Մինսկի խմբի համանախագահների առաջարկներն անսպառ չեն

Մինսկի խմբի համանախագահների առաջարկներն անսպառ չեն

Հարցազրույց «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հեղինակ,  «Հայաստանի կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանի հետ


- Պարոն Ղուկասյան, 7-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքներին հետեւո՞ւմ եք, ի՞նչ սպասելիքներ ունեք։

- Ըստ իս՝ Հայաստանի առջեւ այսօր կան շատ լուրջ մարտահրավերներ՝ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին ոլորտներում, Հայաստանում ձեւավորվող իշխանության մարմինները կարո՞ղ են իրենք այդ խնդիրները կարգավորել, եւ ինչպե՞ս մենք կարող ենք դա տեսնել։ Այսօր, իմ կարծիքով, գնահատելու համար դեռ բավարար ինֆորմացիա չկա, բայց փաստ է, որ տեղի ունեցավ սերնդափոխություն։ Տեղի ունեցավ քաղաքական դաշտի այնպիսի փոփոխություն, որն ամեն ինչ սպիտակ էջից սկսելու հնարավորություն ունի։ Գնահատել, թե իրենք՝ ԱԺ անցած քաղաքական ուժերը, դեռ որքանով են համապատասխանում մարտահրավերներին, վաղ է։ Մենք շատ շուտով ներքին ու արտաքին ազդեցությունը կտեսնենք, եւ դա մինչեւ գարուն հնարավոր կլինի ամփոփել։ Այսօր կառավարության ձեւավորման խնդիր է, եւ դեռ գնահատականներ տալու ժամանակ ունենք։

- Ամեն դեպքում, ելույթներ, դիրքորոշումներ եղել են, օրինակ, տիպիկ արեւմտյան արժեքներ դավանող ՀԿ սեկտորի ներկայացուցիչը, դառնալով պատգամավոր, հայտարարում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը վտանգավոր է։ Արդյոք ԱԺ-ում կա՞ բազմակարծություն ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին խնդիրների հետ կապված։

- Այն, որ մարդիկ հրապարակային դիրքորոշումներ ունեին, որոնցից հիմա հրաժարվում են, այդ երեւույթին հանդիպել ենք հեղափոխությունից անմիջապես հետո։ Երբ սկսեցին ձեւավորվել կառավարման մարմինները, տեսանք, որ քաղաքական գործիչները, որոնք քննադատում էին արտաքին քաղաքականությունը, հայտարարեցին, որ շարունակելու են այն, պահպանելու են եղած ստատուս-քվոն՝ աշխարհաքաղաքական հարցերում 180 աստիճանով։ Սա շատ վատ երեւույթ է, որն իսկապես հարված է հասցնում առհասարակ ընդդիմության վարկանիշին, որովհետեւ ստացվում է, որ ընդդիմությունը հաճախ քննադատում է քննադատելու համար։ Բայց սա փոքր հանգամանք է այն մարտահրավերների նկատմամբ, որոնք սպասվում են։ Եվ հարցն այն չէ՝ իրենք փոխում են, չեն փոխում դիրքորոշումները, այլ այն, թե ոնց են լուծելու մարտահրավերները։ Փետրվարի 2-ին, օրինակ, լրանում է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանին տրված վերջնաժամկետը, եւ դրանից հետո 2 գերտերությունների միջեւ առաջանալու է լրիվ այլ իրավիճակ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր ելույթում անգամ նշեց, որ դաշինքը Ռուսաստանի դեմ ռազմական միջոցներ է նախատեսում կիրառել՝ անհրաժեշտության դեպքում։ Նման աշխարհաքաղաքական միջավայրում Հայաստանը որտե՞ղ պիտի լինի, հայերը պիտի մասնակցե՞ն այդ, պայմանական ասած, երրորդ համաշխարհայինին։ Ո՞ւմ կողմը պետք է լինեն, հնարավո՞ր է չլինել․ սրանք հարցեր են, որոնք այսօր կանգնած են մեր առջեւ։ Մենք այսօր ՌԴ դաշնակիցն ենք եւ ունենք «Իսկանդեր» համակարգ, որը ՆԱՏՕ-ի տեսակետից սպառնալիք է իր համար, եւ սա առնչվելու է մեզ, ու մենք պիտի ունենանք այդ հարցերի պատասխանները։ Վերջերս հնչեց, որ մտադիր են վերանայել Հայաստանի անվտանգության դոկտրինը, որը վաղուց հասունացել է, ու այսօր իսկապես ֆունդամենտալ հարց է։ Հույս ունեմ, որ չի կրկնվի այն, ինչ ունեցել ենք անցյալում, երբ  ԱԺ-ն իրեն մեկուսացնում էր երկրի արտաքին քաղաքականությունը ձեւավորելու հարցերից։ Եվ հանրության համար այդ հարցերը փակ ու անհասկանալի էին։ Նոր խորհրդարանն առաջին հերթին պիտի այդ պատկերը փոխի եւ այն ավելի բաց, թափանցիկ դարձնի։ Սրանք այն հարցերն են, որոնք պահանջում են թե՛ քաղաքական, թե՛ հասարակական մասնակցություն, սրանք տրիվիալ լուծումների խնդիրներ չեն․ մենք իսկապես շատ խորը խրված ենք ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցության մեջ, եւ հիմա լրջագույն հարց է դառնալու նշածս կոնֆրոնտացիան։

