Սկանդալն ավարտվեց տնօրենի հեռացմամբ

Սկանդալն ավարտվեց տնօրենի հեռացմամբ

Ինչպես ավելի վաղ գրել էինք «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի շուրջ սկանդալ էր հասունացել. Հիմնադրամի ներկայիս տնօրենը՝ Մհեր Խաչատրյանը, որին հոգաբարձուների խորհուրդը ամռանն այդ պաշտոնին ընտրեց, նախկին տնօրեն Ղարիբ Հարությանին մեղադրում է չարաշահումների եւ կեղծ հաշվետվություն ներկայացնելու մեջ: Նախկին տնօրենն էլ իր հերթին մեղադրում էր  ներկա տնօրենին, թե   քաղաքական պատվեր է կատարում՝ վարկաբեկելով իրեն: 
 

Որոշ ժամանակ անց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ. «Հիմնադրամի ֆինանսական գործունեության ներքին մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկին գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում նրա կողմից որևէ չարաշահում չի եղել: Հիմնադրամի տարեկան արտաքին աուդիտի արդյունքները կհրապարակվի ավելի ուշ՝ օրենքով սահմանված ժամկետում»:

Այսօր հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել հեռացնել իրեն պաշտոնից: « Այն պահից սկսած, երբ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարեց ներքին աուդիտի դրական եզրակացության մասին՝ աչք փակելով աղաղակող փաստերի վրա, իմ համար արդեն պարզ էր, որ հաջորդ քայլը լինելու էր իմ հեռացումը: Այդպես էլ եղավ. 12.03.2019թ.-ի նիստին որոշում է կայացվել ինձ հեռացնել տնօրենի պաշտոնից: Սակայն սա բնավ չի նշանակում, որ դադարեցնելու եմ արդարության համար իմ պայքարը:

Ու քանի որ այլևս ընդհանրապես կաշկանդված չեմ իմ գործողություններում հոգաբարձուների խորհրդի կողմից, առաջիկայում հերթականությամբ հանրությանը ներկայացնելու եմ ենթադրյալ չարաշահումների նոր փաստեր…»,-գրել է նա:

Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու արդեն իսկ նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանը, hraparak.am-ի  հարցին ի պատասխան՝ փոխանցեց. «Ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ դիմել եմ իրավապահ մարմիններին, սպասում եմ, որ իրավապահները ստուգումներ իրականացնեն և պարզեն, թե մեզանից ով է մեղավոր: Միայն ստուգումներից հետո նոր կորոշեմ իմ հետագա քայլերը»: