ԲՀԿ-ի նախագիծն ավարտվել է «ռազբորկայով»

ԲՀԿ-ի նախագիծն ավարտվել է «ռազբորկայով»

Երեկ ԱԺ-ում Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած «Կենդանիների պաշտպանության մասին» նախագծի քննարկումը վերջացավ տղայական «ռազբորկայով»։ Իմքայլականները սկսեցին իրենց հարցերը ձեւակերպել հեգնանքով ու քաղաքական ենթատեքստերով՝ մտովի հասնելով ընդհուպ Ծառուկյանի առյուծներին, ինչը դուր չեկավ ԲՀԿ-ական պատգամավորներին։

Վերջիններս սկսեցին իրենց ելույթներով հասկացնել «Իմ քայլի» ջահելներին, որ թեման չանլրջացնեն ու ավելորդ հեգնանք ու ենթատեքստ չդնեն իրենց հարցերի մեջ։ Ամենակրքոտ ու բորբոքված ելույթն ունեցավ Գեւորգ Պետրոսյանը, ում հասցեին դահլիճից ռեպլիկներ բաց թողեց «Իմ քայլից» Վաղարշակ Հակոբյանը։ Պետրոսյանը վերջում դիտողություն արեց նրան, թե՝ «Դուք էլ տեղից մյուս անգամ հանկարծ ինձ չընդհատեք»։ Սրան արձագանքեց Հակոբյանը, ու տեղում «բոլոլա» սկսվեց։ Իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները որոշեցին իրենց հարցերը լուծել դահլիճից դուրս՝ տղայական խոսակցության մակարդակով։ Եվ երկու խմբակցությունների տղամարդիկ՝ խոժոռ ու վրդովված դեմքերով կտրուկ դուրս եկան դահլիճից՝ քայլելով, դեպի Վաղարշակ Հակոբյանի կաբինետ։ Բայց որպեսզի ավելորդ թամաշա չլինի, եւ ավելի չթեժանա վեճը, որոշեցին ճիշտ կլինի, որ Պետրոսյանն ու Հակոբյանն առանձնանան, առանց կողքի «ուժերի» խոսեն, իրար հասկանան։ Մենք տեղեկացանք, որ պատգամավորների «ռազբորկան», ի վերջո, ավարտվել է հաշտությամբ՝ առանց «զոհերի»։   

Նշենք, որ նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք կցուցաբերեն, կխեղդեն, կտանջեն, կհարվածեն կամ տանջամահ կանեն, կամ փորձարկումների կենթարկեն նրանց։ Օրինախախտները կպատժվեն տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: