Ի՞նչ է կատարվում իրանական Ադրբեջանում

Ի՞նչ է կատարվում իրանական Ադրբեջանում

Virtualaz.org-ը, հղելով իրանական Ադրբեջանի իր աղբյուրներին, գրում է, որ վերջին ամիսներին PKK-ի դեմ Թուրքիայում ծավալված ռազմական գործողություններին զուգահեռ թուրք-իրանական սահմանին նկատվում է քրդական PJAK զինված խմբավորումների աննախադեպ ակտիվություն:

Ուրմիայի, Սալմաստի եւ Խոյի շրջաններում քուրդ զինյալները հարձակումներ են գործում տեղական թրքախոս բնակչության վրա՝ պարտադրելով լքել գյուղերը: Իրանական Ադրբեջանի նահանգապետ Մահամադ Մեհթի Շահրիյարին, որն ազգությամբ քուրդ է, ըստ տեղեկությունների, որևէ կանխարգելիչ քայլ չի ձեռնարկում: Ավելին, նրա անմիջական ցուցումներով հարձակման ենթարկված գյուղերում անջատվում են էլեկտրականությունը եւ ջրամատակարարումը:

Վերջին երկու օրվա բախումների հետևանքով զոհվել է անռնվազն երեք թուրք-ադրբեջանցի, տասնյակ ուրիշներ վիրավորվել են: Տեղաշրջանը, որտեղ արձանագրվել են քուրդ զինյալների և թրքախոս բնակչության բախումներ, սահմանամերձ է Նախիջևանին, որտեղ վերջերս տեղի են ունեցել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ:

Բացառված չէ, որ դրանք անցկացվել են նաեւ Իրանում իրավիճակի սրման ռազմական հետեւանքների հաշվարկով, եւ իրանական կողմը ներկայումս պարզապես քայլեր է ձեռնարկում իր անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Եթե իրավիճակը սրվի, ապա մեծ է հավանականությունը, որ լարվածությունը տարածվի նաեւ Նախիջեւանում:

Այդ սցենարը հավանական է պատկերվում մանավանդ Սիրիայի հարցում Թուրքիայի եւ Իրանի միջեւ խորացող տարաձայնությունների համատեքստում: Իրանական Ադրբեջանը կարող է վերածվել թուրք-իրանական դիմակայության գոտու՝ դրանից բխող տարածաշրջանային սպառնալիքներով հանդերձ: