Երևանում սրճարաններից  ու լիմոնադի  արտադրամասերից են սկսել, Գյումրիում՝ զորամասերից 

Երևանում սրճարաններից  ու լիմոնադի  արտադրամասերից են սկսել, Գյումրիում՝ զորամասերից 

Հանրապետության երկրորդ քաղաքում շուտով գործազուրկների թիվը 5 տասնյակով կավելանա: Բանն այն է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ   Դավթյանի որոշմամբ ՀՀ ՊՆ Գյումրու 
խոհարարական-ուսումնական զորամասը մայիսին տեղափոխվելու է Երևան: Այս որոշոմը ոտքի է հանել ուսումնական զորամասի աշխատողներին: «Իրանք իրանց որոշումը կայացրել են: Մեզ էլ հո  մեր տնից չե՞ն հանելու տանեն Երևան, ասեն՝ աշխատեք: Պարզ չի՞, որ մենք կրճատվելու ենք, էնտեղից մարդիկ կընդունեն: Թուքս բերանումս չորացել է, իմ տունը, իմ վարկերը, երեխուս ուսման հարցերը… սաղ մնաց…»,- սրտնեղած ու հուսահատված ասաց աշխատակիցներից մեկը: «Մենք ըսպես չենք կըրնա թողենք, ճամփա կփակենք, հեչ մարդու չենք թողնի Գյումրի մտնի, տեսնիմ լա՞վ է, թող գան վրեքս կրակեն, պրծնենք: Էս ի՞նչ երկիր դարձրին: Էս քյասիբ քաղաքի մեջ փոխանակ աշխատատեղ ստեղծեն, փակո՞ւմ են… քիչ կմնա՝ Սերժին երանի տանք…:

Տելեվիզորը կաշես՝ Երևանն են քանդում, մարդկանց տարիների ստեղծածը հողին հավասարացրին, էդքան մարդ գործազուրկ մնաց: Լիմոնադի արտադրամասերն էլ հեսա կփակեն… ասա էլ վերջ, էլի…, էնդեղ սրճարաններից  ու լիմոնադի արտադրամասից են սկսել, Գյումրիում էլ՝ զորամասերից»,- վրդովված ասաց զորամասի երկար տարիների աշխատակիցը: 

Զորամասի անձնակազմը մի քանի ատյանների արդեն դիմել է: Գրավոր դիմել են պաշտպանության նախարարություն, նամակ են գրել վարչապետին, ու դեռևս ոչ մի պատասխան: 
Նշենք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այս  որոշումը կայացրել է  պետական գերատեսչություններում սկիզբ առած օպտիմալացման գործընթացի հիման վրա: