Մենք առանց քաղաքացի ունենալու քաղաքացու օր ենք նշում

Մենք առանց քաղաքացի ունենալու քաղաքացու օր ենք նշում

«Եթե իրականում քաղաքացու օրը ծառայեր քաղաքացի կրթելու նպատակին, ես կողմ կլինեի քաղաքացու օրվան։ Եկեք 365 օրն էլ նշենք որպես քաղաքացու օր այն պարագայում, երբ իսկապես ձևավորված կլիներ քաղաքացի, բայց ես բազմիցս ասել եմ, մեկ անգամ էլ կրկնեմ՝ մարդիկ, ովքեր մեկ տարի առաջ փողով քվեարկության էին գնում և մեկ տարի հետո փակեցին ճանապարհները, այդ մեկ օրվա կամ մեկ ամսվա ընթացքում քաղաքացի չդարձան, մարդը, որ ոտքով բացում է կառավարության դուռը, քանի որ դա արդեն իր կառավարությունն է, դա ամենևին քաղաքացիական կեցվածք չէ։ Երբ մարդուն հրահանգ են տալիս դիմում գրել և դուրս գալ, և ինքը չի պաշտպանում իր իրավունքները, ապա դա ամենևին քաղաքացիական գիտակցության մասին չի խոսում։ Մենք առանց քաղաքացի ունենալու քաղաքացու օր ենք նշում»,- այսօր՝ ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից 1 տարի անց, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Դաշնակցական նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ ասաց, որ չի տեսնում այն նպատակը, որի համար նման տոն է հայտարարվել, սակայն իր զգացածի համաձայն՝ իշխանությունները դրանով ցանկանում են ամրագրել Սերժ Սարգսյանի հրաժարականը․

«Քաղաքացու օր հայտարարելը պետք է ունենա նպատակ։ Ես չեմ տեսնում այն նպատակը, որի համար նման օր է հայտարարվել։ Իմ տեսածը, իմ զգացածն այն է, որպեսզի ամրագրվի ապրիլի 23-ին Սերժ սարգսյանի հրաժարականը և իրենց՝ իշխանության գալու փաստը։ Այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ իշխանություն իր՝ իշխանության գալու օրը տո՞ն է հայտարարելու, օրացույցում մի նոր տո՞ն է ավելացվելու։ Ես դա չեմ տեսնում»,- ասաց Կյուրեղյանը։