Մանվել Գրիգորյանը գրավով ազատ կարձակվի՞

Մանվել Գրիգորյանը գրավով ազատ կարձակվի՞

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդության քննությունը՝ տասը միլիոն դրամ գրավով ազատ արձակել նրան, ավարտվեց, որոշումը կհրապարակվի երկուշաբթի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ որեւե ակնկալիք չունի Մարինե Մելքոնյան դատավորից:  
Խոսելով Գրիգորյանի առողջական վիճակից՝ նշեց. «Պարոն Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է, ընդ որում՝ կուզեի ուրիշ լույսի ներքո նայենք. մենք խոսում ենք կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններով հիվանդ մարդու մասին: Շնորհիվ Մարինե Մելքոնյանի, որը կալանքը տվող դատավորն էր, դեռեւս անցած տարի ունեցել է ձեռքի տակ փաստաթղթեր, որ ունի շաքարային դիաբետ, ունի քաղցկեղ, հեռացված թոք, այն ժամանակ շաքարը յոթ էր եւ չէր ստանում ինսուլին, կալանքի հետեւանքով էսօր ունենք պատկեր՝ հարյուր տասը միավոր ինսուլին, սա նշանակում է, որ նախագահող դատավորը, իմ կարծիքով՝ միտումնավոր հետամուտ է եղել, որպեսզի խոշտանգվի Մանվել Գրիգորյանը կալանքի մեջ, ես տեսնում եմ կոնվեցիոն իրավունքը խախտող դատավորի»: 

Հիշեցնենք՝ Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ավելացված մեղադրանքով՝ Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել է հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր:

Մանվել Գրիգորյանը կալանավորված է, նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։