Արթնացե՜ք, հողերը տվել ա․․․

Արթնացե՜ք, հողերը տվել ա․․․

Չորս  տարի առաջ այս օրը ողջ Հայաստանը, Սփյուռքը սրտատրոփ սպասում էր, թե ինչ վիճակ է տիրում Շուշիում։ Շուշիի գրավման մասին նախորդ օրը  հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին հղած իր ուղերձում, սակայն հայկական կողմը պնդում էր, որ քաղաքը կողմերից որևէ մեկի լիարժեք վերահսկողության տակ չէ, մարտերն այնտեղ շարունակվում են։ Այն ժամանակ թշնամին թշնամի էր, յուրայինը յուրային։ Ոչ մի հայ չէր հավատում թշնամու հաղորդած տեղեկատվությանը, որովհետև Նիկոլ Փաշինյան գերագույն հրամանատարին  համարում էին հայկական կողմ ու ոգևորվում նրա հայտարարությամբ։ Ֆեյսբուքյան իր էջում նա հայտարարություն էր տարածել, որը վայրկյանների ընթացքում տարածվեց հայաստանյան ողջ հարթակում։ Մամուլը հեղեղված էր նրա ֆեյսբուքյան մեկ տողյա հայտարարությամբ․ 
«Շուշիի համար մարտերը շարունակվում են»։

Ավելի վաղ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, թե Արցախի մեծությամբ երկրորդ քաղաքն ամբողջությամբ դուրս է հայկական կողմի վերահսկողությունից։
«Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս»։ Արցախի պաշտպանության բանակը առավոտյան հայտնել էր գիշերը Շուշի- Քարին տակ հատվածում ընթացած ինտենսիվ մարտերի մասին։

Այդ տեղեկությունն էլ չեզոքացրեց Նիկոլ Փաշինյանի արբանյակներից մեկը՝ Արծրուն Հովհաննիսյանը, մանրամասնելով․ «Շուշիի անմիջական մատույցներում գտնվող Քարին տակի ուղղությամբ հայտնաբերված ադրբեջանական խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվել է»։ Մեկ այլ գրառմամբ էլ տեղեկացրեց․ «Մարտունու, Մարտակերտի և Թաղավարդի և այլ ուղղություններում ադրբեջանական ուժերի հարձակման փորձերը տապալվել են»։ 

Ինչու՞ եմ սա ներկայացնում։ Որ փաստերը համադրելով, հասկանաք, թե խաբեության ինչ գերադրական աստիճանի է ընդունակ այս իշխանությունը։ Որ այսօր խաղաղության կեղծ թեզի տակ նույնը սպասվում է Հայաստանին։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, որը չէր հիշել, որ այսօր Շուշիի անկման օրն է, ծեգը ծեգին, ինչպես յուրաքանչյուր հայ, աչքերը բացել ու կարդացել է, որ հողերը տվելա ու գժվել։  ․․․ Տեղից վեր է թռել, ընտանիքին  արթնացրել ու գոռացել՝ արթնացե՜ք, հողերը տվելա,  սա՜ էիք ուզում, ողջ հողերը  տվելա․․․ Հետո երբ կարդում, տեսնում են, որ խոսքը Արցախի մասին է․․․ Նոյեմբերի 9- նն է։ Դավաճանված օրը։  Սա ի՞նչ է նշանակում։ Յուրաքանչյուր հայ ենթագիտակցորեն սպասում է, որ Արցախը ու Հայաստանի տարածքները հանձնողը հանձնելու է նաև ողջ Հայաստանը։ Հանձնելու է խաբեությամբ, շողոքորթությամբ, լեզվի ճկունությամբ։ Իսկ ես ուզում եմ, որ ձեր ականջին լսելի լինի ժամանակից շուտ արված աքլորի կանչը՝ արթնացե՜ք, հողերը տվելա։ Լռության, անտարբերության պայմաններում չի ուշանա այդ կանչը։ Արդեն հնչում է նախերգանքը․․․