Արագացուցիչը միավորում է ՀՀ բոլոր վարչապետերին

Արագացուցիչը միավորում է ՀՀ բոլոր վարչապետերին

Մի քանի օր առաջ հնչեղ վերնագրերով լուրեր տարածվեցին, թե վերջապես գործարկվել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը։ Օրինակ՝ «Ազատությունն» իր կայքում այսպես էր ներկայացրել այս «գրանդիոզ» իրադարձությունը․ «Ծանր ու երկարատեւ դադարից հետո վերջապես գործարկվել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը։ Արագացուցչի ու դրա միջոցով քաղցկեղի ախտորոշման ոլորտում հեղափոխություն անելու մասին Հայաստանում խոսում են ուղիղ 10 տարի։ Այս մեգաերազանքի համար միլիոնավոր եվրոյի վարկեր են ծախսվել Բելգիայի կառավարությունից,

Համաշխարհային բանկի միջոցներով կենտրոնն է կառուցվել, Հայաստանը տարբեր թղթերի վրա դարձել էր միջուկային բժշկության տարածաշրջանային կենտրոն․․․»։

Հաղորդում էին, որ Ցիկլոտրոն տեսակի արագացուցիչը հնարավորություն է ընձեռելու տեղում հայտնաբերել ուռուցքային հիվանդությունները, իսկ մինչ այս, հետազոտությունների համար հիվանդները մեկնում էին արտերկիր: Մասնագետները նշել են, որ արագացուցիչը դեռ մի քանի փուլ պետք է անցնի, մինչ լիարժեք աշխատելը, նաեւ անհրաժեշտ են որոշակի ներդրումներ: Սակայն մասնագետները պարզապես ծիծաղում են այս հայտարարությունների վրա եւ ասում, որ արագացուցչի միջոցով ախտորոշում անելը հին պատկերացումներից է՝ գիտությունը, բժշկությունը շատ են առաջ գնացել, եւ նոր տեխնոլոգիաներ կան, որոնց մասին Հայաստանում անգամ պատկերացում չունեն։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համար արագացուցչի թեման բոլորովին էլ նորություն չէ։ Նա անգամ կատակում է այդ թեմայով։ 

«Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը շատ յուրովի միավորում է Հայաստանի գրեթե բոլոր վարչապետներին և նախագահներին։ Մասնավորապես, նրանք սիրում են անընդհատ հանդիսավոր պայմաններում վերագործարկել այս արագացուցիչը։ Նման վերագործարկումից Նիկոլ Փաշինյանին նույնպես չհաջողվեց խուսափել»,-ասաց պարոն Բագրատյանը։ Շարունակելով վերագործարկման թեման՝ Բագրատյանը սարկազմով նկատեց, որ շուտով, հավանաբար՝ հերթական անգամ, հանդիսավոր պայմաններում կվերագործարկվի նաեւ Վանաձորի քիմիական կոմբինատը։ 
Բագրատյանը զարմացած է՝ մի՞թե վարչապետի կողքին կանգնած մարդիկ նրան չեն հուշել, որ արդեն որերորդ անգամ են այս արագացուցիչը վերագործարկում։