Օսիպյանի նկատմամբ շատ ագրեսիվ էին. ՊՊԾ գնդի գործով տուժող

Օսիպյանի նկատմամբ շատ ագրեսիվ էին. ՊՊԾ գնդի գործով տուժող

Այսօր ՊՊԾ գնդի գրավման գործով շարունակվեց տուժողների հարցաքննությունը։ Դատարանի որոշմամբ հրապարակվեցին դատարան չներկայացած տուժողներից չորսի նախաքննական ցուցմունքները։

Առաջին ատյանի դատարանին ներկայացվեց ոստիկանության ծառայակից Դավիթ Գևորգյանի ցուցմունքը։ Նա հայտնել էր, որ գնդի ներսում տեսել է զինված անձանց, որոնք իրեն հորդորել են հանձնվել։
Ըստ տուժողի՝ զինված անձինք եղել են 37-ը։ «Սկզբում կապեցին մեր ձեռքերը, բերեցին Օսիպյանին և Եղիազարյանին, քիչ անց ներս մտավ Պավլիկ անունով անձը և հրահանգեց մեր ձեռքերն ազատել։ Մենք սանհանգույցից օգտվում էինք տղաների ուղեկցությամբ, այդ երիտասարդները թույլատրեցին մեզ զանգահարել մեր ընտանիքների անդամներին։ Երիտասարդները մեր նկատմամբ ագրեսիվ էին, տարեցները՝ ոչ։ Մեզ բոլորիս տարան մի սենյակ և ստիպեցին, որ պառկենք մահճակալներին, զինված երիտասարդներից մեկն ասաց՝ պառկեք պատուհանի տակ, որ առաջինը ձեզ սպանենք»,- նշված էր տուժողի նախաքննական ցուցմունքում։

Նույն ցուցմունքում նշվում էր նաև, որ զինված անձինք ՊՊԾ գնդի տարածքում օգտագործել են ալկոհոլ։ «Գնդի ներսում լսել եմ խոսակցություններ, որ գնդապետ Արթուր Վանոյանին սպանել է ոմն Սմբատ։ Խոսակցություններում լսվում էր, թե ինչպես էին զինված անձինք, այդ թվում՝ Արեգ Կյուրեղյանը, Սմբատին ասում՝ ինչո՞ւ սպանեցիր այդ մարդուն, Սմբատը պատասխանում էր, որ կրակել են իրենց ուղղությամբ, ինք էլ իր հերթին պատասխանել է։

Օսիպյանի նկատմամբ շատ ագրեսիվ էին, տարբեր պահանջներ էին դնում նրա դեմ և իրենց պահվածքով ցույց էին տալիս, որ ինչ-որ շարժի դեպքում նրան նույն պահին կվերացնեն»,- նախաքննական ցուցմունքում գրել էր Դավիթ Գևորգյանը։

Ըստ տուժողի՝ զինված երիտասարդներն այլևս Պավել Մանուկյանին չէին լսում և վարվում էին այնպես, ինչպես ուզում էին։