ՀՅԴ-ն իր չադրան բարձրացրեց

ՀՅԴ-ն իր չադրան բարձրացրեց

Այն ամենը, ինչ կատարվում է այսօր մեր երկրում, ունի շատ խորը արմատներ։ Մենք եթե ուզում ենք առաջ գնալ որպես պետականակարող ազգ, պետք է միշտ գիտակցենք ու առանց վերապահումների ներկայացնենք այն իրականությունը, որում տվյալ պահին ապրում ենք։ Մենք պետք է գիտակցենք մեր պատմությունն ու ճանաչենք մեր բազմադեմ թշնամուն։ Հայի տականքների կողքին ունեցանք նաեւ տականք կուսակցություններ, որոնք «հանուն Հայաստանի» կործանում են ոչ միայն մեր պետականությունը, այլ նաեւ սեւացնում բուն հայկականությունը։ Ռոբերտ Քոչարյանի ձեռքով ժամանակին նենգափոխված ՀՀԿ-ն, որն ըստ էության թալանի մեքենա էր դարձել, եւ անփառունակ անցյալ ու ներկա ունեցող ՀՅԴ-ն, իրենց քաղաքական գերեզմաններից նույնիսկ իրենց սեւ գործն են շարունակում անել։ Նախկին երկու նախագահները մեծ թափով Հայաստան էին «կառուցում»՝ գրպանելով ժողովրդի քրտինքն ու տարբեր աղբյուրներից Հայաստան հոսած փողերը։ Արդյունքում ժողովրդի ուսերին մնացին պետական արտաքին հսկա պարտքն ու ավերակված երկիրը։

Նրանք այսօր կեղծում են ամեն ինչ՝ քաջ գիտակցելով, որ հայհոյելով Փաշինյանին՝ հայհոյում են ժողովրդին։ Փորձում են ցույց տալ, որ իրենք ամենատես աչքերով աստղերից են նայում մեր իրականությանն ու իրենց քաղաքական կեղծ պայծառատեսությամբ իբր կանխագուշակում մեր մոտալուտ իշխանական ողբերգությունները։ Ռոբից ու Սերժից հիշատակ մնացած կոռումպացված դատական համակարգը հերթով սրբադասեց թալանի ու սպանդների ռեժիմնիկներին։ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն դրանում իրենց ոչ վաղ անցյալը սրբագրելու հույսեր էին փայփայում, բայց երբ ժողովուրդն սկսեց այդ կաշառակեր դատավորներին իրենց արժանի տեղը ցույց տալ, ու պարզ դարձավ, որ Հայաստանի տնտեսությունը թշնամական նկատառումներով խարխլած ոչ մի իշխանավոր փրկություն չի ունենա, ՀՅԴ-ն իր չադրան բարձրացրեց։ 

Ո՞րն է մեր երկրում չարության ու նենգության աղբյուրը հանդիսացել, իհարկե՝ անարդար արդարադատությունը։ Հեղափոխությունը կարող էր թավշյա լինել ամեն ինչի նկատմամբ, բայց արդարադատությունը, որը պետք է ծառայեր որպես անօրինությունների զտիչ ու դառնար մեր պետականությունը կայունացնող սահմանադրական միակ հուսալի մեքենան, փողերի ու հովանավորչության դիմաց հորով-մորով է արել բոլոր քրեական գործերը՝ ծանր հանցագործներին թողնելով ազատության մեջ։ Մեր նորընտիր իշխանությունների կողմից բարեփոխումներ կատարելն օրակարգային առաջնահերթ ծրագիր չդարձավ։ Տեսած ու լսած կա՞ք, որ Ամերիկայում կամ Չինաստանում դատավորը կաշառվի։ Ժողովրդական հեղափոխությամբ իշխանության եկած վարչապետը, ուրիշ՝ հզոր ու առաջատար երկրների պետական կառույցների օրինակով, մեր երկրում փոփոխություններ կատարելու գործընթացն ուշացրեց, ու մենք քաղեցինք դրա դառը պտուղները։

