բոլո՞ր գործարարներն են կարողանում Ձեզ հետ կապ հաստատել և իրենց խնդիրներին լուծում ստանալ։ Տեղեկություններ կան, որ դրսից ներդրողներ են եղել, որոնք փորձել են Կոտայքի մարզում ներդրում անել, հողի ձևակերպումների հետ կապված խնդիր է եղել, բայց մարզպետարանից լուծում չի տրվել։

- Ես չգիտեմ՝ ում մասին է խոսքը, բայց ես Ձեզ պատասխանատու կերպով եմ ասում, որ ցանկացած ոք, ով ցանկություն ունի մեր մարզում փոքրիկ արդյունք ստեղծելու, ես պատրաստակամ եմ լիարժեք աջակցությունս հայտնելու։ Դրա վառ ապացույցն այն տասնյակ նախաձեռնություններն են, որոնք թեկուզև իմ լիազորություններից վեր էին, բայց ես միջնորդել եմ փոխվարչապետերին, էկոնոմիկայի նախարարությանը՝ անմիջական հանդիպելու, ընդունելու այդ գործարարներին։ Նաև պիտի ասեմ, որ շատ դեպքերում կան գործարարներ, ովքեր, ներկայացնելով որոշակի ցանկություն՝ ներդրումներ բերելու մարզ, խիստ անհամաչափ ակնկալիքներ են առաջադրում մեր առջև, տասնյակ հեկտարներով անվճար հողերի մասին է խոսքը, առանց որևէ վճարի կամ վարձակալության պայմանագրի արտադրական տարածքներ են ակնկալում, որոնք ինքներդ եք հասկանում՝ հնարավոր չէ։ Նաև ունենք օբյեկտիվ խնդիրներ, համայնքներում չկան այս պահին համայնքապատկան հողեր այդ մասշտաբների, ինչիպիսին ակնկալում են խոշոր տնտեսվարողները, կամ չկան արտադրական տարածքներ պետգույքի կառավարման ֆոնդում կամ համայնքային սեփականության, քանի որ դրանք վաղուց մասնավորեցված են։

- Նախորդ կառավարության օրոք նախագիծ էր հաստատվել՝ Կոտայքի մարզում մեծ աղբավայր կառուցելու համար, բայց այն այդպես էլ չկառուցվեց։ Ի՞նչ եղավ դրա ճակատագիրը։

- Այո, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի համատեղ աղբավայրի մասին է խոսքը, Հրազդանի տարածքում պետք է լինի, շուրջ 12 հեկտար հողատարածքի հատկացումն արդեն եղած է համայնքից, ինչպես նաև միջազգային վարկային ֆինանսավորող կազմակերպության և գրանտային միջոցներով 5.5 միլիոն եվրոյանոց ծրագրեր են, միասին 11 մլն եվրո բյուջեով պրոյեկտ է, որն այս պահին վերակազմավորման փուլում է, տարածքային կառավարման և զարգացման նախարարության կոմպետենցիայի տակ է։ Առանձին ստորաբաժանում կա, որն այս պահին զբաղվում է իրավական կազմավորման աշխատանքներով, որպեսզի պետական մասնաբաժնով ընկերության հանձնարարվի զրոյից կազմակերպելու այդ աշխատանքները։ Սակայն այնպես չէ, որ մենք այս պահին նստած սպասում ենք այդ ծրագրի իրականացմանը։ Երեք խոշոր լոկալ աղբավայրեր ունենք Կոտայքում՝ Աբովյան, Հրազդան և Չարենցավան քաղաքներում։ Բոլոր երեք աղբավայրերն էլ ունեն լիկվիդացիա, ինչպես նաև աղբի վերամշակման ծրագրեր բերելու բուռն բանակցություններ ենք վարում, նույնիսկ պետք է ավելացնեմ, որ գերմանական մի ընկերության հետ կարծես թե արդեն նախնական պայմանավորվածությունը ձեռք ենք բերել և մինչև մարտի վերջ սպասում ենք գերմանացի մասնագետների այցին, որպեսզի առաջինն ուսումնասիրեն Աբովյանի լոկալ աղբավայրի լիկվիդացիայի, ինչպես նաև լոկալ աղբի վերամշակման գործարան հիմնելու հարցը։

- Այդ ներդրումային ծրագրերը սկսվել էին նախորդ իշխանության օրոք և հիմա շարունակվո՞ւմ են, թե՞ իշխանափոխությունից հետո են դրանք մեկնարկել։

- Ես Ձեզ պատասխանատու կերպով կասեմ, որ շուրջ երկու տասնյակ ներդրումային ծրագրեր բացառապես իմ նշանակումից հետո են ձեռք բերվել մարզում, որոնց շուրջ մեկ քառորդի աշխատանքներն արդեն մեկնարկել են։