Քոչարյանը չգիտե՞ր, որ մարտի 1-ին ոստիկանները ոչ թե տեղազննում են կատարելու, այլ բռնություններ

Քոչարյանը չգիտե՞ր, որ մարտի 1-ին ոստիկանները ոչ թե տեղազննում են կատարելու, այլ բռնություններ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց, որ երկրորդ նախագահը չի իմացել, որ մարտի մեկի առավոտյան ոստիկանները պատրաստվում էին ցրել ցույցը։ «Պարոն Քոչարյանը երբեք չի ժխտել, և իր գրքում էլ գրված է, որ ամսի մեկի օպերացիայի մասին նա իմացել է, բայց այդ օպերացիայի մասին նա իմացել է որպես տեղազննում։ Ինքը միշտ նշել է, որ ինքը չի իմացել այդ օպերացիան որպես ցրել, որպես բախում», -ասաց պաշտպանը։ Նրան երկու հարց ուղղեցինք։ 

- Եթե Ռոբերտ Քոչարյանը չգիտեր, որ բռնություններ են լինելու, որ ցույցը ցրելու են, ինչո՞ւ, տեսնելով, թե ինչ ողբերգական ձևով զարգացան դեպքերը, հետո ներողություն չխնդրեց։ 


-Մենք այդ հարցին կանդրադառնանք դատաքննության ինչ որ մի փուլից հետո, թե ով ինչ ծավալով պետք է ներողություն խնդրի։ Մենք էլի ի սկզբանե գալիս ենք այն կանխավարկածից, որ ամեն ինչի համար, ինչ կատարվում է երկրում, մեկն է, մի նախագահն է մեղավոր։ Ամսի մեկ ա տեղի ունեցել, որը բոլորիս համար ողբերգություն է։ Ինչո՞ւ անձը դրանից հետո ներողություն խնդրեց, ի՞նչ գործընթաց արեց, չարեց, ովքե՞ր են մեղավորները, որոշ մարդիկ գիշերը լավ են քնել դրա պատճառով, որոշ մարդիկ վատ են քնել՝ դա դուրս է գալիս իրավական գործընթացի շրջանակներից։ Դրա համար ես հիմա չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին։ Հետևյալն է խնդիրը՝ որ մարտի մեկին պետք է լինեին որոշակի գործընթացներ։ Ավելին, գործերից մեկում դատախազն ասում է՝ ինչո՞ւ չեք ավելի շուտ ցրել ցույցը։ Ոստիկանությունը մինչև կարողացել է գործընթաց անի՝ չցրելու մասին է խոսքը, որի արդյունքում ինչ-որ հետևանքներ են եղել, այդքանի մասով կարող եմ ասել, որ այդքանը գիտեր պարոն Քոչարյանը։ Թե ով ինչ գիտեր, ինչ ծավալով, ինչ գործընթաց էր պլանավորվել՝ դա ուրիշ հարց է։ 

-Փետրվարի 23-ից հետո բազմաթիվ երեւանցիներ տեսնում էին զորքեր, զորամիավորումներ, նաև կենտրոնական ռազմակայանում տեղավորված ղարաբաղցիների, զինվորականների, իսկ Քոչարյանն ինչո՞ւ չէր տեսնում։ 

- 0038 հրաման կոչվածը, ամսի 23-ի գործողությունները և ամսի մեկի գործողությունները իրար հետ փոխկապակցված չեն։ Դատախազը փորձ է կատարում ասել՝ տեսեք, դրանք փոխկապակցված են։ Երևանցիներից բացի, բավականին շատ մարդիկ տեսել են, ոնց են երկրապահները կիսազինված քայլում, մտածում մոտենալ, չմոտենալ։ Բոլորդ տեղյակ եք, որ խոսվում էր, որ երկրապահները «ԴեՇեԿա»-ները պետք է դնեն «նիվաների», թե վիլիսների վրա, պետք է գան։ Սա ես ասում եմ, զուտ՝ ոնց որ երևանցիները նա են տեսել, նաև սա են տեսել։ Ես կարող եմ ասել, որ զինված ուժերի զորանոցային կարգավիճակի բերելը բերեց նրան, որ «Երկրապահը» ուղղակի որևէ ռեպրեսիվ գործողություն չարեց դրանից հետո։ Ինչքանով էր դա պայմանավորված, կամ ոչ հրամաններով, ես չգիտեմ, չունենալով հրամանները։ Բայց չունենալով այդ ինֆորմացիան, մենք տեսնում ենք, որ որևէ սարսափելի գործընթաց չկա, որ 0038 հրամանի հիման վրա տեղի է ունեցել զորքերի տեղաշարժ որոշակի կայազորներից այլ կայազորներ։ Երևանի կայազորը միակն է, որի պետը չունի տեղակալներ, որովհետև ինքը տեղակալի մակարդակով է։ Մնացած կայազորներում տեղակալներ են նշանակվել, որպեսզի աջակցի երևանի կայազորի գործընթացին։ Զորքերի ներգրավման գործընթաց որպես այդպիսին չի եղել։ Ամսի մեկին զորքը չի շփվել քաղաքացիների հետ։ Սա Չինաստանի Տյանանմենի հրապարակը չի, կամ Եգիպտոսը, որ զորքը մտցնեն ու ասեն՝ կրակեք քաղաքացիների վրա։

 ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով երկրորդ նախագահի պաշտպանի այս դատողությունը համարում է սին։ «Ցավում եմ, -մեկնաբանեց Արմեն Խաչատրյանը, -որ պրոֆեսիոնալ փաստաբանը մեղադրյալի` իրականությանը չհամապատսխանող տեղեկությունները ընդունել է որպես ճշմարտություն եւ դրանք մատուցում է հանրությանը։ Շուտով կսկսվի գործի` ըստ էության քննությունը, եւ այս պնդումները կհայտնվեն այն վիճակում, ինչ վիճակում որ երեկ, խափանման միջոցի քննության վերջում գլխավոր դատախազի ելույթի ժամանակ։ Կսկսվի դատավարությունը, եւ մեղադրանքի կողմը, այդ թվում նաեւ տուժողները, տուժողների իրավահաջորդները հասարակությանը հիմնավորված ցույց կտան սույն դատողությունների սին լինելը»։