«Ես խոստացել եմ դատավորների գործերին չխառնվել»․ վարչապետի այս խոսքերը նրա կողմից պաշտոնական անփութության նշան կարող են համարվել։ Ով՝ ով, նա լավ գիտեր, թե այդ համակարգն ինչքան վնաս է հասցրել ու հասցնում մեր պետականությանը։
Այս օրախնդիր հարցերը թողած՝ ԲՀԿ-ն Հայաստանի շների ու կատուների արժանապատվության մասին է մտածում։ Ընդհանուր առմամբ՝ վատ բան չէ, եթե կենդանիներին խոշտանգելու համար քրեական պատասխանատվություն սահմանող, Նառայի մտածած օրենքը հետադարձ ուժ ունենար։ Այդ դեպքում Ծառուկյանի թիկնապահների կողմից նորելուկ, դեռեւս բարի առյուծների վանդակում խոշտանգված, Ծառուկյանի կոնյակի գործարանի համար էժան գներով խաղող աճեցնող գյուղացու ավանակն այն աշխարհից շնորհակալություն կհայտներ ԲՀԿ-ին։  

Մեր քաղաքական իշխող ուժերն անկախության երկու տասնամյակների ընթացքում միշտ հեղինակել են պետականակործան իշխանություններ եւ հետամնաց ու անհեռանկար պետական համակարգեր։ Ժամանակին, երբ հայերն առաջին անգամ ստեղծում էին քաղաքական կուսակցություններ, թուրքերն ուրախանում էին, ասելով՝ հայերի վերջը եկավ․ ցավոք սրտի, նրանք այդ առումով ճիշտ էին։ Բնության հիմնարար օրենքը հակադրամիասնության օրենքն է, որը տարածվում է նաեւ մարդու աշխարհի վրա, որի ճանաչողությունը մենք չենք ունեցել՝ կա՛մ ծայրահեղ թշնամի ենք եղել մեր ազգի համար, կա՛մ հերոս։ Պատմության դասերից մենք ոչինչ չենք քաղել՝ դեռեւս ՀՅԴ ենք խաղացնում։ 

Ո՛չ Տիգրան Մեծի աշխարհակալությունը, ո՛չ հեթանոսությունը, ո՛չ քրիստոնեությունը, ո՛չ հաղթանակները, ո՛չ պարտությունները, ո՛չ Թումանյանն ու Կոմիտասը, ո՛չ սոցիալիզմը... ոչինչ եւ ոչ մեկը մեզ չփրկեց։ Եղեռնը նույնիսկ մեր մեջ ինքնապաշտպանական բնազդ չարթնացրեց։ Ինչքա՞ն կարելի է պարտվել ու տանուլ տալ։ Օրինականությունը մեզ օդի ու ջրի պես պետք է։ «Հրապարակում» շուրջ մեկ տարի առաջ մեր կենտրոնը հանդես եկավ մի հոդվածով, որում նշել էինք, որ «ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքը չիկարելիների» ժողովածու է։ Դա փաստեց նաեւ այն հայտնի քրգործը, որը հարուցվել է 15 միլիոն դոլարի դիմաց այդ «չիկարելիները» որոշ ձեռնարկությունների համար «կարելի» դարձնողներից մեկի՝ Արամ Հարությունյանի դեմ։ Ասածս ինչ է՝ ուզում եմ չգործող հանքեր շահագործել։ 20 միլիոն դոլար հոգեպահուստ ունեմ, հիմա ափսոսում եմ կաշառատվություն անել` հույս ունենալով, որ մեր իշխանություններն այդ «չիկարելիներն» օրենսդրորեն «կարելի» կդարձնեն։ Հիմա ուզում եմ իմանալ՝ քանի՞ միլիոն տարի հետո է այդ օրենսգիրքը «կարելիների» ժողովածու դառնալու։ Չէ՞ որ դա մեր տնտեսության հացն է, այլապես՝ Արամ Հարությունյանին ո՞վ էր գժվել 15 միլիոն դոլարի կաշառք տար։
 Գիտեմ՝ մայթերի վրա բանջար ծախողներին խռիկ տալը մեր իշխանությունների առաջնահերթ խնդիրն էր՝ հայոց պետականաշինության ամենակարեւորագույն քայլը, բայց հանքանյութն էլ պոմիդորից պակաս բան չէ, լավ էլ գին ունի անտերը։

Ժողովուրդ ջան, 12 հազար տարի սպասել ենք, բերեք մի քանի ամիս էլ սպասենք, մեկ էլ տեսար՝ մեր իշխանություններն իշխանություն կոչվածի գործառույթները գիտակցեցին, ու այսօրվա ընդդիմության վայնասունից գլուխներս ազատեցինք։

Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Գրավիտոն» գիտական կենտրոն