- Երեկ հանդիպել են Մամեդյարովն ու Մնացականյանը, իսկ մինչ այս 3 անգամ արդեն հանդիպել էին։ Ռուս փորձագետներից մեկը, օրինակ, հարցնում էր՝ եթե խոսելու բան չկա, ի՞նչ են 10 ժամ արել․ կոնյա՞կ են խմել, թե՞ թեյ։ Այսինքն՝ ընթանո՞ւմ է արդյոք բովանդակային քննարկում, այն պարագայում, երբ մերոնք մի կողմից ասում են, որ պետք է Ստեփանակերտը մասնակցի, իսկ երբ հարցնում ենք՝ իսկ ինչու չի մասնակցում, նշում են, որ հանդիպումների փաստն ինքնին լավ է, քանի որ հանդիպումն իսկ պատերազմը կանխելու միջոց է։

- Դեռեւս 92-ին Հայաստանն ու Ադրբեջանը դիմեցին ԵԱՀԿ-ին՝ խնդրանքով՝ արցախյան խնդիրը կարգավորելու համար, եւ ֆորմատը, որի միջոցով կատարվում է կարգավորումը, Մինսկի խմբի միջնորդական առաքելության միջոցով կատարվող գործընթացն է։ Այն ենթադրում է, որ Մինսկի խումբն անում է առաջարկներ, որոնք կողմերը կա՛մ պետք է ընդունեն, կա՛մ մերժեն։ Եվ այսօր Մինսկի խմբի համանախագահների կողմից կա առաջարկ, եւ Հայաստանը պետք է պատասխանի՝ այո կամ ոչ։ Հայտնի Մադրիդյան սկզբունքների մասին է խոսքը, եւ ոչ մի տեղ այդ կարգավորումը չի կորել։ Այսօր կա հետեւյալ խնդիրը․ կա՛մ կողմերը պետք է համաձայնեն ՄԽ առաջարկին, կա՛մ հնարավոր է, որ փոփոխություններ լինեն։ Անգամ իսկ՝ ֆորմատի փոփոխություն, որովհետեւ Մինսկի խմբի առաջարկները նույնպես անսպառ չեն։ Եվ եթե կողմերը տարիներ շարունակ մերժում են անխտիր բոլոր առաջարկները, ինչ-որ մի կետում ԵԱՀԿ-ն կարող է հրաժարվել իր այդ առաքելությունից, ինչի մասին 2015-ի փետրվարին ասաց Իտալիայի արտգործնախարարը՝ վերցնելով նախագահությունը։ Սա նրա առաջին հայտարարությունն էր առ այն, որ ԵԱՀԿ-ն հակամարտության միակ ձեւաչափը չէ։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ 30 եւ ավելի տարվա ընթացքում սպառեցինք այդ ձեւաչափի կարողությունները, եւ մոտենում է վճռորոշ որոշում կայացնելու պահը․ կա՛մ պետք է Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն ԵԱՀԿ համանախագահների առաջարկին, կա՛մ, եթե հրաժարվում են, գնան եւ այլ ձեւաչափեր գտնեն։ Եվ տրամաբանական է, որ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ այդ պատասխանատվությունը պետք է առաջին հերթին իր վրա վերցնի Արցախի ղեկավարությունը։ Իրենք պետք է որոշում կայացնեն՝ ընդունո՞ւմ են այդ առաջարկը, մերժո՞ւմ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, որովհետեւ համաձայնելը մի հետեւանք ունի, մերժելը՝ մեկ այլ։ Իմ տպավորությամբ՝ սա է, եւ բնական է, որ արտգործնախարարները փորձում են գտնել ինչ-որ ընդհանուր  եզրեր, որոնք կմեղմացնեն 2 կողմի համար էլ հնարավոր հետեւանքները։ Այսինքն՝ քննարկելու բաներ ունեն։

