Ֆիննախն առաջարկում է փոփոխել գնումների օրենսդրությունը

Ֆիննախն առաջարկում է փոփոխել գնումների օրենսդրությունը

Ֆինանսների նախարարությունը որոշել է փոփոխել գնումների մասին օրենսդրությունը։ Այն, հիշեցնենք, վերջին անգամ փոփոխության էր ենթարկվել 2017 թվականին։ Փոփոխությունների երկու ուղղություն կա՝ ենթաօրենսդրական ակտերով, որոնք ԱԺ հաստատման կարիքը չունեն, և կարող է ներկայացվել համալիր փոփոխությունների փաթեթ՝ կախված նրանից, թե ինչ առաջարկներ կլինեն։ Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն ասաց, որ իրենք փոփոխությունների շրջանակում ակնկալում են շահագրգիռ հատվածից՝ գործարար հատված, քաղհասարակություն, պատվիրատուներ, ստանալ առաջարկներ, թե ինչ տեսակ փոփոխություններ է անհրաժեշտ կատարել համակարգում։ Բայց նախ իրենք են ախտորոշել համակարգն ու որոշ խնդիրներ վեր հանել, որի կոնտեքստում մշակվել է ենթաօրենսդրութան մեջ փոփոխություն կատարելու նախագիծ և ներկայացվել կառավարության դատին։ Նախագիծը դեռ չի քննարկվել։ «Կարող է լինել նոր օրենք, կարող է լինել օրենքի փոփոխություն՝ կախված է փոփոխությունների ծավալից։ Մենք նախ պիտի ստանանք այդ առաջարկները։ Մեր նպատակն այն է, որ 2019 թվականին հասցնենք այդ փոփոխություններն իրականացնել»,- ասաց Սերգեյ Շահնազարյանը։

Hraparak.am-ը նկատեց, թե  2017-ի փոփոխությունները, երբ լինում էին, ասում էին՝ դրանք միտված են կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն, ատկատները բացառելուն, բայց այդ կոռուպցիոն ռիսկերը շարունակում են մնալ, ատկատների մշակույթը՝ նույնպես։ Հիմա ի՞նչ բացեր են տեսնում գործող օրենսդրության մեջ, որոնք «ատկատի» հնարավորություն են ստեղծում։

«Տեսեք, էդ «ատկատի» հնարավորությունը դա օրենսդրական է․․․ Ինչ մեխանիզմ որ հնարավոր է ներդնել, որը որ մեր պատկերացումը թույլ է տալիս, մենք դա պարբերաբար թարմացնում ենք, ներդնում ենք։ Օրինակ՝ նույն այդ խտրական բնութագրեր կրող ընթացակարգերը։ Մենք հիմա մտածում ենք, որ էդ խնդիրը կարողանանք լուծել և դարձնել հանրային քննարկման առարկա, որպեսզի բոլորս ունենանք էդ պրոցեսին մասնակցելու հնարավորություն»,- ասաց Սերգեյ Շահնազարյանը։

Նրա հետ հարցազրույցն ավելի մանրամասն կարող եք կարդալ վաղը՝ «Հրապարակի» համարում։