Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Վիետնամ

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Վիետնամ

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, ՀՀ կառավարական պատվիրակության ուղեկցությամբ հուլիսի 5-ի վաղ առավոտյան նախ այցելել է Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիր, այնուհետև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի դամբարան: Վարչապետը ծաղկեպսակներ է դրել նախ հուշահամալիրի, ապա դամբարանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով զոհված հերոսների և Հո Շի Մինի հիշատակին:

Այնուհետև վարչապետը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Հանոյի գրականության տաճար, վերջինիս գլխավոր տնօրեն Լի Սուան Քիուի ուղեկցությամբ շրջայց կատարել տաճարում: 

Օրվա երկրորդ կեսին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: