Իշխանության պատգամավորին նեղը դրեցին, նրան օգնեցին հուշարարները

Իշխանության պատգամավորին նեղը դրեցին, նրան օգնեցին հուշարարները

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն անցավ բուռն մթնոլորտում։ Ի պատասխան ընդդիմադիր գործընկերների հարցադրումների՝ իշխող ուժի ներկայացուցիչները հարցերի մեծ մասին բովանդակային պատասխաններ չտվեցին։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ կոնկրետ քանի՞ հաստիք կամ աշխատատեղ է կրճատվելու, որքան խնայողություն է բյուջեն անելու այս կրճատումների հաշվին։

Սակայն Արտակ Զեյնալյանը մի քանի անգամ խույս տվեց պատասխանից՝ այդպես էլ չնշելով կոնկրետ թիվ։ Միայն տեղեկացրեց, որ առաջին փուլով մի քանի տասնյակ աշխատող է կրճատվելու, երկրորդ փուլում՝ մի քանի հարյուր։

«Նախարարություններ են միացվում՝ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի, ինձ ով կբացատրի այսօրվա կրթության  նախարարն ի՞նչ կապ ունի սպորտի հետ, լավ, որ միացնում ենք, հեչ նշանակություն չունի ղեկավարների համապատասխանությունը ոլորտին»,-պատգամավորը կասկածի տակ դրեց, որ մի մարդ կարող է արդյունավետ կառավարել սպորտի, գիտության, մշակույթի, կրթության ոլորտները միաժամանակ։

«Այդ դեպքում եկեք երեք նախարարություն թողնենք, մեկը ծախսերի, մյուսը ձեռքբերումների, մյուսն էլ դուխով առաջ գնալու»։

Արտակ Զեյնալյանը բացատրեց, թե ի՞նչ կապ ունի նախարարը սպորտի հետ։ Նա նշեց, որ չեն կարող մի ղեկավար ասել որևէ երկրում, որ իր ենթակայության տակ բոլոր ոլորտներին նույն հավասարությամբ առնչություն ունի։

«Նախարարները քաղաքական պաշտոններ են, տեղակալներ կան, որոնք պատասխանատու ենք ոլորտի համար»,-ասաց նա։ «Դուխով առաջ գնալու» նախարարության մասին, նշեց, որ երկիրն ունի շատ ավելի բարձր մակարդակի կառույց՝ ԱԺ-ն, ոչ թե ընդամենը նախարարության մակարդակ։
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցի հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց, թե վարչապետն ուժային երկու կառույցները՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն դարձնելու իր խոստումն ինչու չի կատարել ։

«Վարչապետի թեկնածու Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ։ Ուզում եմ իմանալ՝ ո՞րն է պատճառը, որ վարչապետի խոստումը չեք կատարում՝ որպես իշխող ուժի վարչության անդամ, ի՞նչ է փոխվել խոստումից հետո, գուցե որևէ ճնշման ներքո՞ է, որ այդ խոստումը չի կատարվել»,-ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանն ասաց, որ այս այդ բացառիկ իրավունքը կառավարությանն է տված, և կառավարությունն ինքն է որոշում, ինչ կառուցվածք կունենա։
«Ինչու ուժայինները՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն չդարձան՝ համոզված եմ, որ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ եկել է համոզման, որ իր ծրագրի իրացման համար այս կառուցվածքն է պետք: Հաջորդ փուլում արդյո՞ք անհրաժեշտ կլինի, որպեսզի նախարարություններ դառնան՝ չեմ կարող ասել. գուցե կառավարությունը նորից օրենսդրական

Էդմոն Մարուքյանն արձագանքեց, որ չի վիճարկում որոշումը։ «Հարցս վերաբերում է նրան, որ վարչապետի թեկնածուն խոստացել է ԱԺ ամբիոնից, որ ուժային կառույցները նախարարություններ են դառնալու։ Ինչո՞ւ չի կատարվել, բա՞ն է փոխվել, որ խոստումը վերանայվել է և  հետևանք չի ունենա»,  -կրկնեց։ Խմբակցության այլ պատգամավորների հուշումներից հետո  Հովակիմյանը  պատասխանեց, որ եթե նա վարչապետին հարցը տա, մանրակրկիտ պատասխան կհնչի, թե ինչու է կառավարությունն այս կառուցվածքը ներկայացրել։ «Դուք հնարավորություն ունեք վարչապետին հարց ուղղել և պատասխանը լիարժեք կբավարարի, անբավարարության զգացողություն չեք ունենա»։