Բեժան Մաթուր․ Սեր, որ չկա

Բեժան Մաթուր․ Սեր, որ չկա

Անցյալ տարվա ապրիլին էր, փորձում էի ի մի բերել Հայոց ցեղասպանության թեմայով թուրք մտավորականության արձագանքն ամփոփող նյութերը, ու պատահաբար աչքիս ընկավ մի ձայնագրություն. 

Քանզի ցավը վերջ չունի։ 
Դաշտերն ենք անցնում
Մահն է խոսում։ 
Անտառն ենք անցնում
Մահն է խոսում
Եվ գագաթին լեռների 
Մի վիշտ 
Չի հեռանում մեզնից 
Չի հեռանում մեզնից
Մորմոքը սրտի:

Բեժան Մաթուրն էր, ընթերցում էր իր «Զեյթուն. վերադարձ» բանաստեղծությունը: 

Բեժան Մաթուրը Մերձավոր Արեւելքի ամենավառ կին պոետներից մեկն է, ում ստեղծագործությունները միստիկական են` ներծծված սեփական ժողովրդի պայքարի թեմայով, միաժամանակ շատ սերտ կապված բնությանը եւ հագեցած դիցաբանությամբ:

Ծնվել է 1968-ին, Մարաշում` ալեւի քրդերի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է իր գյուղում, ապա շարունակել ուսումը Գազիանթեպում (Այնթապ): Բարձրագույն իրավաբանական կրթություն է ստացել Անկարայի համալսարանում, բայց երբեւէ չի զբաղվել մասնագիտական գործունեությամբ:

Դեռեւս ուսանողական տարիներին ստեղծագործությունները սկսում են լույս տեսնել գրական պարբերականներում: Նրա առաջին գիրքը՝ «Քամով լեցուն առանձնատներ» (Rüzgar Dolu Konaklar), լույս է տեսել 1996 թ., որը լրիվ առանձնանում էր թուրքական պոետների եւ պոեզիայի հիմնական հոսանքից: Գրքի համար Մաթուրն արժանացել է մի քանի գրական մրցանակի:

Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ավելի քան 24 լեզվով, արժանացել մի շարք գրական մրցանակների:

2005 թ. սկսել է գրել օրաթերթերի համար՝ որպես սյունակագիր: Հիմնական թեմաներն են՝ քրդական քաղաքականություն, հայկական հարց, քաղաքականություն, փոքրամասնությունների խնդիրներ, բանտային գրականություն եւ կանանց հարցեր: 

Ընտրված բանաստեղծությունները Բեժան Մաթուրի վերջին` «Սեր, որ չկա» (aşk/olmayan) ժողովածուից են:

ՍԵՐՆ Է

Ոտքից գլուխ կայծերով լի
Մի գալակտիկայի տակ
Ապաստան գտած սրտովս
Պատմում եմ քեզ:
Որ աստղն է ավելի հեռու,
Որն ավելի մոտ:
Մի տեսանողի նման թվարկում եմ բեւեռները,
Որ աստղի արմատը կբացահայտի մեր ճակատագիրը,
Որ կենդանու հայացքի մեջ կկարդանք գալիքը:
Բնությունն առաջ է ամենքիցս` 
Ասում եմ քեզ:
Այնտեղ գրանցվածը`
Խռիկավորների լաբիրինթոսում
Մեկ առաջ
Մեկ հետ
Ճոճվող ու կանգնողը,
Շունչ չէ,
Սերն է:

ԻՄ ՈՒ ՔՈ ՄԻՋԵՎ

Իմ ու քո միջեւ
Վաղուց հալված ձների
Ծնունդը կա,
Գարունը կա`
Մոր լեզվում պահված:
Իմ ու քո միջեւ
Դեռ անանուն տենչի
Ծագումը կա,
Հայացքի կանչը
Եվ մաշկ չճաշակած ձեռներ:
Իմ ու քո միջեւ
Հեռուների` առ աստված տանող
Դռները կան:
Իմ ու քո միջեւ 
Լեռան է նման վիշտը:
Միայն ցավը թաքցնողն է հավատալու,
Քեզ զգացնել տալու համար
Ժամանակը մաշում:
Թակում է հատ-հատ
Բոլոր դռները քաղաքի:
Եվ սրտում պահածին,
Գիտակցությանը արյան,
Շնչին ձիերի
Ծաղիկներ եմ դնում,
Մայրամուտին
Անվերջի նման սիրտս բացում
Եվ այստեղից մինչեւ Բաղդադ
Կանչում եմ քեզ`
Փլված բոլոր դռների չափ:
Աստղերի անուններից մի ծաղիկ է 
բացվում
Կրծքիս,
Եվ հավերժության նման ժպտացող
Վարդերը
Վարդերն ու խենթությունս…
Կնիք.
Բոլոր բառերը տեղահան եղան,
Ստվար մի մթության 
Տաշած կնիքում
Սահմանվեց ճամփան:
Իմն էիր:
Ես հասկացա.
Եթե սարն է սկիզբը սրտի,
Դաշտերում դու էիր,
Ձորերի պռնկին դու էիր մշտապես:
Ու հիմա էս տառերի պահած սուգը
Այնքան երկար է տեւում, որ
Ձայն չկա,
Լաց չկա,
Բայց կա…

ԴԺՎԱՐԸ

Ամենասկիզբը գնանք`
Կրքին,
Ինձ մոտ եկածդ գիշերվա
Թեւերին:
Ինչպես թռար եւ կանչեցիր ինձ
Այն վիհը
Ու ինչպես թեւեր տվիր:
Հավատալը ամենահեշտն էր,
Գնալը` դժվար:
Հիմա ապշահար կանգնած եմ. 
Եվս մի հույս կոտրվեց,
Ու մեկ ուրիշը չծնվեց:

ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Աստղային փոշուց եմ խոսում ես,
Ծովային ձիերի հպարտությունից,
Մութ ծովերի մեջ դողացող մարջաններն
Էնպես են խոցել սիրտը, որ
Սարերը երկնակամար են քաշվում, երբ նայում եմ:
Հիմա էդ բարձունքին
Վախին հաղթածն
Ու ապագան կերտողը հավեսդ է:
Ո՞ր խոսքով ենք կապված իրար`
Կարոտե՞լ,
Մանկությո՞ւն,
Ձա՞յն,
Ո՞րն ես մնացել քեզ մոտ:
Տիեզերքն է բացել սիրտը
Եվ անսահմանից են տեղափոխվում տառերը
Հրեշտակներին անհայտ իմ տուն:
Եվ կրծքիս տակ մնացած դատարկությունը,
Դատարկությունն ես դու:
 

Թարգմանությունը՝ Կարոլինա ՍԱՀԱԿՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