Կես-քայլի վրա

Կես-քայլի վրա

Տոնակատարություններն ավարտվեցին: Մնաց բավական տհաճ նստվածք, որ դրսեւորվեց վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմամբ եւ ԱՀ ԱԽ քարտուղար-ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար «փոխհրաձգությամբ»:

Եւ փորձագիտական տպավորություն ձեւավորվեց, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ կա «խոր, լուռ հակամարտություն»: Ի՞նչ քննարկումներ են եղել Ստեփանակերտում, որ վարչապետ Փաշինյանին մղել են հրապարակայնացնելու անհանգստությունը եւ որոշակիորեն «սպառնալու»: Ո՞րն է տարակարծությունների իրական պատճառը:

Դրանք  այնքան խորն են, որ ԱՀ ԱԽ քարտուղարն իրեն թույլ է տալիս քամահրական խոսե՞լ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի հասցեին: Վիտալի Բալասանյանը հազիվ թե չի կողմնորոշվում, որ Վլադիմիր Կարապետյանը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը: Ինչո՞ւ է Բալասանյանը թերահավատ «վերելակային դիվանագիտության» նկատմամբ: Դա նրա անձնակա՞ն ընկալումն է: Հիմքեր կա՞ն կասկածելու ԼՂ հարցում վարչապետ Փաշինյանի քաղաքականությանը: Ինչո՞ւ Արցախում նույնքան թերահավատ եւ մանավանդ քամահրական չէին խոսում Սարգսյան-Ալիեւ բանակցությունների մասին: Անվերապահորեն հավատում էին, որ Սերժ Սարգսյանը զիջումների չի՞ գնա: Այսօր կասկածում են, որ Նիկոլ Փաշինյանը զիջումների՞ է գնում: Ո՞րն է Երեւան-Ստեփանակերտ բանավեճի առարկան: Արցախը պնդում է, որ բանակցություններ չպե՞տք է տարվեն:

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը գտնում է, որ կա Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի հանրային պահանջ: Արցախյան հանրությա՞ն մասին է խոսքը, թե՞ հայաստանյան: Կամ գուցե նա ցանկացել է «համազգայի՞ն պահանջ» ասել, բայց վերջին պահին մեղմե՞լ է ձեւակերպումը: Ի՞նչ խնդիր է դնում Ստեփանակերտը Երեւանի առջեւ: Խոսքը ֆորմալ ռազմա-քաղաքաղական դաշինքի”, թե” Արցախի անկախության ճանաչման պահանջի մասին է: Կա՞ հարցի նման հանրային ընկալում: Թե ամեն ինչ պայմանավորված է ներքաղաքական նպատակահարմարությա՞մբ:

Արցախի հարցում Հայաստանի գործող իշխանությունն, ըստ երեւույթին, նախապես ուներ պաթետիկ մոտեցում, որը բախվեց միջնորդների հաշվենկատ սառնությանը` ստիպելով գնալ ցավոտ նահանջների: Փաշինյան-Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպումից հիմնական տպավորությունն այն է, որ կարգավորման հայեցակարգը եւ սկզբունքները մնում են նույնը: Դա Ստեփանակերտին չի՞ բավարարում: Իսկ փոխարենն ի՞նչ է առաջարկում Ստեփանակերտը: Եթե կա առաջարկությունների նման փաթեթ, ապա ինչու՞ այն չի հանրայնացվում: Պահը հարմար չէ՞: Իսկ ե՞րբ է գալու այդ պահը: Արցախում նախագահական ընտրությունների մեկնարկի՞ն: Հարցե՜ր, հարցե՜ր, հարցե՜ր… Իսկ Ադրբեջանում, ահա, տպավորվել են, որ «Ղարաբաղում խռովություն է հասունանում, որի թիկունքում կանգնած է Մոսկվան»: Եւ եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա «Բաքուն պարտավորված կլինի միջամտելու, որպեսզի հաստատի կարգուկանոն»: Թե ինչ է նշանակում ադրբեջանական «կարգուկանոնը»` հասկանալի է:

Պարզ է նաեւ, թե ինչի եւ ինչ անձկությամբ է սպասում Ադրբեջանը: Ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները հաճույքով փոխանցել են Սերժ Սարգսյանի միտքը, որ Շուշիի ազատագրմանը նպաստել է ադրբեջանական ներքին գզվռտոցը: Ըստ երեւույթին, Բաքվում այնպես են հասկացել, որ «օկուպացված հողերի ազատագրմանը» մեծապես կնպաստի արդեն «ներհայկական գզվռտոցը»: Իրավիճակը վտանգավորությունից ընդամենը կես-քայլ է հեռու: Պաթետիկան չի կարող լավագույն խորհրդատու լինել: Ոչ էլ` վրեժխնդրության կույր մղումը: Հարկ է միջակայքային հարթակ, հանրային  կոնսոլիդացիա ստեղծել:

Եւ կողմերին, անգամ եթե դրա համար հանրային պարտադրանք պահանջվի, բերել պատասխանատու երկխոսության: Ամբիցիաները թող մնան միջանձնային գնահատականների մակարդակում: Ջրերը պետք է պարզվեն: Այլապես հարկ կլինի եւս մի սերնդի արյուն-քրտինք ջանք: Նման շռայլության ռեսուրս մենք հազիվ թե ունենանք:

Ուստի իրավիճակը պետք է վերադարձվի հանդուրժողականության եւ փոխադարձ վստահության հուն: Կողմերից որեւէ մեկի օգտին ընտրությունը մեծ նվիրում չի պահանջում: Հերոսությունը նրանց միջակայքում լինելն ու իրենով լարվածությունը պարպելը կլինի: Ո՞վ է նա, որ կվերցնի այդ ծանր, բայց հույժ պատասխանատու առաքելությունը: Գուցե Արցախի նախագահի հավանական թեկնածուներից մե՞կը: