Ինչո՞ւ են հավաքարարին ազատել աշխատանքից

Ինչո՞ւ են հավաքարարին ազատել աշխատանքից

Գավառ քաղաքի բնակիչ Ռուբիկ Մանուկյանը դիմել էր «Հրապարակ» օրաթերթի խմբագրությանը՝ բողոքելով, որ իր կնոջը Ալիտա Թաթոսյանին, ով աշխատել է «Վորլդ Վիժն» Հայաստան ընկերությունում որպես հավաքարար, առանց որևէ պատճառի հեռացրել են աշխատանքից․
«Այդ մարդուն գործից ազատել են կեղծ հոդվածներով, պայմանագիրը վաղաժամկետ դադարեցրել են։ Օգտագործել են ՀՀ Աշխատաքային օրենսգրքի 8-րդ կետը և 8.1 ենթակետը։ Այդ ենթակետը ասում է՝ եթե պատվիրատուն՝ ղեկավարը տեսնում է, որ իր աշխատողը սխալ է աշխատում 2 անգամ գրավոր նկատողություն է անում, իր սխալը տեսնում է ու ստորագրում, որ այդ սխալի տերն է, և 2 օր ժամանակ է տրվում, որ իր սխալը շտկի, եթե չշտկի, նոր այդ մարդու պայմանագիրը կարճեն։ Առանց որևէ բան անելու, միանգամից այդ մարդու պայմանագիրը կարճել են։ Եվս մեկ կոպիտ սխալ․ կարճման փաստաթղթի տակ գրել են Ժիրայր Էդիլյան, բայց անհայտ անձն է ստորագրել, իր ստորագրությունը մեկ այլ փաստաթղի վրա ես ունեմ, ոչ ամիս կա, ոչ ամսաթիվ կա։ Անցած տարվա նոյեմբերի 30-ից մինչ այսօր դատարանը քաշքշուկ է առաջացնում, չի կարողանում կարճել, չի կարողանում իրենց օգտին վճռել, սուտ բաներ է անում»։ 

Մանուկյանը իր կնոջը աշխատանքից ազատելու իր դրդապատճառներն է ներկայացնում։ Նրա խոսքով՝ պատճառ իր աղջկա՝ նույն կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու դիմումն է եղել.

«Այս մի տեղում գովաբանել է, աշխատավարձը պահպանել է, իսկ այս մի տեղում գործից հանել է։ Պատճառը հետևյալն է․ այդ կազմակերպությունում 8 հատ աշխատանքի տեղ բացվեց, իմ աղջիկը 12 տարի աշխատել է որպես գլխավոր հաշվապահ, աշխատել է մարզպետի օգնական էլ։ Իմ աղջիկը հայտ ներկայացրեց, որ ինքն էլ ընդունվեր այդտեղ, աշխատեր։ Դիմումին չէին պատասխանել, իմ աղջիկը ըմբոստացել էր, թե ո՞րն է պատճառը, որ դիմումին չեն պատասխանում, ես քննություն եմ հանձնել, ասել ես՝ գերգերազանց է, պատճառն ի՞նչն է, որ ինձ չընդունեցիք։ Այդ կոնֆլիկտի պատճառով մորը ազատեց աշխատանքից: Ոչ մի պատճառ չեն բերել, թե ինչու աշխատանքի չեն ընդունել, ոչ էլ դիմումին են պատասխանել»։  

Կապվեցինք Ժիրայր Էդիլյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ Ալինա Թաթոսյանի հետ աշխատանքային պայմանագիր չեն ունեցել, այլ ծառայություններ մատուցելու պայմանագիր.

«Այդ կնոջ հետ մեր պայմանագիրը ծառայությունների մատուցման պայմանագիր է եղել, ոչ թե աշխատանքային, այդտեղ տարբերություն կա, խնդրում եմ հաշվի առնել։ Ըստ օրենքի տառի՝ տեղեկացվել է նրա աշխատանքային պայմանագրի դադարեցման մասին, և տեղեկացման մեջ նշվել է պատճառը, դրա հիման վրա դադարեցվել է ծառայությունների մատուցման պայմանագիրը»։

Հարցրինք, թե ճի՞շտ է, որ Ալիտա Թաթոսյանին աշխատանքից ազատել են նրա դստեր հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով.

««Վորլդ Վիժնում» աշխատանքի դիմելու կարգ գոյություն ունի, եթե մենք ունենք հաստիք, մենք հայտարարություն ենք կազմում, և հետաքրքրված մարդիկ դիմում են և անցնում են մրցութային գործընթաց։ Մրցութային գործընթացի արդյունքում որոշվում է, թե որ հավակնորդն է ավելի համապատասխանում տվյալ հաստիքին և նրա հետ շարունակվում է տվյալ գործընթացը։ Դուք ճիշտ եք ասում՝ եղել է հայտարարություն, սակայն սխալն այն է, որ «Վորլդ վիժնը» չի աշխատանքի վերցնելիս եղել, այլ մեր գործընկեր կազմակերպություններից մեկը աշխատանքի ընդունելու գործընթաց է արել Գավառ քաղաքում, տիկնոջ աղջիկը դիմած է եղել, և նրան չեն ընտրել, քանի որ չի համապատասխանել, կամ իրենից ավելի ուժեղ հավակնորդներ են եղել։ Դրանից ավել որևէ բան չեմ կարող ասել, միակ բանը, որը ևս մեկ անգամ կրկնում եմ այն է, որ խոսքը մեր կազմակերպության մասին չէ այլ գործընկեր կազմակերպության»։ 

Տեղեկացման փաստաթղթի մեջ որպես հիմքեր են ներկայացվել, որ նա 2 անգամ զգուշացվել է իր աշխատանքը թերի կատարելու մասին։