- Բայց չէ՞ որ ստացվում է, որ Փաշինյանը մի բան է ասում, մեկ այլ բան անում են Մամեդյարովն ու Մնացականյանը, որովհետեւ Արցախը չի մասնակցում։

- 92-ին, երբ որոշվեց ԵԱՀԿ ձեւաչափը, որոշվեց, որ պետք է գումարվի Մինսկի կոնֆերանս, որի անդամները պետք է լինեին 10-ից ավելի պետություններ, եւ կոնֆերանսի մասնակիցները պետք է լինեին «Արցախից ընտրված եւ այլ ներկայացուցիչներ»։ «Այլ» ասելով՝ նկատի ունեին Արցախի ադրբեջանական փոքրամասնությանը։ Եվ այդ ժամանակվանից ի վեր ձեւաչափը որոշված է՝ Արցախն այս կոնֆերանսի մասնակից է՝ առանց ձայնի իրավունքի, որպես դիտորդ։ Արցախի ստատուսը 92 թվականից որոշված է, եւ հնարավոր է փոխել դա, եթե Հայաստանը ճանաչի, ենթադրենք, Արցախի Հանրապետությունը։ Իսկ մնացած պարագաներում սրանք ընդամենը խոսակցություններ են։

- Գարնանը պատերազմի հնարավորություն տեսնո՞ւմ եք։ Շատ է խոսվում, որ այս ժամանակահատվածն Ալիեւն օգտագործում է նախապատրաստվելու եւ ինժեներական կառույցներ  է ստեղծում եւ այլն։

- Ժամանակակից աշխարհում պատերազմը՝ իր բոլոր հետեւանքներով, շատ բարդ աշխարհաքաղաքական ու քաղաքական հետեւանքներ ունեցող գործողություն է։ Ադրբեջանը չունի քաղաքական ռեսուրս՝ պատերազմ վարելու Արցախում։ Ադրբեջանը կարողացավ նման գործողությունների դիմել 2016-ի ապրիլին՝ միջազգային դավադրության հետեւանքով, որի մասնակիցը թերեւս եղել է նաեւ ՀՀ ղեկավարությունը՝ այս կամ այն կերպ։ Ապրիլյան պատերազմի մասին, համենայնդեպս ես, խոսում եմ որպես պայմանագրային պատերազմի, երբ կողմերի միջեւ գործում են պայմանավորված սահմանափակումներ։

- Այսինքն՝ պայմանավորվա՞ծ հանձնեցին 800 հեկտարը…

- Հանձնեցին, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծեն «բանակցային տրամաբանության» մեջ, ղեկավարների համար ավելի բարենպաստ քաղաքական իրավիճակ՝ ժողովուրդներին խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը մատուցելու համար։ Խաղաղ կարգավորման հակասություններից մեկն այն է, որ տարիներ շարունակ ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի ղեկավարությունը քարոզում է պատերազմ երկրի ներսում, իսկ բանակցությունների սեղանին քննարկում է խաղաղ կարգավորման գործընթաց։ Եվ երբ սպառվում է այդ քննարկելու ժամանակը, եւ գալիս է ժամանակ կայացնելու, պարզվում է՝ ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում հանրությունը պատրաստ չէ խաղաղ կարգավորման։ Մարդիկ այդ խաղաղ կագավորումն այդպես չեն պատկերացնում, ինչպես քննարկվում էր այս տարիներին։ Եվ 2016-ին Հայաստանի եւ Ադրբեջանի քրեական ռեժիմներն այլ բան չհորինեցին, քան սահմանափակ պատերազմ նախաձեռնելը, որպեսզի իրենց ժողովուրդներին դրդեն փոխելու դիրքորոշումը կարգավորման վերաբերյալ։ Ինչով դա վերջացավ Հայաստանում՝ տեսանք․ նախ զինված ապստամբություն, դա ցնցեց քաղաքական համակարգը եւ հետագայում բերեց նաեւ  Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Բայց այս ամենը հիմա հիմք չունի, որովհետեւ Ալիեւի կառավարությունը զրկված է Նիկոլ Փաշինյանի հետ նման գործարքներ կնքելու հնարավորությունից։ Բացի այդ, Փաշինյանի կառավարությունն առիթ չունի Ալիեւի հետ նման գործարքների մեջ մտնելու։ Այսինքն՝ Ալիեւը 2016-ին կարող էր հարձակվել Արցախի վրա, որովհետեւ իրեն երաշխավորված էր, որ Հայաստանը չի ճանաչի Արցախի անկախությունը, կամ հետադարձ հարված չի հասցնի։ Կամ լուրջ բողոք չի ներկայացնի Ադրբեջանի ղեկավարության դեմ՝ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հետ կապված, եւ չի նախաձեռնի քրեական հետապնդում։