Կանխատեսումներ՝ Ռուսաստանի, Իրանի, եւ Թուրքիայի մասին․ Stratfor․ Մաս 2-րդ

Կանխատեսումներ՝ Ռուսաստանի, Իրանի, եւ Թուրքիայի մասին․ Stratfor․ Մաս 2-րդ

Stratfor-ի վերլուծաբանները անհանգստացած են, որ Թրամփի վարչակազմը չափազանց կենտրոնացած լինելու Իրանի վրա, ուշադրությունից բաց է թողնում Չինաստանին ու Ռուսաստանին, որոնց հետ ԱՄՆ մրցակցությունը սկսում է ավելի սրվել։ Բացի տնտեսական պատերազմներից, շատ մեծ է հավանականությունը, որ բախումներ կլինեն Պեկինի ու Վաշինգտոնի միջեւ Հարավ-Չինական ծովում եւ Թայվանյան նեղուցում, քանի որ Չինաստանի ափերի մոտ ավելի ու ավելի աճում է ամերիկյան մերձափնյա անվտանգության ծառայության ներկայությունը։ Մոսկվան այս տարվա երրորդ եռամսյակին ավելի կամրապնդի իր գլոբալ դիրքերը՝ ազդեցության լծակներ ստանալով Վաշինգտոնի վրա։ Ուշադրության կենտրոնում կլինի Իրանը։ Մոսկվան Թեհրանին տնտեսական ու դիվանագիտական աջակցություն կառաջարկի, ԱՄՆ ճնշումներին դիմակայելու համար։ Դա կարող է բերել մաքսանենգ նավթի ցանցերի ստեղծմանը կամ էլ միջուկային էներգետիկայի օբյեկտների կառուցմանը, ի հեճուկս ամերիկյան սանկցիաների, որոնք Մոսկվայի համար անծանոթ չեն։ Չի բացառվում նաեւ, որ Մոսկվան ուղիղ ռազմական աջակցություն ցուցաբերի Իրանին։ Ռուսաստանի համար պակաս կարեւոր չի լինի նաեւ վենեսուելական ուղղությունը։ Մոսկվան, հնարավոր է, որ ավելի շատ զինվորականներ ուղարկի այնտեղ, որպեսզի աջակցի այդպիսով Նիկոլաս Մադուրոյի վարչակարգին։ Սակայն ռուսները ուղիղ ռազմական բախումների չեն մասնակցի, եթե նույնիսկ Գուայդոյի եւ Մադուրոյի միջեւ նման բախում լինի։ Միացյալ Նահանգները կշարունակի սանկցիոն քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ։ Հնարավոր է, որ Վաշինգտոնը հավելյալ սանկցիաներ կիրառի ու հարվածի Մոսկվայի դրամապանակին։ Հիմնական մրցակցությունը այս տարվա երրորդ եռամսյակի ընթացքում, ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ, որպես թատերաբեմ կընտրի Լեհաստանը։ Վաշինգտոնը պատրաստ է Վարշավայի հետ մշտական զորակազմ տեղակայելու պայմանագիր կնքել եւ ընդլայնել իր ռազմական ներկայությունը 1000-1500 զինվորականի չափով։ Եթե ԱՄՆ-ն նման քայլի գնա, ապա Ռուսաստանն իր ազդեցությունը կընդլայնի Բելառուսում։