Հրայր Թովմասյանը՝ Քոչարյանի և Նիկոլի արանքում

Հրայր Թովմասյանը՝ Քոչարյանի և Նիկոլի արանքում

Սահմանադրական դատարանը կասեցրեց Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները եւ խորհրդակցական կարծիք ստանալու նպատակով դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկյան հանձնաժողով։ Հիշեցնենք, որ այս հոդվածով Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Վարույթը կասեցնելու վերաբերյալ ՍԴ որոշումն անսպասելի էր, մանավանդ, որ հուլիսի 10-ին այդ կառույցից այլ տեղեկատվություն էինք ստացել՝ որ Դավիթ Գրիգորյանի դիմումը մասամբ վարույթ է ընդունվել, իսկ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով այն մերժվել է։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը վստահեցնում է․ «Որոշումներում հակասություն չկա»։ Այլ հարցերի հրաժարվում է պատասխանել՝ ուղղորդելով մեզ ՍԴ կայքէջ։

Հիշեցնենք․ դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ էր դիմել մայիսի 20-ին։ Երկու ամսում ՍԴ-ն այդպես էլ չկողմնորոշվեց՝ կասեցնո՞ւմ է վարույթը սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ հոդվածով, թե՞ մերժում է։ Հրայր Թովմասյանն այդպես էլ չկարողացավ որոշել, թե նժարի որ կողմը բռնի՝ Քոչարյանի՞, թե՞ Նիկոլի, եւ օգնության կանչեց Վենետիկի հանձնաժողովն ու ՄԻԵԴ-ը։

ՄԻԵԴ դիմելու ընթացակարգը նոր է

Ազգային դատարանների կողմից ՄԻԵԴ դիմելու այս ընթացակարգը նոր է ընդունվել։ Այն ուժի մեջ է 2018 թվականի օգոստոսի 1-ից եւ բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունից, որի նպատակը ՄԻԵԴ-ի եւ ազգային իշխանությունների միջեւ փոխգործակցության մակարդակն ընդլայնելն է։

Այս արձանագրության առաջին կետով սահմանված է, որ բարձրագույն դատարանները «կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքների եւ ազատությունների մեկնաբանման կամ կիրառման սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիքների տրամադրման համար»: Հայաստանն այս արձանագրությունը վավերացրել է 2016 թվականին։  

Եղե՞լ է արդյոք դեպք, որ Հայաստանի ՍԴ-ն դիմի ՄԻԵԴ՝ որեւէ խորհրդատվություն ստանալու համար։ Հարցին պատասխանելով՝ միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ Հայաստանն առաջին անգամ է այս ընթացակարգով դիմում ՄԻԵԴ։ Մեկ դիմում էլ եղել է Ֆրանսիայից։ «Այս արձանագրությունը շատ երկար, մի երկու տասնամյակի քննարկման արդյունք է, թե արդյոք կարելի՞ է ազգային դատարաններին իրավունք տալ կոնկրետ գործերով խորհուրդ հարցնելու, եւ, ի վերջո, դա ընդունվե՞ց։ Իրավաբանության մեջ սա բավականին պրոգրեսիվ քայլ է եւ ավելի է ուժեղացնում ՄԻԵԴ-ի կապերն ազգային դատարանների հետ։ ՄԻԵԴ-ն աշխատում է գործադիր իշխանության մարմինների հետ, ասենք, արդարադատության նախարարության։ Բայց կա նաեւ պահանջ՝ ուժեղացնելու կապերը ազգային բարձր դատարանների հետ՝ սահմանադրական եւ վճռաբեկ։ ՍԴ-ն օգտվեց այդ հնարավորությունից»,- ասում է իրավաբանը։

ՄԻԵԴ-ը կարող է եվ մերժել

Արա Ղազարյանին մի քանի հարց էլ տվեցինք։

- Այսինքն՝ Դուք դրակա՞ն եք գնահատում ՍԴ-ի քայլը։

- Այո, սա նշանակում է, որ մինչեւ գործը ՄԻԵԴ հասնելը, ՍԴ-ն ճիշտ կկողմնորոշվի՝ հարցն այնպես լուծել, որ կոնվենցիան սխալ չկիրառի։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը հիմնվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի վրա, հակառակ դեպքում նրանք չէին կարող դիմել ՄԻԵԴ։ Նրանք կոնվենցիայի մեկնաբանության հարց են բարձրացրել, եւ այդ դեպքում Սահմանադրական դատարանը կարող է դիմել ՄԻԵԴ՝ խնդրելով խորհրդատվություն, թե այս հոդվածը եթե այսպես կիրառենք, արդյոք կհակասի՞ եվրոպական կոնվենցիային, թե՞ ոչ։ Խոսքը միայն Եվրոպական կոնվենցիայի մասին է, ոչ թե մեր Սահմանադրության։ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը կազմում է գործի առանցքը։ Սա այն հոդվածն է, որի վերաբերյալ հասարակության մեջ, ակադեմիական շրջանակներում, իրավակիրառողների շրջանակներում տարբեր կարծիքներ կան, եւ, իրոք, հստակեցման կարիք կա իրավական որոշակիության հիմնարար սկզբունքի ներքո, որն ընկած է ե՛ւ Սահմանադրության, ե՛ւ Եվրոպական կոնվենցիայի հիմքում։ ՄԻԵԴ կարծիքը պարտադիր իրավական նշանակություն չունի, այլ խորհրդատվական բնույթի է։

- Չի՞ նշանակում արդյոք, որ դիմելով ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով՝ ՍԴ-ն  իր վրայից պատասխանատվությունը գցում է այս կառույցների վրա։

- Դա քաղաքական բնույթի մեկնաբանություն է, քաղաքական շրջանակներում հնչող։ Ես ներկայացնում եմ իրավական ասպեկտը։ Քաղաքական գործիչներին որ լսեք, այնքան դավադրությունների տեսություններ կհրամցնեն, որ կխճճվես։ Նրանք իրենց հաշվարկն ունեն, իսկ իրավաբանները՝ իրենց։

- Հնարավո՞ր է, որ Վենետիկի հանձնաժողովն ու ՄԻԵԴ-ը հրաժարվեն այս հարցում խորհրդատվություն տալուց մեր ՍԴ-ին, եւ որքա՞ն կտեւի գործընթացը ՄԻԵԴ-ում։

- Եվրոպական դատարանը դեռ պետք է ընդունելության որոշում կայացնի։ Այնտեղ 5 դատավորներից կազմ կա, որը կորոշի՝ ընդունե՞լ, թե՞ մերժել ՍԴ դիմումը։  

- Այսինքն՝ հնարավոր է, որ մերժի՞։

- ՄԻԵԴ-ը կարող է մերժել, Վենետիկի հանձնաժողովը, սովորաբար, եթե դիմում են, պետք է որ չմերժի, դա հանձնաժողով է, դատարան չէ։

- Որքա՞ն ժամանակ կպահանջվի։

- Առնվազն մի ամիս կտեւի։

ՀԳ․ Հետաքրքիր է, որ Մարտի մեկի գործերով նախկին իշխանությունները նույնպես դիմել են Վենետիկի հանձնաժողով, եւ կրկին խոսքը վիճահարույց 300.1 հոդվածի մասին է։ Արդյունքում 2009 թվականի ապրիլին 7 քաղբանտարկյալների նկատմամբ Քրօր. 300 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը, հանցակազմի բացակայության պատճառով, կարճվեց։